ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին:
Քննարկվել են ԱՊՀ տարածաշրջանում անդրազգային մի շարք հանցատեսակների դեմ պայքարում ԱՊՀ անդամ երկրների կատարած աշխատանքները, այդ ուղղություններով միջազգային պայմանագրերի կատարման ընդհանուր վիճակը:
Գնահատվել են ԱՊՀ անդամ-պետությունների կողմից հաստատված մի շարք ոլորտներում համագործակցության ծրագրերի՝ 2021թ. համար նախատեսված միջոցառումների կատարման արդյունավետությունը, դատախազությունների միջև համագործակցության կատարելագործման պրակտիկան: Ընդունվել են ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործունեությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր:
Նիստին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է «փողերի լվացման» դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանում իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, արդյունքները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք ածանցվում են միջազգային համագործակցության անկատար կառուցակարգերի պատճառով:
Կարդացեք նաև
Մասնավորապես, Արթուր Դավթյանն ընդգծել է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների օրինականացման դեմ պայքարը, դրանց օրինական տնտեսական շրջանառություն վերադարձնելու խնդիրը ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից է: Հայաստանը միացել է հանցավոր ճանապարհով գույքի և եկամուտների ձեռքբերման, «լվացման», հայտնաբերման և բռնագանձման վերաբերյալ միջազգային բոլոր կոնվենցիաներին, լիիրավ անդամի կամ դիտորդի կարգավիճակով ներգրավված է այս հանցատեսակի դեմ պայքարի մի քանի միջազգային հարթակներում:
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ փողերի լվացման դեմ պայքարը Հայաստանում իրականացվում է միջազգային առաջադեմ չափանիշների և փորձագիտական խորհրդատվությունների վրա խարսխված ազգային ռազմավարության մակարդակով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքում այս հանցագործության հանցակազմի հատկանիշները սահմանվել են այդ երևույթի միջազգային-իրավական սահմանումների հիման վրա, որոնք զգալիորեն բարելավել են պրակտիկան: Մասնավորապես, ՀՀ իրավասու մարմիններում քննվող այս բնույթի հանցագործության դեպքերի քանակը 2017թ. համեմատ 2021թ. ավելացել է 5 անգամ:
Չնայած նման դրական միտումներին, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն համարվում, ինչի հիմնական պատճառն այդ բնույթի քրեական գործերով միջազգային իրավական համագործակցության չգոհացնող վիճակն է՝ հաշվի առնելով, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մեծամասամբ դուրս է բերվում երկրի տարածքից: Հիմնական խնդիրները կապված են այս հանցատեսակի դրսևորման վերաբերյալ տարբեր երկրներում գործող իրավակարգավորումների և իրավամեկնաբանությունների, բանկային տվյալների պաշտպանության կառուցակարգերի տարբերություններով, որոնք թույլ չեն տալիս ամբողջ ծավալով կատարելու քննչական հարցումները:
Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել գլոբալ լրջագույն հիմնահարց հանդիսացող «փողերի լվացման» երևույթի դեմ պայքարի միասնական իրավական սկզբունքների մշակումն ու գործարկումը, միջազգային համագործակցության անկախ իրավական պլատֆորմների ստեղծումը՝ այդ թվում նաև ԱՊՀ շրջանակներում:
Նա փոխանցել է ՀՀ դատախազության լիարժեք պատրաստակամությունը, հիմնվելով ՀՀ փորձի վրա, ներգրավվելու «փողերի լվացման» դեմ միջազգային իրավական կառուցակարգերի կատարելագործման գործընթացում:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին