Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ռազմավարական նշանակության հայցն ընդդեմ 7 քաղաքապետարանների (մարզկենտրոնների)՝ պարտավորեցնելով իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա բոլոր 13 խումբ տեղեկությունները։
Սա առաջին դատական նախադեպն է Հայաստանում, որը վերաբերում է պրոակտիվ հրապարակայնությանը և հանրային իշխանության մարմինը դատական ակտի հիման վրա պարտավորեցվում կատարել պրոակտիվ թափանցիկություն ապահովելու՝ օրենքով սահմանված պարտականությունը։
Հիշեցնենք, 2017 թ․ հուլիսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի քաղաքապետարանների` նրանց անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և տեղեկատվություն հրապարակելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով: 2018 թվականի դեկտեմբերի 19-ի վճռով դատարանը մերժել էր ԻԱԿ-ի հայցը: Դատարանի որոշումն ԻԱԿ-ը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Շուրջ հինգ տարի ձգվող գործով վերջին նիստը կայացել էր հուլիսի 1-ին, դատաքննությանը ներկայացել էին պատասխանող յոթ կողմերից միայն Իջևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, որի լիազորագրի ժամկետը սպառվել էր, ուստի ըստ էության վերջինս չի կարողացել մասնակցել նիստին։ Դատաքննությունն անցկացվել է առանց մյուս պատասխանողների ներկայացուցիչների մասնակցության։
Կարդացեք նաև
Դատարանն իր որոշումը հրապարակել է հուլիս 22-ին․
1․ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարել։ Թիվ ՎԴ/10811/05/17 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը բեկանել և փոփոխել․ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված պարտականությունները չկատարելու ձևով դրսևորված Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի քաղաքապետարանների անգործության ոչ իրավաչափ լինելու հիմքով պարտավորեցնել Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի քաղաքապետարաններին ինտերնետային կայքերում հրապարակելու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված 13 խումբ տեղեկությունները:
2․ Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի քաղաքապետարաններից համապարտությամբ հօգուտ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության բռնագանձել 14․000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի և վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:
Գործի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ այստեղ։
Հայցադիմումին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոն