Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մնացել է անցյալում, իսկ հարաբերությունների կարգավորման արհեստական ձգձգումը լուրջ ռիսկեր է պարունակում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
«Ադրբեջանը կարծում է, որ հակամարտությունը մնացել է անցյալում, և տարածաշրջանում մշտական խաղաղություն և կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է հետևել ձեռք բերված պայմանավորվածություններին: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների միջև եռակողմ համաձայնագրերին հասնելու գործում: Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այն է, որ միջպետական հարաբերությունների կարգավորման համար կարևոր է հետևել ձեռք բերված պայմանավորվածություններին: Դա նաև ամբողջ տարածաշրջանում կապերի զարգացման երաշխիք է, քանի որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ձգձգումը, դրա արհեստական ձգձգումը կարող է բացասական հետևանքներ և լուրջ ռիսկեր առաջ բերել»,- ասել է Բայրամովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ