Լրահոս
Օրվա լրահոսը

Բերբերյանը պնդում է՝ ուժեղ քամիներից 2 մարզերում ծիրանի բերքը տուժել է, մարզպետարանի պաշտոնյան հակադարձում՝ ասում էին՝ ծիրան չկա, հիմի էլ ասում են՝ սաղ ծիրանը թափե՞լ է

Հունիս 24,2022 17:39

Երեկվա եւ նախորդ օրվա ուժեղ քամիները հիմնականում վնասել են Արմավիրի եւ Արարատի մարզերի գյուղացիների բերքը: Հիմնականում տուժել է ծիրանը: Այս մասին գյուղացիներից ահազանգեր է ստացել նաեւ «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը:

Հրաչ Բերբերյան

«Կարկուտի ու ցրտահարության պատճառով այդ մարզերը տեղից էլ բերք չունեին»,-ասում է Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով՝ մեծ հաշվով այդ երկու եւ այլ մարզերում բերքը տուժել է հիվանդությունների արդյունքում: Ասում է՝ պարարտանյութերը, թունաքիմիկատներն ու դիզվառելիքը շատ թանկացել են եւ գյուղացին ի վիճակի չի եղել դրանք ձեռք բերելու, որպեսզի ժամանակին այգիները մշակի, սրսկումներ անի:

Aravot.am-ի դիտարկմանը, թե Վերին Լարսում ստեղծված խնդիրների պատճառով պարարտանյութը ժամանակին չհասավ գյուղատնտեսներին, չկարողացան այգիները մշակել, ինչի պատճառով էլ, ինչպես շատ գյուղացիներ նշում են՝ բերքի անկում է այս տարի, Հրաչ Բերբերյանն ի պատասխան ասաց՝ կառավարության լրջագույն սխալներից մեկն է. «Եթե կառավարության, էկոնոմիկայի նախարարության մասնագետները տեղում լինեին, պետք է պարարտանյութի մասին մտածեին անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, պետք է պահեստավորեին, որ հունվար-փետրվարին արդեն բաժանեին, եւ պարարտանյութի պարկը ոչ թե 20-22 հազարով կգնեին այդ ժամանակ, այլ՝ 6 հազար դրամով»:

Թե ինչքան վնասներ են կրել երկու օրվա ուժեղ քամիներից, Հրաչ Բերբերյանի խոսքով, կամփոփեն երկու օրից: Ասում է՝ գյուղացիների ահազանգերը շարունակվում են: Նրա տվյալներով՝ հիմնականում տուժել է պտուղը. «Խաղողը բարեբախտաբար չի վնասվել: Չնչին քանակությամբ, բայց տուժել է նաեւ բանջարեղենը, բայց հատկապես՝ ծիրանի բերքն է վնասվել: Ծիրանի վնասը գալիս է նաեւ պարարտանյութից»:

Արթուր Այվազյան

«Ասում էին՝ ծիրան չկա, հիմի էլ ասում են՝ սաղ ծիրանը թափե՞լ է»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե մասնավորապես՝ ո՞ր համայնքներն են տուժել եւ ինչքա՞ն, ասաց Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: Նրա խոսքով՝ եթե տուժողներ էլ եղել են՝ հատուկենտ գյուղացիներ. «Բնություն է, քամի էլ կլինի, բայց այդպես արտառոց իրավիճակ չէ»,-ասաց Արթուր Այվազյանը՝ նշելով, որ որպես այդ ոլորտը ղեկավարող պաշտոնյա ոչ մի ահազանգ չի ստացել:

Ասում է՝ իր հեռախոսահամարը բոլոր գյուղերի վարչական ղեկավարներն ու համայնքի ղեկավարները անգիր գիտեն, հենց կարկուտը գալիս է՝ բոլորը հերթով զանգում են, սակայն քամիներից տուժած գյուղացիներից կամ համայնքների պատասխանատուներից ահազանգեր չեն ստացել. «Որոշակի փոքր վնասներ կլինեն իհարկե, բայց արտառոց չէ, որ ասենք մեծ վնասներ են կրել: Երեկ չէ առաջին օրը, մի քանի ջերմոցներ է վնասել, բայց մարդիկ վերականգնել են: Ծիրանի ժամանակ միշտ էլ քամիներ լինում են»:

Նրա խոսքով, ինքն էլ այդ մարզի բնակիչ է եւ իր օրինակով կարող է ասել, որ ծիրանները քամիներից գրեթե չեն տուժել, տեղում են: Նրա խոսքով, այս տարի ծիրանի բերքը իսկապես տուժել է, բայց՝ ցրտահարության պատճառով. «Այս տարի անկանխատեսելի ձեւով է ցուրտը վնասել ծիրանի բերքը: Մի ծառին ծիրան կա, մյուսին՝ չկա, մի դաշտում կա, բայց տասը մետր այն կողմ դաշտում չկա»:

Մեր հարցին, թե գյուղոլորտի մասնագետները պնդում են, որ բացի թանկ լինելուց, գյուղացիներին ժամանակին չեն հասել պարարտանյութը, թունաքիմիկատները կառավարության պաշտոնյաների անհեռատեսության պատճառով, պարոն Այվազյանն ասաց, որ ճիշտ է՝ թունաքիմիկատները թանկացել են, բայց դրանց գնաճն ամբողջ աշխարհում է տեղի ունեցել. «Արմավիրի մարզն էլ ամենաշատ հայտն է տվել եւ ամենաշատ քանակն է ներկրել պարարտանյութի, ճիշտ է՝ մի քիչ ուշացումով, բայց պահանջարկը լրիվ բավարարել ենք: Այն, որ արտադրանքի ինքնարժեքն այս տարի բարձր է, դա էլ միանշանակ ճիշտ է»:

Իսկ թե ընդհանուր առմամբ մարզի գյուղատնտեսությունը որքանով է տուժել վերոնշյալ գործոնների հետեւանքով, Արթուր Այվազյանն ասաց, որ նման հաշվարկներ դեռեւս չունեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Թափված ծիրանների լուսանկարները Դավիթ Պիպոյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930