Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղը տալուց հետո տեսա՞ք ոնց հացը թանկացավ». Արթուր Խաչատրյան

Հունիս 24,2022 21:33

Այսօր Ֆրանսիայի հրապարակում կայացած «Դիմադրության» շարժման հերթական հանրահավաքի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ տնտեսական կարճաժամկետ այն լուծումներին, որոնք սպասվում են Հայաստանում՝ իշխանափոխությունից հետո. ի՞նչ կփոխվի բիզնեսի, եւ ՀՀ քաղաքացիների համար: Այս համատեքստում նա անդրադարձավ ՀՀ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, մասնավորաբար, այն հայտարարությանը, որ Հայաստանում միջին աշխատավարձը դարձել է 250 հազար դրամ. «Այս մարդիկ ասում են, որ նվազագույն աշխատավարձը չենք կարող բարձրացնել, այդքան փող չկա: Եթե նվազագույնը չես բարձրացնում, բա միջինը ո՞նց բարձրացավ: Այսինքն, վերեւի սանդղակը բարձրացավ, իր թիմի աշխատավարձը բարձրացավ: Ստացվում է, որ մարդը եկել է իշխանության՝ արդարության ու սոցիալական արդարության խոստումներով, բայց եթե ներքեւի աշխավարձը չի բարձրանում, վերեւինն է բարձրանում, ուրեմն մարդկանց միջեւ անդունդն է մեծանում. աղքատները շարունակում են վատ ապրել, ով լավ էր ապրում, ավելի լավ է ապրում»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանն էլ հայտարարել էր, որ 8,5 տոկոս ինֆլյացիան «ֆանտաստիկ» արդյունք է: «Ո՞նց է ֆանտաստիկ արդյունք, որտեղի՞ց այդ 8,5 տոկոսը հաշվեցին»,- հարց հնչեցրեց Արթուր Խաչատրյանը՝ պարզաբանելով, որ հաշվարկը կատարվել է 450 անուն ապրանքի հաշվով, բայց ոչ ոք այդքան ապրանք չի գնում եւ ամենօրյա սպառողական ապրանքները՝ հաց, կաթնամթերք, մսեղեն, բանջարեղեն եւ այլն, որոնք մեծամասնությունը գնում է, թանկացել են 10-20 տոկոս, իսկ, օրինակ գորգերը, որոնք 1 տոկոսով են թանկացել «բերում՝ մտցնում ես զամբյուղի մեջ՝ ո՞ւմ ես խաբում»:

Տնտեսագետն անդրադարձավ նաեւ ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանումներին՝ նկատելով, որ երբ դոլարի գինը երկու դրամով բարձրանում էր, բոլոր ապրանքատեսակները անմիջապես հինգ տոկոսով թանկանում էին, տարեսկզբի համեմատ 15-20 տոկոսով դոլարի գինն ընկել է, բայց գները չեն իջնում, մի բան էլ շարունակում են բարձրանալ: Արդյունքում, նա եզրակացնում է, որ խնդիրը ոչ թե արտաքին աշխարհում է, ինչպես փորձում է ներկայացնել իշխանությունը, այլ մեր երկրի ներսում, քանի որ տնտեսական մրցակցության եւ մոնոպոլիաների հարցում ոչինչ չեն անում, քանի որ «իրենց սրտի օլիգարխները, ում հետ պայքարում էին, ում տները պիտի վերցնեին՝ վաճառեին, փողը բաժանեին ժողովրդին, ներկրումներով են զբաղված, բայց նրանց հո չեն կպնի»:

Նա նաեւ նկատեց, որ արտահանողների մասով է խնդիր առաջանում, քանի որ դրամի կայունացման արդյունքում, մարդիկ չեն կարողանում ապրանքը դրսում վաճառել, Լարսի անցակետում տուրքերը 65 տոկոսով բարձրացել են, տեղական արտադրանքը թանկանում է, ներմուծվողը՝ ոչ, արդյունքում տուժելու է տեղական արտադրողը: Որպեսզի տեղական արդյունաբերությունը չոչնչանա, Արթուր Խաչատրյանն առաջարկում է խրախուսել արտահանումը՝ ինչ-որ չափով փոխհատուցել եւ խրախուսել ներմուծումը եւ խրախուսել ներմուծման փոխարինումը:

Գյուղատնտեսության մասով էլ նա կրկնեց, որ դա բիզնես չի, այլ պարենային անվտանգության հարց. «Ղարաբաղը տալուց հետո տեսա՞ք ոնց հացը թանկացավ: Որովհետեւ մեր ցորենի 20-25 տոկոսը Ղարաբաղից էր գալիս: Էսօր ընկած մտածում են՝ ո՞նց ցորեն բերեն: Գյուղատնտեսությանը պետք է աջակցել, ոչ թե բանկերին՝ տոկոսադրույք սուբսիդավորելով: Հստակ գյուղատնտեսական ծրագրեր պետք է լինեն»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Էդտեղ հավաքված մարդկանց համար հացի թանկացումը խնդիր չի։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930