Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ հուզված եմ, որ Հայաստանում եմ, քանի որ սա Շառլի հայրենիքն է». Զազ

Հունիս 24,2022 17:59

«10 տարուց ավելի բանակցել ենք, որ ZAZ-ը գա Հայաստան, եւ շատ խորհրդանշական է, որ սա առաջին համերգն է մեր նոր հիմնադրած «ՀԱՅԱ» փառատոնի, որը 3 շաբաթ է տեւելու»,-ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի կազմակերպիչ Սոնա Հովհաննիսյանը:

French pop singer ZAZ gives a press conference at the Grand Hotel Yerevan

«Ես շատ ուրախ եմ լինել այստեղ, եւ հետաքրքրությամբ հետեւել, թե ինչպիսին է լինելու վաղվա համերգը: Ես շատ զարմացած եմ այսքան շատ տեսախցիկներ տեսնելով»,-ասաց հայտնի փոփ երգչուհին:

Դիտարկմանը, որ Ազնավուրը նրա կյանքում մեծ դերակատարություն է ունեցել, երգչուհին պատասխանեց, որ Ազնավուրի խորհուրդներն առայսօր հիշում է, դրանցից մեկն էլ անգլերեն սովորելն էր, ինչը այդպես էլ չհասցրեց իրականացնել:

«Շատ հուզված եմ, որ գտնվում եմ Հայաստանում, քանի որ սա Շառլի հայրենիքն է, ուստի շատ պատասխանատու եւ պարտավորված եմ զգում: Վերջին անգամ, երբ ես այստեղ էի, դա Ֆրանկոֆոնիայի շրջանակներում էր, հեռանալիս ես շատ հուզվել էի: Ինձ համար շատ ոգեւորիչ եւ հուզիչ էր, թե ինչպես էր նա իմ մասին խոսում: Իհարկե, շատ արտիստներ կան, որ ներկայացնում են ֆրանսիական երաժշտությունը, բայց կարծում եմ, որ իմ ձայնի մեջ մի բան կա, որ հիշեցնում է հին ֆրանսիական երգերը, որոնք նորով համադրված տալիս են հիանալի արդյունք»,-ասաց ZAZ-ը:

French pop singer ZAZ gives a press conference at the Grand Hotel Yerevan

Հարցին` ի՞նչ ակնկալիքներ ունի համերգից, ֆրանսիացի երգչուհին այսպես արձագանքեց. «Իմ նպատակն է երաժշտությամբ «կիսվել» հանդիսատեսի եւ երաժիշտների հետ, ունենալ մի մեծ տոն: Համերգի վերջում ուզում եմ հանդիսատեսը զգա, որ լիցքավորվել է էներգիայով»: Նա ասաց, որ շատ համերգներ է ունեցել, եւ դժվար է ասել, թե դրանցից որն էր իր երազանքի համերգը. «Ես այլ երազանքներ էլ ունեմ, կուզեի շատ երկրներ բացահայտել, օրինակ, Աֆրիկայում»:

Մեկ այլ հարցի պատասխանելիս ZAZ-ը հիշեց, թե ինչպես է կարիերայի սկզբում Փարիզում երգել մի կաբարե բարում ու ինչ-որ պահի լքել այն, թեեւ բավարար գումար չուներ: Ասաց նաեւ, որ գումարը այդքան էլ կարեւոր չէ մարդու կյանքում. «Ինձ համար ավելի կարեւոր է, որ հանգիստ լինեմ ու շրջապատված իմ ընկերներով: Բայց գումարը կարեւոր է այնքանով, որ գումարի շնորհիվ են ստեղծվում նախագծերը»: ZAZ-ը հավելեց, որ հայտնի լինելն ինչ-որ տեղ կտրում է ազատությունից, բայց իր համար հաճելի է սիրելի գործով զբաղվելը:

Նա Փարիզի մասին էլ խոսեց` քաղաքը նմանեցնելով գունագեղ ծիածանի; Ինչ վերաբերվում է Երեւանին, ասաց. «Շատ բան չեմ տեսել Երեւանում, Ֆրանկոֆոնիայի ժամանակ զգացի, որ այստեղ մարդիկ սիրով են լցված: Իսկ ընդհանրապես շատ եմ սիրում հայկական դուդուկը եւ շատ եմ լսում Լեւոն Մինասյանի սկավառակում զետեղված մեղեդիները, հիմնականում «Երազ» երգը: Երբ հոգնած եմ լինում, միացնում եմ հենց այդ երգը ու լցվում էներգիայով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930