Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ադրբեջանը կառուցում է մի ճանապարհ, որը տանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ եւ որը ցանկացած պահի կարող է փակել»

Հունիս 24,2022 16:28

«Որպեսզի պարզ լինի, թե ինչ աղետի առջեւ ենք մենք կանգնած եւ բանավոր պայմանավորվածություններով հերթական անգամ փորձում են Արցախը հանձնել թշնամուն՝ եկեք տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, «Համախմբում» շարժման անդամ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում:

«Ես ուզում եմ՝ մարդիկ պարզ հասկանան իրողություններ: Ադրբեջանի նախագահն ասում է՝ այս պատերազմը լուծել է Ղարաբաղի խնդիրը: Իրականում դա այդպես չէ, դա ինքն է այդպես ասում, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հայտարարություն է հրադադարի մասին եւ ոչ թե Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մասին: 1994 թվականին հրադադար էր հաստատվել Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի միջեւ: Բայց դա Լեռնային Ղարաբաղի խնդիր չէր լուծել: Հրադադարից հետո անցան Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին: Հիմա ի՞նչ տարբերություն 1994 թվականի եւ 2020-ի միջեւ: Այն ժամանակ պարտվող կողմը Ադրբեջանն էր, հիմա ավելի խոցելի վիճակում մենք ենք հայտնվել: Բայց Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել:

Հիմա հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը փորձում է այս խնդիրները տանել լուծման արդեն խաղաղ, առանց պատերազմի, որտեղ կարիք ունի՝ պատերազմով, որովհետեւ ինքը պատերազմի սահմանափակում չունի, քանի Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է Հայաստանում: Այսինքն, Ղարաբաղի խնդիրը լուծել: Իսկ դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, այդ կարգավիճակի մասին մենք այլեւս չենք խոսում: Ալիեւը հաստատեց, որ Բրյուսելում վերջին անգամ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին այլեւս չբարձրաձայնեն եւ Բրյուսելում պայմանավորվել են ստեղծել սահմանազատման հանձնաժողով: Նպատակը ո՞րն էր: Ես այն ժամանակ դրա մասին ասել եմ: Նպատակն էր, որ սահմանի հատվածը, որը վերաբերում է Գորիսի Տեղ գյուղին, այդ հատվածը հստակեցնեին, ադրբեջանցիներն այնտեղ դնեին սահմանային ուղեկալ ու ճանապարհը փակեին:

Բայց ռուսները դեմ եղան, որովհետեւ այնտեղ ռուսական խաղաղապահ ուժեր են տեղակայված: Եվ թույլ չտվեցին, որ Մոսկվայում կայանա հանձնաժողովների համատեղ նիստ, չնայած բրյուսելյան պայմանավորվածության հաջորդ օրը, երբ Նիկոլ Փաշինյանը եւ Ալիեւը ստեղծեցին այդ հանձնաժողովները, Մհեր Գրիգորյանը եւ Շահին Մուստաֆայեւը Երասխում հանդիպեցին, որոշեցին, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում պետք է հանդիպեն: Բայց Մոսկվան չհյուրընկալեց հանձնաժողովներին: Ասաց, միայն Մհեր, Շահին կգաք, կնստեք իմ Օվերչուկի կողքը եւ կզբաղվեք միայն տրանսպորտային ապաշրջափակման հարցերով: Այսինքն, այդ եղանակով Արցախը Ադրբեջանին հանձնելու մեխանիզմը փաստացի չլուծվեց:

Հիմա Ադրբեջանը այլ բան է մտածում: Կառուցում է մի ճանապարհ, որն անցնում է ոչ թե Լաչինի միջանցքով, ոչ թե Տեղ գյուղով, Բերձոր քաղաքով՝ նախկին Լաչին քաղաքով դեպի Ստեփանակերտ, այլ մի նոր ճանապարհ, որը տանում է Կոռնիձորի ուղղությամբ, ադրբեջանական այլ վերահսկվող տարածքներ, որը դուրս է Լաչինի միջանցքի 5 կիլոմետրանոց գոտուց:

Այդ ճանապարհը Ադրբեջանն է կառուցում եւ ասում է՝ բերեք տեղափոխվենք այս ճանապարհ, որպեսզի Տեղ գյուղից փակի դեպի Արցախ գնացող ճանապարհը, Լաչին քաղաքը, որն ամբողջությամբ 90-ական թվականներին ազատագրումից հետո եղել է հույսի ճանապարհ, կյանքի ճանապարհ, փրկության ճանապարհ, հաղթանակի ճանապարհ: Ուզում է՝ փակեն այդ ճանապարհը, մեզ ժամանակավոր տանեն այլընտրանքային կոչված ճանապարհով: Եվ Ադրբեջանը ցանկացած պահի փակելու է նաեւ այդ ճանապարհը:

Էլ չասեմ, որ Լաչինի ներկայիս ճանապարհով անցնում են Արցախը սնուցող գազատարը, Արցախը սնուցող էլեկտրագծերը եւ ինտերնետի հաղորդալարերը: Այսինքն, եթե իրենք այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողություն են ունենում, վերահսկողություն են ունենում Արցախը Հայաստանի հետ կապող բոլոր ենթակառուցվածքների նկատմամբ»,-ներկայացրեց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930