Այսօր Շիրակի մարզի Փանիկ գյուղում «Արի՛ գյուղ» ծխական փառատոնին մասնակցում էին նաև Արփենի համայնքի բնակիչները։ Գյուղմթերքների տոնավաճառին Արփենիի տաղավարը մեծամասամբ ներկայացնում էին կանայք, որոնք ազգային ավանդական ճաշատեսակներն ու գաթաները պատրաստել էին իրենց ձեռքերով։ Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ Արփենիի բնակիչները շատ աշխատասեր են, բայց աշխատատեղ չկա։
«Հող ենք մշակում, կարկուտը տանում է, վառելիքը թանկ, առաջախաղացում չկա», -դժգոհեցին կանայք։
Ըստ նրանց, գյուղի երիտասարդները ստիպված իրենց հացը վաստակում են Ռուսաստանի Դաշնությունում։
«Գյուղի 100 ընտանիքից մնացել են 45-ը»,- տխրությամբ փաստեցին մեր զրուցակիցները։
Գյուղի միակ աշխատատեղը դպրոցն է։ Դպրոցի ուսուցչուհիներից մեկն էլ ասաց, որ իր երկու որդիները դրսում են, երիտասարդները չեն մնում գյուղում, մի բան էլ ծնողներին ժամանակ են տալիս, որ նրանք էլ մեկնեն իրենց մոտ։
«Եթե աշխատատեղ լինի, անպայման կվերադառնան, բայց գյուղում մի տրանսպորտ չկա, ուր մնաց աշխատատեղ։ 5-6 տարի է՝ գյուղը զրկված է տրանսպորտից, սկզբում գյուղում ավտոբուս է եղել է, 5 գյուղերի էր սպասարկում, շատ գոհ էինք, նորմալ աշխատում էր, առավոտյան ժամը 9-ին կտաներ, ցերեկը ժամը 15․00-ն կբերեր հետ։
Իսկ հիմա մարդիկ կան, որոնք սեփական ավտոմեքենաներով են երթևեկում, ովքեր էլ մեքենա չունեն, տեղ գնալը կրակ է դառնում․ ստիպված են ոտքով գնալ։ Էլ ո՞վ կմնա գյուղում, անգամ դպրոցականներին են տանում Գյումրի, գյուղը կտրված է, սա մեր ամենացավոտ խնդիրն է։
Աղջիկներն էլ հարս չեն գալիս գյուղ, մեր սիրուն տղեքին չենք կարողանում աղջիկներ գտնել։ Գյուղի բնակիչները 200-ից ավելի են, հիմա ծնելիությունն էլ շատ ցածր է, ծերացող գյուղ է, բայց շուտով ծերերն էլ չեն մնա»,-ասաց ուսուցչուհին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ