Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լավրովի կողմից Բաքվում արվել են հայտարարություններ, որոնք խորը մտահոգություններ են առաջացնում, կապված Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականության հետ. հայտարարություն

Հունիս 24,2022 18:03

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս․թ․ հունիսի 23-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Ս․Լավրովի կողմից Բաքվում արվել են հայտարարություններ, որոնք խորը մտահոգություններ են առաջացնում, կապված Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականության հետ։

Սույնով արձանագրում ենք, որ Մոսկվայի երաշխավորությամբ 2020թ նոյեմբերի 9-ի, 2021թ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան համատեղ հայտարարությունների կարեւորագույն դրույթների իրագործումը խափանում է հենց Բաքուն, ճնշումներ գործադրելով Երեւանի վրա եւ փորձելով պարտադրել «խաղաղության պայմանագիր»՝ իրեն միակողմանիորեն ձեռնտու պայմաններով, մինչդեռ Մոսկվան չի կարողանում կամ չի ցանկանում ապահովել այդ հայտարարություններից բխող՝ իր պարտավորությունների կատարումը, դրանով խրախուսելով Ալիեւի ռեժիմի սանձարձակ պահվածքը։

Մասնավորապես, Երեւանում իր այցի շրջանակներում հրապարակայնորեն հայտարարելով, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի ենթադրում տարածքային ու քարտեզային փոփոխություններ, ռուս ԱԳ նախարարը Բաքվում խոսում է «ավտոմոբիլային հաղորդակցության կազմակերպման հարցը լուծել առավելագույն հարմարավետ ձևով՝ առանց արհեսատական խոչընդոտներ ստեղծելու» ձեւակերպմամբ, ինչը կարող է նշանակել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմանափակում՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասի նկատմամբ եւ չի ենթադրում սիմետրիկ կերպով նույն տարանցման ռեժիմն, օրինակ՝ Նախիջեւանով։

Դրա հետ մեկտեղ, սահմանազատման/սահմանագծման երկկողմ աշխատանքների գործընթացում ռուսական «կոնկրետ առաջարկները», որով ներկայացավ ՌԴ ԱԳ նախարարը Բաքու՝ ոչ այլ ինչ են, քան միջամտության փորձ եւ գործընթացի շեղում ԵԱՀԿ նորմերից եւ ստանդարտներից, որոնց հիման վրա էլ պետք է գործընթացն ընթացք ստանա, քանզի միայն նման հիմքով է հնարավոր երաշխավորված համարել Հայաստանի շահերի հարգումը։

Միեւնույն ժամանակ, Արցախի խնդրի՝ արցախահայերի անվտանգության եւ իրավունքները հարցերն առանց լուծելու «խաղաղ պայմանագրի» մասին Բաքվից եկող խոսակցությունները եւ Մոսկվայի կողմից դրանց ձայնակցելը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափով աշխատանքների խափանման ֆոնին ակնհայտ են դարձնում Ռուսաստանի մտադրությունն օրինականացնել ռազմական ուժի գործադրմամբ եւ ռազմական հանցագործությունների ճանապարհով ձեւավորված ստատուս-քվոն՝ միանշանակորեն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերի հաշվին, մի բան, որը հաստատապես չի բխում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում հռչակված սկզբունքներից եւ ոգուց։

Ուստի, հավատարիմ մնալով հարեւանների հետ տարածարջանային խաղաղության քաղաքական ուղեգծին, հաշվի առնելով այն չափազանց վտանգավոր փոփոխությունները, որոնք այլեւս ակնհայտ են ռուսական քաղաքականության մեջ ընդհանրապես, իսկ մեր տարածաշրջանում՝ մասնավորապես, Հանուն Հանրապետության կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հասարակությանը հրատապ կարգով մոբիլիզացնել քաղաքական կամքը եւ էական ճշգրտումներ մտցնել Հայաստանի՝ բանակցային գործընթացում որդեգրած դիրքորոշումներում, ռազմավարական վերանայման գործընթաց սկսել, ուղղված մեր երկրի բոլոր քաղաքականությունների դիվերսիֆիկացմանը, փլուզված աշխարհակարգի պայմաններում առաջացած ռիսկերը կառավարելիության հունի մեջ պահելուն։

Հանուն Հանրապետության Կուսակցությունը հավատարիմ է մնում Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, մարդու իրավունքների եւ ազատությունների անսակարկելիության սկզբունքին, խստորեն դատապարտում է Ռուսաստանի որդեգրած կայսերապաշտական քաղաքականությունը եւ դրանից սերված՝ հակահայ դիրքորոշումները մեզ համար կենսական հիմնահարցերում։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Հահա ամբողջ կուսակցութեան հայտարարութեան կից նկարը մէկ ակնոց է։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930