Հաշվեքննիչ պալատը հրապարակել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության՝ 2021 թվականի իրականացրած մի շարք ծրագրերի ուսումնասիրության ընթացիկ եզրակացությունը։ Ծավալուն, 100 էջից ավելի զեկույցից առանձնացրել ենք «Խեղաթյուրումների վերաբերյալ գրառումներ» հատվածը, որը վերաբերում է միջպետական ճանապարհների կառուցապատմանը։
Հաշվեքննիչ պալատը ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կառուցում եւ հիմնանորոգում ծրագրում ահռելի չափի խեղաթյուրում է արձանագրել։
Ըստ եզրակացության, գնային փոփոխության հետ կապված կարգավորումը պայմանագրի ընդհանուր պայմանով սահմանված կարգին անհամապատասխան հաշվարկելը եւ բազային եւ ընթացիկ գները այդ գների համար աղբյուր նշված տեղեկագրերում եւ կայքերում նշված գներից այլ գներ ընդունելը հանգեցրել է խեղաթյուրման 813 մլն դրամի չափով։
Հաշվեքննիչ պալատը գտնում է, որ պատվիրատուի կողմից առաջարկված փոփոխության ժամանակ աշխատանքի նոր գինը Կապալառուի կողմից չհաշվարկելու եւ ՀՀ քաղաքաշինության նախարարի 16.06.2008թ.-ի թիվ 41-Ն հրամանով հաստատված կարգին անհամապատասխան հաշվարկելը հանգեցրել է խեղաթյուրման 152 մլն դրամի չափով։ 96 մլն դրամի խեղաթյուրման է հանգեցրել, ինչպես պալատն է նշում, վճարման միջանկյալ վկայականներում պայմանագրային հաստատված ծավալների փոխարեն աշխատանքների համար անհրաժեշտ կոնստրուկցիաների գնի հաշվարկումը։
Կարդացեք նաև
Ժայռային հանույթի եւ հորատապայթեցման աշխատանքների ծավալը, առանց որեւէ փոփոխության, նախագծով եւ պայմանագրով սահմանված ծավալներից 7302.07 խմ-ով ավել հաշվարկելը հանգեցրել է խեղաթյուրման 35,7 մլն դրամի չափով։
Բիտումով կայունացված խիճավազային շերտի նոր գնի հաշվարկներում օգտագործված նյութերի գները ՀՀ ֆինանսների նախարարության ԳՎԻԿ ՊՈԱԿ-ի կողմից թողարկվող ամենամսյա ինֆորմացիոն տեղեկագրերում սահմանված գներից բարձր ընդունելը, 1տ խտացված ասֆալտբետոնե խառնուրդը 1տ չխտացված ասֆալտբետոնե խառնուրդից 1,58 անգամ թեթեւ ընդունելը, 1քմ խտացված ասֆալտբետոնե խառնուրդի պատրաստման համար անհրաժեշտ լցանյութերի ծավալը ինժեների կողմից հաստատված ասֆալտբետոնե խառնուրդների պատրաստման անձնագրերում (բաղադրատոմսերում) սահմանվածից այլ ծավալ ընդունելը, խտացված ասֆալտբետոնի 1խմ-ի կշիռը անձնագրում սահմանված 2555կգ-ի փոխարեն 2476կգ ընդունելը, ասֆալտբետոնե շերտի կառուցման համար անհրաժեշտ մեխանիզմների՝ ասֆալտափռիչի եւ գլդոնների արտադրողականությունը սահմանվածից ցածր ընդունելը, տարբեր պայմանագրերում նույն ընկերության ասֆալտբետոնի արտադրության գործարանի ծախսերը եւ նյութերի տեղափոխման ծախսերը տարբեր ընդունելը հանգեցրել են խեղաթյուրման 114 մլն դրամի չափով։ Այս ծրագրի վերաբերյալ պալատի հրապարակած զեկույցում նախարարության պարզաբանումը չկա, ի տարբերություն այլ ծրագրերի, որոնց դեպքում նախարարությունը պարզաբանում եւ առարկություններ է ներկայացնում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ