Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերաքննիչ դատարանն իր ժամկետներով մարդկանց ուղղակի ձեռք է առնում»․ Գերասիմ Վարդանյանի պաշտպան

Հունիս 24,2022 14:13

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր նշանակված է եղել ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ որոշման դեմ նրա պաշտպանի վերաքննիչ բողոքի քննությունը (դատավոր՝ Ռուբիկ Մխիթարյան), սակայն պաշտպան Բենիկ Գալստյանի հետ կապվել է Ռուբիկ Մխիթարյանի աշխատակազմի աշխատակիցներից մեկը ու հայտնել, որ դատավորը հետաձգել է այսօր ժամը 13:00-ին կայանալիք նիստը։ Աշխատակիցը նշել է՝ չունի որևէ տեղեկություն, թե ինչ պատճառով և ինչ ժամկետով է հետաձգվել նիստը: Aravot.am-ի հետ զրույցում Բենիկ Գալստյանն այս փաստը տարօրինակ որակեց եւ հայտնեց, որ մինչեւ այս պահը դեռ պարզ չէ հետաձգման պատճառը։

Նշենք, որ Վարդանյանի կալանավորման դեմ այս վերաքննիչ բողոքը պաշտպանը ներկայացրել է դեռևս մայիսի 17-ին։

Բենիկ Գալստյան

Այս առնչությամբ նա շեշտեց․ «Գոյություն ունի ողջամիտ ժամկետ հասկացությունը։ Նման պայմաններում՝ թե Գերասիմի, թե շատ այլ անձանց գործերով, լինեն քաղաքական ենթատեքստով թե առանց դրա, վերաքննիչ դատարանն իր ժամկետներով մարդկանց ուղղակի ձեռք է առնում։ Հասկանում եմ, որ դատավորները ծանրաբեռնված են։ Չգիտեմ՝ ծանրաբեռնվածությունն օբյեկտի՞վ է, թե՞ սուբյեկտիվ, բայց իրականում սա կոչվում է ձեռք առնել՝ լինի քաղաքական, թե ապաքաղաքական։ Օրինակ՝ անձի կալանքը տալիս են երկու ամսով, բողոքարկում եք հինգօրյա ժամկետով, սակայն վերաքննիչը քննարկում է այն ժամանակ, երբ կալանքի երկու ամիսը լրացել է, իսկ առաջին ատյանի դատարանն արդեն կալանքի երկարեցումն է տվել»։

Պաշտպանի խոսքով՝ Գերասիմ Վարդանյանի՝ մեկ ամսվա կալանքի որոշումը եղել է մայիսի 12-ին, իսկ բողոքարկումից հետո երկարեցվել է եւս մեկ ամսով․ «Գերասիմը հիմա կալանքի տակ է մյուս որոշման հիման վրա, սակայն դրանից առաջ եղած որոշման վերաբերյալ վերաքննիչ դատարանը ոչ կողմին է լսել, ոչ որոշում կայացրել։ Մնացած շատ գործերով այս վիճակն է, սովորական երեւույթ է դարձել վերջին 1-1,5 տարում։ Չգիտեմ, բայց միայն ծանրաբեռնվածությամբ չէ, որ սա պայմանավորված է։ Կոպիտ ասած՝ թքած ունեն, որ մարդիկ կալանքի տակ են։ Կապ չունի՝ Գերասիմի՞ մասին է խոսքը, թե, օրինակ, խարդախության կամ սպանության մեջ մեղադրվողի»։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը վերջերս ձերբակալվել էր՝ դեռեւս մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում․ մեղադրվում է 2020թ․ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ («Ազատություն» ռ/կ-ի շենք ներխուժում): Նա կալանքի տակ է առնվել այս տարվա մայիսին՝ Դիմադրության շարժման անհնազանդության գործողությունների ժամանակ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930