Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային խոհանոց, մշակույթ ու գյուղմթերքների արտադրություն ցուցադրող ծխական փառատոն՝ Փանիկում (Ֆոտոշարք)

Հունիս 24,2022 20:40

Շիրակի մարզի Փանիկ գյուղի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում առաջին անգամ անցկացվեց «Արի՛ գյուղ» ծխական փառատոնը, որին մասնակցում էին մի քանի գյուղերի՝ Արևիկի, Արփենիի, Բավրայի, Լանջիկի, Ձիթհանքովի, Հովտունու, Ղազանչիի, Սիզավետի, Սարագյուղի, Մեծ Սեպասարի, Փանիկի բնակիչները, արտադրողները։

Փառատոնի նպատակը հենց այս գյուղերի զարգացմանը նպաստելն է։

Ազգային երգ-պարով, եկեղեցական երգչախմբերի մասնակցությամբ ուղեկցվող գունեղ փառատոնը մեծ հնարավորություն էր ներկայացնելու ամեն մի տեղանքի ավանդույթները, խոհանոցը՝ ճաշատեսակները, հացի տեսակները, գաթաները, բերքն ու բարիքը։ Գյուղթերքի տոնավաճառին ցուցադրության էին ներկայացրել նույնիսկ տվյալ տեղանքների խոտաբույսերը։

Անցկացվեցին նաև կավե իրերի պատրաստման, նկարչության ու ազգային պարի վարպետության դասեր, ցուցադրվեցին նաև ազգային տարազներ։ Հարսանեկան, չարխափան պարերի վարպետության դասին մասնակցեցին գրեթե բոլոր տեղանքների բնակիչները։

Նշենք, որ փառատոնն անցկացվեց Հայկական Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդներ» համայնքային զարգացման ծրագրի շրջանակում:

Կտավատ, կարմիր ոսպ, ոլոռ ու տեղի կաթնամթերքը ցուցադրող Սիզավետ համայնքի արտադրողները մեր զրույցում ասացին․ «Այն գյուղացիները, որոնք աշխատում են, չեն ուզում գյուղից գնալ, իսկ այն մարդիկ, որոնք սովոր են դրսի կյանքին, չեն ուզում գյուղում մնալ։ Տարեկան երկու-երեք ընտանիք գնում է գյուղից»։

Սիզավետում կերակրատեսակները գերադասում են պատրաստել կտավատի ձեթից, որն արտադրվում է տեղում։ Արտադրողները հավաստիացնում են, որ էկոլոգիապես մաքուր գյուղմթերքն անմիջապես սպառվում է, դեռ համացանցում հայտարարություն չտեղադրած՝ տանում են։

Սիզավետի արտադրողները նշում են, որ գյուղում բուժիչ խոտաբույսերը շատ են, լավ կլիներ որևէ մեկը մտածեր դրա արտադրության մասին, գյուղացիներին էլ, որոնք մեծամասամբ անասնապահությամբ են զբաղվում, որպես աշխատուժ ներգրավեր այդ աշխատանքի մեջ։

«Մեր գյուղն ամբողջությամբ դեղաբույսերով շրջապատված է, եթե պահանջարկ լինի, ասեն գնա այս դեղաբույսից հավաքիր, մենք քեզ կվճարենք, գյուղացիները հաստատ այդ գործով կզբաղվեն։ Մարդիկ գյուղում ամբողջ օրը պարապ են, անասնապահությամբ զբաղվողների զբաղվածությունը միայն առավոտյան և երեկոյան է, ուրիշ անելիք չունեն»։

Փանիկ գյուղի արտադրողները ևս այն կարծիքին են, որ էկոլոգիապես մաքուր տեղի արտադրանքն անհնար է սպառում չունենա։

Գյուղում արտադրվող հացն՝ իր 5 տեսակներով, անմիջապես սպառվում է, արտադրողն ասում է, որ այն իրացնում է Փանիկի և Արթիկի խանութներում, պահանջարկն այնքան շատ է, որ մի կերպ է հասցնում բավարարել։

Արտադրողները շեշտում են, որ առանց ավելորդ հավելումների են պատրաստում արտադրանքը՝ թե՛ հացը և թե՛ երշիկեղենը։Երշիկեղեն արտադրելու համար միսը գնում են գյուղացիներից։

Սոկրատ Գրիգորյանը, որը հայրենի գյուղում մսամթերքի արտադրությամբ է զբաղվում, ասում է, որ էկոլոգիապես մաքուր տեղի արտադրանքը 5 տոկոսով թանկ է մյուսներից։ Մոտ 10 տեսակի երշիկեղեն է արտադրում։

«Գնային սեգմենտում մի քիչ բարձր է, բայց բարձր է նաև որակով։ Մեր սպառողը սովոր է էժան ապրանքի, բայց ամեն ինչ իր ինքնարժեքն ունի, եթե էժան է, բնական է, անորակ է։

Չի կարող մի երկրում մսի արժեքը լինի 3000-3500 դրամ, երշիկի մեկ կիլոգրամի արժեքը լինի 1000-1500 դրամ։ Դա բացարձակ տգետ հաշվարկ է, եթե ես արտադրում եմ մաքուր մսամթերք և վաճառում եմ 1000 դրամով, չի կարող լինել նման բան, շատ հանգիստ ցանկացած մարդ կարող է հաշվել։ Էլի եմ ասում՝ եթե միսն արժե 3000-3500 դրամ, երշիկն ինչպե՞ս կարող է լինել 1500 դրամ, գոյություն ունի ինքնարժեք, արտադրական ծախսեր»,-ասում է գործարարը։

Նա այս պահին 4 աշխատատեղ է ստեղծել գյուղում, բայց մտադրված է հասցնել մինչև 10-15-ի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930