Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է մշակել ժողովրդավարական պետությունների վարքագծի կանոնագիրք, որտեղ հատկապես կառավարություններին պետք է կոչ արվի ապահովել հանրության՝ առանց միջամտության օնլայն ազատ հաղորդակցվելու իրավունքը. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Հունիս 24,2022 15:05

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի հունիսի 23-ի լիագումար նիստում՝ «Առցանց հաղորդակցության վերահսկողությունը. սպառնալիք լրատվամիջոցների բազմակարծությանը, տեղեկատվության ազատությանը և մարդկային արժանապատվությանը» թեմայով քննարկման ժամանակ

Տիկին նախագահ,
Սոցիալական ցանցերը և հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները վերջին տասնամյակում գաղափարական ազդեցության հիմնական գործիքներն են դարձել։

Ըստ էության, մենք այժմ ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ անհատի նոր տեսակ է ծնվում։ Մարդն այլևս չի պատկանում իր սեփական պետությանը, իր համայնքին և նույնիսկ ինքն իրեն, այլ ավելի շուտ կախված է սոցիալական ցանցերից և նրանց հեռարձակած բովանդակությունից:

Այս չափից ավելի կախվածությունը սոցիալական ցանցերից հանգեցրել է այլ հիմնարար ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների քայքայմանը: Առաջին տեղում ազատ և արդար ընտրություններն են: Դա արտահայտվելու և խոսքի ազատության որոշակի էրոզիա է առաջացնում։ Փորձագետները գտնում են, որ սոցիալական ցանցերի միջոցով որոշ խմբեր կարող են շահարկել ընտրողների մոտ 25 տոկոսի քաղաքական նախապատվությունները։ Ալգորիթմն արդեն վերահսկում է միլիոնավոր մարդկանց հույզերն ու ցանկություններն ամբողջ աշխարհում, մինչդեռ որոշ պետություններ վերածվում են իրենց արտաքին ադմինիստրատորների «թվային գաղութների»:

Մեր ժամանակներում, երբ սոցիալական ցանցերը «ճշմարտությունն» ու «փաստերը» ստորադասել են «զգացմունքներին»` դրանց տալով երկրորդական կարևորության, մենք պետք է ընդունենք, որ կառավարման ժողովրդավարական և հանրապետական ձևը խոր ճգնաժամ է ապրում։ Վերոհիշյալ գործընթացներն այժմ կառավարությունների և կառավարվողների միջև հաղորդակցության նոր ձևաչափ են ձևավորում: Պարտադիր չէ, որ կառավարման ժողովրդավարական ձևը ժամանակակից պետությունների կայուն զարգացումն ապահովող անքննելի ընտրությունը լինի։ Կառավարություններն այլևս չեն կարող անտեսել սոցիալական ցանցերում «հավանելու» կամ «չհավանելու» միջոցով արտահայտած տրամադրությունները։ Միևնույն ժամանակ, այդ քաղաքական գործիչներից որոշները սոցիալական ցանցերն օգտագործում են հասարակական տրամադրությունները շեղելու, հասարակությունը պառակտելու և հանրային դիսկուրսում արհեստականորեն գերիշխելու նպատակով, հատկապես՝ համազգային արշավների ժամանակ։

Տիկին նախագահ,
Եվրոպայի խորհուրդը և հատկապես այս Վեհաժողովը պետք է ձևավորեն եվրոպական պետությունների` ժողովրդավարության նկատմամբ հավատարմությունը չափորոշելու ողջամիտ կառուցակարգեր: Մասնավորապես, մենք պետք է մշակենք ժողովրդավարական պետությունների վարքագծի կանոնագիրք, որտեղ հատկապես կառավարություններին պետք է կոչ արվի ապահովել հանրության՝ առանց միջամտության օնլայն ազատ հաղորդակցվելու իրավունքը:

Դա ներառում է ոչ միայն իրավական դրույթների ընդունում կեղծ լուրեր և ատելության խոսք տարածող կազմակերպված ցանցերի գործունեության վերաբերյալ, այլև՝ մեդիա գրագիտության բարձրացման նպատակով ակտիվ աշխատանք հասարակության շրջանում:

Իհարկե, այս կազմակերպության դերը պետք է լինի այն, որ գտնի ողջամիտ հավասարակշռություն և թույլ չտա, որ դա կառավարությունների ձեռքում լրատվամիջոցների և օնլայն ակտիվիզմի դեմ պատժիչ գործիք դառնա, այլ իրականում խթանի առցանց ազատ և բազմակարծիք տեղեկատվության տարածմանը, որը հարգում է մարդու իրավունքներ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930