ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ, այնուամենայնիվ, եվրոպացիներն ընդունում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մնացած հարցերի կարգավորման հիմքը երեք երկրների (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) առաջնորդների երեք հայտարարություններն են: Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կիսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքն այն մասին, որ անհրաժեշտ է հրաժեշտ տալ Մինսկի խմբին, Լավրովն ասել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում այդ հարցին չեն անդրադարձել:
«Մենք չենք քննարկել Մինսկի խումբը որպես այդպիսին, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ֆրանսիացի և ամերիկացի մասնակիցների նախաձեռնությամբ: Բայց հետպատերազմյան կարգավորման գործընթացները մենք, իհարկե, քննարկել ենք: Եվ այս նոր գործընթացների համար հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն են»,- ասել է Լավրովը:
«Երեք հայտարարությունները, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները ստորագրել են, այժմ բոլորի կողմից ընդունվում են որպես հիմք մնացած բոլոր հարցերը վերջնականորեն փակելու նպատակով առաջ շարժվելու համար: Մենք ելնում ենք դրանից: Որքանով հասկանում եմ, այս իրականությունը ճանաչում են նաև մեր եվրոպացի հարևանները, որոնք փորձում են ամեն կերպ Եվրոպական միության ջանքերը ներդնել մնացած հարցերի լուծման գործում»,- ասել է Լավրովը:
Կարդացեք նաև
Նա նաև նշել է, որ եվրոպացի գործընկերները խոստովանում են, որ առաջադրանքները շարադրված են համապատասխան երեք փաստաթղթերում և «որևէ կապ չունեն ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության, ո՛չ այն մշակումների հետ, որոնք եղել են այդ խմբի շրջանակում, բացառությամբ վերջնական նպատակի: «Իսկ վերջնական նպատակն այն էր, որպեսզի ազատագրվեն Ղարաբաղի շուրջը գտնվող շրջանները և լուծվեն բուն Ղարաբաղի և նրա բնակչության կենսագործունեության հարցերը»,- ասել է Լավրովը:
Նա հիշեցրել է, որ բոլոր այն մշակումները, որոնք եղել էին 2020թ. նոյեմբերից առաջ, կորցրել են իրենց արդիականությունը: «Գետնի վրա տեղի ունեցած իրադարձությունները այդ փաստաթղթերը թողել են անցյալում: Սա պարզապես օբյեկտիվ իրողություն է»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ