Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե ես քննությունից խուսափող լինեի, կխուսափեի առաջին 3 օրերի ընթացքում, երբ ձայնագրությունը դրվել էր շրջանառության մեջ». Ավետիք Չալաբյան

Հունիս 24,2022 22:50

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ քննվում էր «Համախմբում» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը:

Հիշեցնենք, որ 2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ:

Մեղադրող դատախազը չէր ներկայացել, բայց դիրքորոշում է ուղարկել, որ խափանման միջոցը փոխելու բողոքը ենթակա է մերժման:

Պաշտպան Արայիկ Հարությունյանն ասաց, որ դատախազի բացակայությամբ նիստը շարունակելուն դեմ չեն, բայց ներկայացված գրության իրավական բովանդակության հետ խիստ անհամաձայն են: Ավետիք Չալաբյանը ցանկացել էր, որ անպայման ներկա լինի դատարանում բողոքի քննությանը: Ուստի դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց՝ նրա ներկայությունն ապահովելու համար:

Ընդմիջումից հետո, երբ արդեն Չալաբյանը ներկա էր, պաշտպան Արթուր Հարությունյանը ներկայացրեց բողոքը՝ ասելով, որ կալանավորման հիմքեր ու պայմաններ ընդհանրապես առկա չեն, նպատակ է դրված Չալաբյանին առանց հիմքի որքան հնարավոր է անազատության մեջ պահել: Դատախազի որոշումը՝ Չալաբյանին կալանավորված պահել, ըստ պաշտպանական կողմի, պատճառաբանված չէ, ուստի հորդորեցին դատարանին Ավետիք Չալաբյանի իրավունքների խախտումը վերացնել:

Նրանք հայտարարեցին, որ ներկայացրել են ԱԺ 5 պատգամավորների, նախկին փոխվարչապետի եւ կազմակերպության երաշխավորություններ, ստացել են դատախազի որոշումը, որտեղ գրված է, որ կալանքի համար հիմք հանդիսացած պայմանները պահպանված են. «Մենք էլ դատողություն ենք անում՝ բա եթե այդ 5 պայմանները վերացված լինեին, մենք ինչո՞ւ էինք ներկայացնում երաշխավորություններ, չէ՞ որ վարույթն իրականացնող մարմինը սեփական նախաձեռնությամբ պետք է վերացներ խափանման միջոցը»,- ասաց Արթուր Հարությունյանը:

Ավետիք Չալաբյանն էլ ասաց. «Որոշման հիմքում գրած է, որ կալանքի հիմքեր հանդիսացող պայմանները պահպանվում են: Անձամբ իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ կալանքը երբեւիցե հիմք չի ունեցել, որովհետեւ իրականացվել է ապօրինի, մոնտաժված ձայնագրության հիման վրա, որում բացակայում է հանցակազմը: Խոսակցությունը գուցե կասկած է առաջացնում, որ ինչ-որ բան է եղել, որը հանցակազմի խնդիր չի պարունակում: Դրանից հետո ներկայացրել են մի շարք փաստարկներ, թե ես կարող է խուսափեմ քննությունից կարող եմ նույն  հանցագործությունը կրկնել, կարող եմ խոչընդոտել քննության ընթացքին եւ այլն: Դիցուք այդ պահին այդ ամեն ինչը կարող էր ունենալ որոշակի ենթադրական իմաստ, բայց 40 օր է անցել իմ կալանքից: Այդ ընթացքում մեզ չի ներկայացվել որեւէ ապացույց, որը մի քայլ առաջ է գնում այդ ձայնագրության մեջ եղածից: Հիմա էլ չի ներկայացվում, կարող է ապացույցները կան վարույթն իրականացնող մարմնի մոտ, բայց մեզ չեն ներկայացնում: Երկրորդը՝ հանգամանքները էապես փոխվել են: Ակնհայտ է, որ մենք ոչ միայն քննությանը չենք խոչընդոտում, այլեւ, ըստ ամենայնի, քննությանը նպաստում ենք բազմաթիվ դրվագներով: Նորից հանցագործություն կատարելու վարկածն ընդհանրապես աբսուրդի ժանրից է, որովհետեւ նախեւառաջ այս պահին ընդունված Քրեական օրենսգրքով ապաքրեականացված է, հիմա ընդունվել է նոր Քրեական օրենսգիրք, որը դեռեւս ուժի մեջ չի մտել եւ հուսով ենք նաեւ ուժի մեջ չի մտնի: Ու այն վերջինը, որ ես կարող եմ խուսափեմ քննությունից ընդհանրապես հնարավոր հիմքերից զուրկ է, որովհետեւ եթե ես քննությունից խուսափող լինեի, կխուսափեի առաջին 3 օրերի ընթացքում, երբ ձայնագրությունը դրվել էր շրջանառության մեջ, իսկ վարույթն իրականացնող մարմինը կամ ոստիկանությունը ինձ բերման է ենթարկել իմ բնակության հասցեից, որտեղ ես հանգիստ սպասել եմ, իջել եմ ներքեւում զրուցել»:

Այս ամենը ներկայացնելով՝ Չալաբյանն ասաց, որ դատախազությունը, երբ կալանքի փաստարկման հիմքում դնում է, որ կալանքի հանգամանքները չեն վերացել, ընդհանրապես չեն էլ եղել այդ հանգամանքները: Եթե ամենասկզբում կային ինչ-որ կասկածներ, այս 40 օրերի ընթացքում այդ կասկածները պետք է վերացած լինեին ու խափանման միջոցը պետք է փոխվեր. «Քրեական գործը պետք է շարունակվեր շատ ավելի խելամիտ ռեժիմով՝ առանց ինձ անիմաստ ազատազրկելու եւ դրանով իսկ հսկայական վնաս հասցնելու այն ամբողջ գործին, որը ես իրականացնում եմ՝ ես մի քանի ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ եմ կամ նախագահ եմ, բարեգործական կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, մեծ ծավալի հանրային ֆունկցիա ունեմ, էլ չասած, որ ընտանիքի հայր եմ, 4 երեխա ունեմ եւ այլն: Եվ այս ամեն ինչը ինձ սահմանափակված է մի պատճառով, որը մինչեւ օրս վարույթն իրականացնող մարմինը չի կարողանում նույնիսկ հստակ բացատրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930