Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի ավագանիի «Ապրելու երկիր» եւ «Հայրենիք» խմբակցությունների պարզաբանումները ավագանու նիստի չկայանալու կապակցությամբ

Հունիս 24,2022 16:35

Վանաձոր համայնքի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանի ֆեյսբուքյան գրառումը

Վանաձոր համայնքի ավագանու նիստը նորից չկայացավ քվորում չլինելու պատճառով։ Հրավիրված նիստում պետք է քննարկվեին սուբվենցիոն ծրագրերը, որոնք կենսական նշանակություն ունեն համայնքի կարևորագույն և տարիներով չլուծված խնդիրները լուծելու համար։

«Ապրելու երկիր» խմբակցությունն իր պարտքն է համարել իր մասնակցությամբ ընթացք տալ սուբվենցիոն ծրագրերի հաստատմանը։

Այդպես փորձել ենք մեր նպաստը բերել ՀՀ իշխանությունների ձեռամբ այս համայնքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծմանը․ արդեն կես տարի Վանաձորը բարձիթողի վիճակի մատնած ՀՀ իշխանությունները  իրավիճակի լուծումը տեսել են օրենքը փոխելու մեջ՝ սեփական քաղաքական ձախողումը քողարկելու նպատակով՝ չվարանելով նսեմացնել ավագանու ինստիտուտը, սրընթաց կերպով վերացնել ժողովրդավարական սկզբունքները  տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններում։

Այս իրավիճակում գրեթե բացառված է ավագանու լիարժեք գործունեությունը, և այս գործելաոճը խորացնելու է ճգնաժամը, որի արդյունքում տուժում են բացառապես Վանաձոր համայնքը, այստեղ ապրող մեր համաքաղաքացիները, մեր երեխաները։

Լուծումը հրատապ է և մեկն է՝ Վանաձոր համայնքում օր առաջ պետք է նշանակվեն արտահերթ ընտրություններ։

Ու սա բացառապես իշխանությունների պատասխանատվությունն է․ վերջապե՛ս զբաղվեք ճգնաժամեր լուծելով, ոչ թե՝ դրանք ստեղծելով։

Հավատարիմ ենք լինելու համայնքի և պետության շահերը և օրինականությունը որևէ այլ շահից վեր դասելու սկզբունքին։

Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Վանաձոր խոշորացված համայնքի «Հայրենիք» խմբակցությանը, որի առնչությամբ հայտնում եմ.

Ավագանու նիստի հրավիրումն ապօրինի էր, իսկ մեր չմասնակցելու արդյունքում կանխվել է ապօրինության շարունակականությունը:

Մասնավորապես՝

1) «Հայրենիք» կուսակցությունը և Ավագանու խմբակցությունը հավատարիմ է իր  սկզբունքներին, պահպանելու է օրինականությունը, որն էլ պիտի երաշխավորի վանաձորցիների լավ ապրելու հնարավորությունը: Մենք իշխանությանը թույլ չենք տալու վանաձորցիների հույզերի վրա խաղալով մեր սիրելի բնակիչներին մոլորեցնել: Մենք ամեն բան ձեռնարկելու ենք, որպեսզի Վանաձոր խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակչի քվեն պահպանվի և մեր սիրելի համայնքցիների կատարած ընտրությունն իրականություն դառնա:

2) Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչներն իրացնելով Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին կանոնը՝ ընտրել են ավագանի, որին էլ պատվիրակել են համայնքի ղեկավարին ընտրելու լիազորությունը: Սակայն իշխանության կողմից բացահայտ ցինիզմով և առանձնահատուկ դաժանությամբ յուրացվել է մեր բնակիչների իշխանությունն իրականացնելու Սահմանադրության անփոփոխելի հոդվածով տրված իրավունքը:

3) Քանի դեռ ավագանու կամքին հակառակ, ավագանու առաջին նիստով ավագանու կողմից ընտրված չէ համայնքի ղեկավար, ձևավորված չէ խոշորացված համայնքի կառուցվածքը, գնահատված չէ խոշորացված ամբողջ համայնքի առաջնահերթությունները, ավագանին իրավունք չունի քննարկել և հաստատել այլ որոշումներ, այդ թվում համայնքի բյուջեն և որևէ սուբվենցիոն հատկացումներ: Այդպիսի որոշումները կլինեն ապօրինի և անվավեր, որի հետևանքները կկրեն դրանց հաստատողները: «Հայրենիք» խմբակցությունը որևէ դեպքում չի պատրաստվում հանցակից դառնալ Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու իշխանական խմբակցությանը:

4) Որևէ մեկը, այդ թվում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, իրավունք չունի ավագանու «Հայրենիք» խմբակցության անդամի փոխարեն ընտրել համայնքի ղեկավար, որը նա արել է ՏԻՄ օրենքի ապօրինի փոփոխությանը կողմ քվեարկելով:

5) Ավագանու նիստերի կայանալուն խոչընդոտում է բացառապես քաղաքական իշխանությունը՝ իրեն ենթակա դարձրած դատարանի միջոցով: Դատավորի ձեռամբ է ապօրինի արգելվել ավագանուն ընտրելու համայնքի ղեկավարին, ինչն էլ անհնարին է դարձրել ավագանու կողմից բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի հաստատման հնարավորությունը: Հետևաբար՝ Վանաձորի զարգացմանը խոչընդոտում է բացառապես իշխանությունը:

6) Դատարանի կողմից ապօրինի դրված արգելանքը վերացվելուց հետո Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը մասնակցելու է ավագանու նիստերին, ընտրելու է համայնքի ղեկավար և ապահովելու է ավագանու օրինական և բնականոն գործունեությունը՝ շարունակելով ծառայել մեր սիրելի համայնքին։

7) Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարին նշանակողը նշանակել է օրենսդրության կոպիտ խախտումներով, ՏԻՄ ինքնիշխանության սկզբունքի ոտնահարմամբ:

😎 Տեղական ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է Սահմանադրությամբ, ուստի ՔՊ պատգամավորներին հորդորում եմ չմիջամտել ՏԻՄ մարմինների անկախությանը և ձեռնպահ մնալ համայնքը քայքայելու գործողություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930