Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ է, որ 3 կարեւոր գերատեսչություններ, որոնք եթե ունեն լրագրողների հարցերին պատասխանելու լիազորություն կամ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ուղղակի չեն պատասխանում զանգերին. խոսքի ազատության և ԶԼՄ անվտանգության մշտադիտարկում

Հունիս 24,2022 17:30

ՀՀ և Արցախի տարածքում գործող զանգվածային լրատվամիջոցների տնօրեններին և խմբագիրներին

Ապրիլին և մայիսին իրականացվել է խոսքի ազատության և ԶԼՄ անվտանգության մշտադիտարկում

2022 թվականի մարտի 1-ից «Հանուն չորրորդ իշխանության» հասարակական կազմակերպությունը սկսել է Հայաստանի և Արցախի տեղեկատվական դաշտի մշտադիտարկման աշխատանքները, որոնց նպատակն է խոսքի ազատության, լրատվամիջոցների ազատ գործունեության, լրագրողների իրավունքների պաշտպանության ապահովումը։

Տեղեկատվական եւ լրագրողական դաշտում ապրիլ և մայիս ամիսներին իրականացված մշտադիտարկման արդյունքում ձևավորվել է հետևյալ պատկերը․

1.Ապրիլին լրագրողների նկատմամբ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել

2.Ապրիլ ամսին դիտարկվել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի եւ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության միջեւ միջադեպը: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տարածել էր հայտարարություն, որտեղ ասված էր.«Լրագրողների աշխատանքային գոտում, «Հրապարակ» օրաթերթի կողմից որպես լրագրող հավատարմագրված Վահե Մակարյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և վիրավորանք պարունակող արտահայտություններ։ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է այս հայտարարությանը.«Հիմա փորձում եմ հիշել, թե հատկապես ի՞նչ ձևով եմ ես սպառնացել այդ պատգամավորին։ Վահագն Ալեքսանյանին ես «քոռ խոզ» չեմ անվանել, ինչպես վերջերս անվանել էր նրան մի քաղաքացի։ Մի կարճ «զրույց» ենք ունեցել ԱԺ միջանցքում, երբ ԱԺ ամբիոնից Արցախի դրոշը հեռացնելու վերաբերյալ փորձում էի մեկնաբանություն ստանալ ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանից, ինչին ինքը միջամտեց եւ հանկարծ իմանում եմ, որ գնացել «վերադասին» բողոքել է, թե՝ «հասեք, փրկեք, Վահե Մակարյանն ինձ վիրավորել ու սպառնացել է»։

3.Ս.թ.մայիսի 2-ին բողոքի ակցիայի ժամանակ՝ Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել հրմշտոց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանների միջև: Այդ ընթացքում «Yerkir.am»-ի լրագրող Լիա Սարգսյանն ուշագնաց է եղել։ Հավաքված քաղաքացիները, հասարակական-քաղաքական գործիչները և ոստիկանության ծառայողներն են լրագրողին առաջին օգնություն ցուցաբերել։

4.Ս.թ.մայիսի 2-ին բողոքի ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկում Mediahub լրատվական կայքի լրագրող Նարե Գեւորգյանի ու օպերատոր Արման Ղարաջյանի նկատմամբ ՀՀ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը բռնություն էր կիրառել, քաշքշել էր օպերատորին, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ։ Ավելի ուշ Սարգիս Հովհաննիսյանին ուղեկցող մի երիտասարդ հրել էր օպերատորին, ապա ոտքով հարվածել:

Հրապարակված տեսանյութերն ամբողջությամբ հանցագործության մասին հաղորդում էին, սակայն քննչական կոմիտեն հանցակազմ չլինելու պատրվակով մերժել է քրեական գործի հարուցումը: Լրատվական կայքը որոշել է բողոքարկել ՔԿ այդ որոշումը:

5.Ս.թ.մայիսի 19-ին անհնազանդության խաղաղ ակցիաներից մեկի ժամանակ Araratnews-ի լրագրող Նանե Իսրայելյանը ջուրը լցրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի վրա։ «Իշխանության ամենամեծ փայատեր Խաչատուր Սուքիասյանը մտահոգված իշխանություն ու կապիտալ կորցնելու մտքից, ընդդիմության հանրահավաքներին մի սադրիչ-«լրագրող» աղջնակի է միշտ գործուղում»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ագնեսա Խամոյանը:

Araratnews.am կայքի խմբագիր Հարություն Մկրտչյանը «Հրապարակ» օրաթերթի զրույցում ասել էր, որ իրականությունը լրիվ այլ է:

«Լրագրողը մոտեցել է, որպեսզի մեկնաբանություն ստանա, էնտեղ հավաքված մարդիկ սկսել են գոռալ` թուրք, դավաճան և այլն, դրանից հետո Ագնեսա Խամոյանը սկսում է լրագրողին հասցեին անձնական վիրավորանքներ հնչեցնել, որից հետո լրագրողի նյարդերը տեղի են տալիս»:

6.Ս.թ.մայիսի 31-ին ԱԺ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի ի վերջո, Աղդամը հիմա իր հայրենի՞քն է, հարցին արձագանքեց.«Ամբողջ հայկական լեռնաշխարհն իմ հայրենիքն է»: Հաջորդ հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ չի գնում այնտեղ ապրելու՝ Սիմոնյանին այս հարցը հունից հանեց ու չգտնելով հոդաբաշխ պատասխան, անցավ վիրավորանքների: «Սա արդեն հարցազրույց չի, սա արդեն լկտիություն է, Դուք Ձեզ լկտի եք պահում»,- լրագրողին վիրավորեց «ԱԺ նախագահը:

 

7.Լրագրողների համար օրակարգում է շարունակում մնալ տարբեր գերատեսչություններին տեղեկատվությունը ճշտելու խնդիրը: Մի շարք պաշտոնյաներ՝ մասնավորապես ՀՀ վարչապետ, առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Արմավիրի, Լոռու մարզպետարաններ, խոսնակներ չունեն։

Ուշագրավ է, որ մեր երկրում երեք կարեւոր գերատեսչություններ, որոնք եթե ունեն լրագրողների հարցերին պատասխանելու լիազորություն կամ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ուղղակի չեն պատասխանում զանգերին: Բողոքները հիմնականում 3 գերատեսչությունից են՝ կառավարություն, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություն։

8.Երկու ամիսների ընթացքում ԶԼՄ նկատմամբ սպառնալիքի, գործունեության կասեցման կամ աշխատանքի խափանման դեպք չի արձանագրվել:

9.Երկու ամսում լրագրողի կամ խոսքի ազատության վերաբերյալ համապատասխան հասարակական կազմակերպությունների և մասնագիտական միավորների կողմից ոչ մի դիտարկում, հայտարարություն կամ կոչ չի գրանցվել:

Ի հավելումն «Հանուն Չորրորդ Իշխանության» հասարակական կազմակերպությունը դիմում է բոլոր լրատվամիջոցներին օպերատիվ կարգով  տրամադրել տեղեկատվություն՝ խոսքի ազատության, մասնագիտական գործունեության սահմանափակման և այլ դեպքերի հետ կապված:

Յուրաքանչուր ամսվա համար կներկայացվի ամփոփ տեղեկություն ՖԲ էջում և հասցեագրված նամակագրությամբ: Այսպիսով՝ մոտավոր 3-4 ամիս անց կձևավորվի ընդհանուր պատկեր, թե ինչ իրավիճակ է տիրում Հայաստանի և Արցախի լրատվական ու լրագրողական համայնքում: Առավել աղմկահարույց դեպքերին հրավիրվելու է պատկան մարմինների ուշադրությունը:

«ՀԱՆՈՒՆ ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930