Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին տասը տարիների ընթացքում ՄԻԵԴ-ի վճիռների 97 տոկոսը Ադրբեջանը չի կատարել. Էդուարդ Աղաջանյան

Հունիս 24,2022 18:40

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում: Ելույթում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ գործընկերներ,

2021 թ. սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձեւ, որտեղ, ի թիվս այլ ամրագրումների, ասվում էր, մեջբերում եմ.

6.1. Ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանն ունեն հստակ ամրագրված պարտավորություններ՝ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումից հետո անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց:

6.2. Համարում է, որ Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության:

6.7. Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին եւ նրանց վերադարձնել Հայաստան՝ առանց հետագա նախապայմանների:

Հարգելի՛ գործընկերներ, փաստ է, որ հայկական կողմն այս հարցում լիովին կատարել է իր պարտավորությունը՝ առանց որեւէ նախապայմանի՝ վերադարձնելով բոլոր ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց:

Նույն բանաձեւով Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձներ բոլոր ականների քարտեզները՝ այս հարցում հետագա զոհերից խուսափելու նպատակով, ինչը հայկական կողմը կատարել է 100 տոկոսով:

Մենք այդ քայլին գնացինք, քանի որ դա համարում ենք բացառապես մարդասիրական քայլ, որը չի կարող եւ չպետք է սակարկության առարկա դառնա:

Մինչդեռ այս բանաձեւի ընդունումից մոտ մեկ տարի անց Ադրբեջանը դեռ պատանդի կարգավիճակով է պահում առնվազն 38 ռազմագերու՝ Հայաստանի հետ խաղաղության շուրջ ընթացող բանակցությունների ժամանակ քաղաքական որոշ առավելություն ունենալու նպատակով:

Հարգելի՛ գործընկերներ, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ մարդկային կյանքին որպես սակարկության առարկա վերաբերվելու այս սարսափելի եւ ցավալի արարքը 21-րդ դարում իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամ պետության կողմից:

Ուզում եմ հիշեցնել, որ Եվրախորհրդին անդամակցելու պայմաններն են բազմակարծիք ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ հարգանքը, մարդու իրավունքների պաշտպանությունը:

Միայն այն երկրները, որոնք համապատասխանում են այս չափանիշներին, կարող են անդամակցել Եվրախորհրդին:

Ձեր սուբյեկտիվ գնահատականին կթողնեմ մի երկրի բազմակարծիք ժողովրդավարության աստիճանը, որը կառավարում են միեւնույն ընտանիքի անդամներն ավելի քան 30 տարի եւ, ամենայն հավանականությամբ, դեռ 30 տարի շարունակվելու է այս «գեղեցիկ» ավանդույթը:

Այնուամենայնիվ, իմ համոզմունքն այն է, որ ի սկզբանե այս անամոթ պահվածքի պատճառն Ադրբեջանի պատմական արձանագրություններում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների իսպառ անտեսման մեջ է:

Որովհետեւ վերջինս միակ մշտական մեխանիզմն է, որը պետք է երաշխավորի այս կազմակերպությանն անդամակցելու երեք պայմաններից առնվազն մեկը՝ մարդու իրավունքների հարգանքը:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ ամոթալի վիճակագրության վրա. վերջին տասը տարիների ընթացքում ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների 97 տոկոսը չի կատարվել Ադրբեջանի կողմից: Իսկ ամոթալի ասելով՝ նկատի ունեմ ամոթալի այս խորհրդի համար, քանի որ սա ցույց է տալիս, որ այս կազմակերպությունը պետք է պատշաճ քայլեր ձեռնարկեր Ադրբեջանի նկատմամբ նոր հարկադրական մեխանիզմներ ներդնելու կամ ուղղակի մերժելու Ադրբեջանի անդամակցությունն այս կազմակերպությանը:

Ի վերջո, եթե Ադրբեջանի կողմից զրոյական ջանքեր են գործադրվում անդամակցության պայմաններից որեւէ մեկը կատարելու համար, որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու է Ադրբեջանը դեռ Եվրախորհրդի անդամ:

Շնորհակալություն ուշադրության համար»,- ելույթը եզրափակել է Էդուարդ Աղաջանյանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930