CivilNet. Երևանում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի դիմաց, հունիսի 23-ին տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաների գործունեության:
Չնայած կազմակերպիչները հայտարարել էին, թե ակցիան քաղաքական չէ և ուղղված է բիոլաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու լինելուն, սակայն ակցիայի ամբողջ ընթացքում հնչում էին քաղաքական հայտարարություններ և տարածվում ռուսական քարոզչական թեզեր։
Այս ոչ մարդաշատ ակցիան ակտիվորեն լուսաբանել են ռուսական ամենախոշոր ria.ru, tass.ru, lenta.ru, regnum.ru, eadaily.com և Հայաստանում գործող sputnik.armenia լրատվական կայքերը։
Հայաստանում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներն առաջին անգամ չէ, որ հայտնվում են ուշադրության կենտրոնում։ Լաբորատորիաների գործունեության շուրջ «մտավախություններ» մեծամասամբ տարածվում են ռուսական շրջանակներից, և դրանք կրկին ակտիվացել են Ուկրաինայում պատերազմի սկզբից, երբ ռուսական կողմը սկսել է շահարկել Ուկրաինայում գործող բիոլաբորատորիաներում կենսաբանական զենքի մշակման մասին քարոզչական թեզը։
Կարդացեք նաև
CivilNetCheck-ը արդեն իսկ ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում և Ուկրաինայում գործող բիոլաբորատորիանի մասին տարածվող ռուսական կեղծ թեզերին։
Վրաստանում գործող Ռիչարդ Լուգարի հետազոտական կենտրոնի մասին վաղեմի կեղծիքը
Ակցիայի կազմակերպիչ, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է Վրաստանում գործող Լուգարի հետազոտական կենտրոնին և նշել, թե խոսակցություններ են տարածվել, որ այնտեղ արգելված փորձաքննություններ են անցկացվել մարդկանց վրա և բուժման ընթացքում պացիենտներ են մահացել։
«Մասնավորապես, խոսքը 248 պացիենտի մասին է, որոնք մահացել են Հեպատիտ Ց-ի հետ կապված որոշակի բուժում անցնելուց, մինչդեռ ըստ հանրային աղմուկի՝ այդ մարդկանց նկատմամբ հետազոտություններ են անցկացվել` այսինքն նրանք դարձել են փորձաքննության օբյեկտ»,- ասել է Զոհրաբյանը։
Ռուսաստանը Վրաստանում գործող լաբորատորիայի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել դեռ 2013-ին՝ դրա գործարկման տարում, և այդ պահից սկսած պարբերաբար մեղադրում է Վրաստանին այնտեղ տարբեր համավարակների, կենսաբանական զենքերի մշակման և մարդկանց վրա փորձարկումներ կատարելու մեջ։
Հեպատիտ Ց-ի բուժման ժամանակ իբր փորձարկումների պատճառով մարդկանց մահերի մասին տեղեկությունը բազմաթիվ անգամներ հերքվել է ինչպես պաշտոնապես, այնպես էլ վրացական տեղական և միջազգային փաստեր ստուգող կազմակերպությունների կողմից:
Չնայած լաբորատորիան կառուցվել է ԱՄՆ-ի օգնությամբ, սակայն Վրաստանի կառավարությունը հանդիսանում է լաբորատորիայի սեփականատերը և ամբողջապես ղեկավարում է դրա գործունեությունը։ Սկսած 2018-ից՝ լաբորատորիան ֆինանսավորվում է Վրաստանի պետական բյուջեից։
Հերքված անհիմն կասկածը
Զոհրաբյանը նաև հայտնել է թե, «հիմնավոր կասկածներ» կան, որ Հայաստանում գործող բիոլաբորատորիաներում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության աշխատակիցներ են աշխատում։
«Մեր տեղեկություններով՝ հիմնավոր կասկածներ ունենք, որ այստեղ գործում են նաև ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատակիցներ»,- ասել է նա և հայտնել, թե այդ մասին հարցումներ է ուղարկել վարչապետի աշխատակազմ։
Զոհրաբյանի այս կասկածը անհիմն է, քանի որ դեռ 2020-ի ապրիլին արտգործնախարարության նախկին մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հաստատել էր, որ Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում աշխատում են միայն Հայաստանի քաղաքացիներ։
Լաբորատորիայի ռազմական լինելու պնդումները հերքել էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ նշելով, որ այդ լաբորատորիաների նպատակը լրիվ քաղաքացիական բնույթի է․ դրանք փակ չեն հասարակության համար, ինչպես դա թյուրիմացաբար ներկայացված է որոշ հրապարակումներում։
Դեռ 2018-ի սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ռուսաստանցի մասնագետները մուտք են գործել այդ լաբորատորիաներ և համոզվել, որ այնտեղ սարսափելի որևէ բան չկա։
Փաշինյանը հայտնել էր, որ ռուս մասնագետները մշտապես ազատ մուտք կունենան այդ լաբորատորիաներ։
Ռուսական քարոզչություն և հորինված կենսաբանական զենք
Ակցիայի մեկ այլ կազմակերպիչ՝ Հայկ Այվազյանը, որը պարբերաբար հանդես է գալիս Հայաստանում գործող լաբորատորիաների վտանգավորության մասին թեզերով և ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ցույցերով, իր ելույթում պնդել է, թե պատվաստանյութեր արտադրող Pfizer և Moderna ընկերությունները «Ուկրաինայում ռազմական բնույթի հետազոտություններ» են անցկացրել։
«Ավելի մանրամասն տեղեկություն սկսեց հայտնվել, երբ ՌԴ-ն սկսեց իր ռազմական հատուկ օպերացիան Ուկրաինայում։ Այնտեղ փաստաթղթեր հայտնաբերվեցին, օրինակ, որ ԱՄՆ-ում գործող տրանսնացիոնալ կորպորացիաները, ինչպիսիք են օրինակ Pfizer-ը և Moderna-ն, Ուկրաինայում իրականացրել էին ռազմական բնույթի հետազոտություններ»,- պնդել է Այվազյանը։
Այս պնդումը ևս վերցված է ռուսական պետական քարոզչամեքենայից, որը հնչեցրել է ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյա Իգոր Կիրիլովը մայիսի 11-ին տեղի բրիֆինգի ժամանակ։
ՌԴ զինվորական պաշտոնյայի այս հայտարարությունը, սակայն, որևե կերպ չի հիմնավորվել և փաստացի պնդումը ստուգելի չէ։ Թե ուկրաինական, թե միջազգային փաստեր ստուգողները անդրադարձել են այլ նմանատիպ ռուսական քարոզչական պնդումներին և հայտնաբերել, որ դրանք ապացույցներ չունեն։
Այվազյանը նաև ասել է, թե Ուկրաինան պլանավորել է Բայրաքթար տեսակի ԱԹՍ-ների օգտագործմամբ կենսաբանական զենք կիրառել. «Այսինքն այդ Բայրաքթարներով նպատակ ունեին փոշու կամ միջատների տեսքով կենսաբանական զենք ցրել իրենց հակառակորդների նկատմամբ»։
Բայրաքթարների միջոցով վիրուս տարածելու մասին տեղեկության աղբյուրը կրկին ՌԴ ԶՈՒ գեներալ Կիրիլովն է, որը այդ մասին հայտնել էր էլ ավելի վաղ՝ 2022-ի մարտին։ Այս պնդման համար որևէ փաստագրական կամ տեսողական ապացույց կրկին չի տրվել։
Ավելի վաղ ռուսական կողմից արդեն հնչել էին պնդումներ, թե Ուկրաինան պլանավորել կամ արդեն տարածել է վարակներ և հիվանդություններ չղջիկների, սողունների, թռչունների, թղթադրամների, մոծակների, գետերի միջոցով։ Այս բոլոր պնդումներից և ոչ մեկը հավաստի հիմնավորում չի ստացել։
Ինչով են զբաղված Հայաստանում գտնվող լաբորատորիաները
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Գյուղատնտեսության նախարարությանն առընթեր վտանգավոր պաթոգենների ռեֆերենս լաբորատորիաների բացումը տեղի է ունեցել 2016-ի հուլիսին։ Հաջորդ երկու տարիների ընթացքում մարզային կառույցներ են ստեղծվել Շիրակի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։
Հայաստանի և ԱՄՆ միջև իրականացվող Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագիրը հիմնադրվել է վարակիչ և վտանգավոր ախտածիններից ու հիվանդություններից առաջացած ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատելու համար: Այն միտված է ամրապնդելու Հայաստանի հիվանդությունների հետագծման կարողությունները՝ ապահովելով արագ արձագանքումը մարդկանց կամ կենդանիների համար վտանգավոր հիվանդությունների հետագա բռնկումներին։
Լաբորատորիաները ֆինանսավորվել և վերանորոգվել են ԱՄՆ Պաշտպանության նախարարության աջակցությամբ, սակայն ամբողջությամբ պատկանում են Հայաստանին և գտնվում են Հայաստանի կառավարության վերահսկողության տակ։