Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ջհանգիրյա՞նն է այդ բարեվարքությունն իրականացնելու, մանավանդ վերջին իր հայտնի ձայնագրությունից հետո». Արա Ղարագյոզյան

Հունիս 24,2022 15:58

«Արմեն Աղաջանյանի գործը նախադեպային է»,- «Մեդիա կենտրոնում» «Խոշտանգողները Հայաստանում շարունակում են անպատի՞ժ մնալ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ անդրադառնալով Արմեն Աղաջանյանին խոշտանգման ենթարկելու փաստով Արմեն Ջիվանի Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 4-րդ մասով մեղավոր ճանաչելու և 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու փաստին:

Փաստաբանը նշեց՝ ի վերջո ՀՀ Վճռաբեկ դատարանը, գործը բեկանելով, Վերաքննիչ դատարան ուղարկեց, հաստատեց այն փաստը, որ Արմեն Աղաջանյանը խոշտանգման է ենթարկվել: Նա պատմեց. «Հինգ տարի տևեց, երբ ես ու տուժողի մայրը պայքարեցինք, որ հասնեինք արդարադատության: Դավիթ Բալայան, այնուհետև Նարինե Հովակիմյան: Նման դատավարների հանդիպեցինք, որոնք կարելի է ասել՝ արդարադատություն չիրականացրին, և ի վերջո Վճռաբեկ դատարանը կայացրեց որոշում, թե որն է համարվում խոշտանգում: Սա ուղեցույց է, որ հետայսու ոստիկանական համակարգը, իրավապահ, դատական մարմիններն առաջնորդվեն այս նախադեպային որոշմամբ: Ի վերջո, Գայանե Աղաջանյանը հասավ արդարության, բայց դա այն փոքր բանն էր, որ նրա համար կարող էր լինել, քանի որ իր տղան ինքնասպան է եղել, նրա կյանքի իրավունքի վերաբերյալ պետությունը ոչ արդյունավետ քննություն է իրականացրել: Այս խոշտանգումը գոնե հաստատվեց, որ արդարադատությունն ի վերջո հինգ տարի հետո վերականգնվեց»:

Արա Ղարագյոզյանը ցավով նշեց, որ ՀՀ-ում պետական մակարդակով չի տեսնում պաշտպանություն խոշտանգման զոհերի նկատմամբ, ինչպես նաև հոգեբանական ծառայություն: Նա կարևորեց, որ ի վերջո տուժողները տեսնեն, որ ի վերջո արդարադատություն լինելու է և մի օր արդարադատությունը հաղթելու է:

Հարցին՝ ի՞նչն է խոչընդոտում խոշտանգման դեպքերի բացահայտմանը, փաստաբանը պատասխանեց. «Պատճառն անպատժելիությունը և քաղաքական կամքի բացակայության արդյունքն է: Մի քանի գործ գնացել է դատարան հենց խոշտանգում հոդվածով՝ մեղադրական դատավճռով, սակայն արի ու տես, որ ոստիկաններ են ու նրանց նոր պաշտոններ են տրվում, մինչդեռ նրանք խոշտանգման մեջ են մեղադրում»:

Ըստ Արա Ղարագյոզյանի՝ ամենափայլուն ռազմավարությունների դեպքում էլ արդյունքը կախված է արդարադատություն իրականացնողներից: Նա այս առիթով ասաց. «Նախկին իշխանությունների ժամանակ էլ իրավունքից բխող ռազմավարություն էր գրված, որը մնաց թղթի վրա: 2019-2021-ի մարդու իրավունքներից բխող դատաիրավական ռազմավարությունները կատարյալ ռազմավարություններ էին: Կարդում, ասում էիր՝ վերջ, հեսա ի կատար է ածվելու: Բայց հարց է՝ ո՞վ է այդ բարեփոխումներն իրականացնողը դատաիրավական համակարգում, երբ մինչդատական կալանքների վերաբերյալ նոր դատավորներ ստեղծեցիք: Հիմնական մասում ինչքան դատախազներ և քննիչներ կային, բերեցին դատական համակարգ: Կներեք՝ Գագիկ Ջհանգիրյա՞նն է այդ բարեվարքությունը իրականացնելու, մանավանդ վերջին իր հայտնի ձայնագրությունից հետո: Թեպետ ԲԴԽ-ից պարզաբանել են, թե սեղանի շուրջ է եղել, չեն մեկնաբանում, բայց այնտեղ իրավաբան գիտնականներ կային, որևէ բան չունե՞ք ասելու: Ու այս ԲԴԽ-ն պետք է բարեվարքի՞ կամ դատախազությանը պետք է բարեվարքում իրականացնի՞: Տեսանք՝ դատական համակարգում ինչ ձևի բարեվարքեցիք, ում բերեցիք դատական համակարգ, ով, ինչ արդարադատություն է իրականացնում:

ԲԴԽ-ի հարցը պետք է լուծվի: Այս կազմն այդ խայտառակ ձայնագրությունից հետո պետք է հրաժարական տա, ու ավելի արդար ու անկողմնակալ մարդիկ պիտի գան, որ ի վերջո կարողանան կյանքի կոչել այդ ռազմավարությունը: Ուզում եք փայլուն ռազմավարություն բերեք, բայց ԲԴԽ կազմը նույնն է, չէ՞. ո՞վ է իրականացնելու այդ բարեվարքումները: Արդարադատության նախարարությունը մեծ-մեծ խոսում է, որ դատական համակարգը մաքրելու ճանապարհին է, բայց մենք այդ մաքրումը չենք տեսնում, ավելի վատ կադրեր են գալիս դատական համակարգ: Այսօր խոսենք փայլուն ռազմավարությունից նախորդ կատարած բազմաթիվ կետեր, որոնք կյանքի չկոչվեցին, հանձնաժողովների ստեղծում. պարզ չէ՝ դրանից հետո արդյոք մարդու իրավունքները չե՞ն խախտվելու: Պաշտոնապես խոշտանգումների մեջ մեղադրվող անձինք նոր պաշտոններ են ստանալո՞ւ, թե՞ ոչ: Այս հարցերին պատասխան չկա: Այդ սեղանի շուրջ նստած են եղել ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանը, նաև եղել է ԲԴԽ մյուս անդամը և այդ մարդկանց հետ նստել ու մարդու իրավունքներից բխող ռազմավարություն կամ դատաիրավական ռազմավարություն քննարկել, առնվազն անիմաստ ժամանակի կորուստ եմ համարում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930