Լրահոս
Օրվա լրահոսը

«Խայտառակություն է, 100-ավոր հեկտարներով անկառավարելի կառուցապատում է գնում». Հրաչ Պողոսյան

Հունիս 24,2022 13:47

Երեւանի նորակառույցների շուրջ վեճերը չեն դադարում։ Մարզերը մոռացության են մատնվել, բոլորը ցանկանում են հենց մայրաքաղաքում կառուցապատում իրականացնել, Երևանի  գլխավոր հատակագծի ժամկետն էլ վաղուց լրացել է։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, բազմաթիվ համամիութենական և միջազգային մրցանակների դափնեկիր Հրաչ Պողոսյանը խայտառակություն է որակում ներկայիս քաղաքաշինական պատկերը: Նա մի շինարարական ցուցահանդեսից հետո մտահոգություն է ունեցել ու այդ մասին ֆեյսբուքյան գրառում արել:

«Այդ ցուցահանդեսը նայելուց հետո բազմաթիվ հարցեր են ծագում, պարզ է դառնում, թե ինչ է կատարվելու Երեւանի հետ, եթե այն նախագծերը, որոնք ներկայացված են, եւ նրանք, որոնք ներկայացվել ու հավանություն են ստացել քաղաքապետարանի կողմից, եւ մյուսները, որ դեռ չեն ստացել, բայց պետք է ստանան… Հսկայական տարածքների վրա հարյուրավոր հեկտարներով կառուցապատում են: Դա միանգամից փոխելու է Երեւանի վիճակը բոլոր ոլորտներում` տրանսպորտ, մթերք, ապահովություն եւ այլն»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասաց անվանի ճարտարապետը:

Նա խայտառակություն է որակում այդ ամենը ու հավելում. «Այդ անկառավարելի վիճակի մասին է խոսում նաեւ այն, որ չկա մի գաղափար, որը դրված լինի քաղաքաշինարարների ու քաղաքապետարանի առջեւ, որին պետք է ձգտել ու հասնել ասենք` 5-10 տարի հետո: Այնպիսի տպավորություն է, որ ոնց կլինի, էդպես էլ կլինի: Երեւանի գլխավոր հատակագծի ժամկետը, որն արվել էր 20 տարվա հեռանկարով,վերջացել է, եւ փաստորեն այսօր չկա գլխավոր հատակագիծ…Իսկ այն ինստիտուտները, որոնք զբաղվում էին դրանով, հիմա չկան:

Ժամանակին Երեւաննախագիծ ինստիտուտն ուներ մի  հսկայական քաղաքաշինական բաժին` հագեցած հմուտ մասնագետներով, որն ամեն օր զբաղվում էր Երեւանի խնդիրներով: Կարեն Կարապետյանի քաղաքապետ եղած ժամանակ 800 հոգանոց ինստիտուտը կրճատեցին ու թողեցին մի 50 հոգու: Փաստորեն, հիմա բացի Երեւաննախագիծ ինստիտուտի տնօրենից, այս հարցերով ուրիշ զբաղվող չկա… Խայտառակ վիճակ է»:

Հրաչ Պողոսյանը հավելում է, որ Երեւանից դեպի արվարձաններ էլ են մեծ ծրագրեր իրականացվում,օրինակ, Երեւանից դեպի Աշտարակ. «Իհարկե, դրանք սեփական բիզնեսներ են, բայց այն մարմինները, որոնք կոչված են կարգավորելու ամեն ինչը, ոչ թե թողնելու ինքնահոսի, պետք է կարողանան սեփական նախաձեռնություններին, բիզնեսները կարգավորել. մեկն ասեն` արի էստեղ, մյուսին ասեն`քեզ չենք թողնում, երրորդին ասեն` լավ ես անում… Թե չէ նման անկանոն եւ անկառավարելի վիճակի շարունակվելու դեպքում հայտնի չէ, թե ինչ է  լինելու արդյունքը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930