Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Լավրովն ասել է, որ երեկ «մանրամասն, գործնական և վստահելի» զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների գործակցության բոլոր հիմնական սկզբունքային ուղղությունները:
«Հստակ վերահաստատվել են այն ազդակները, որոնք մեզ տալիս են մեր առաջնորդները, և մենք ունենք հստակ ըմբռնում՝ ինչպես աշխատել այդ ուղղություններով՝ տնտեսության, ներդրումների, ֆինանսների, սոցիալական, հումանիտար ոլորտներում, և իհարկե, արտաքին քաղաքական գործողությունները կոորդինացնելու ոլորտում», – ասել է Լավրովը:
Նա նաև ասել է, որ իրեն «միշտ հաճելի է լինել Բաքվում, որը ծաղկում է բառի ուղիղ իմաստով, և ստեղծում է այնպիսի տրամադրություն, որն այնքան էլ չի տրամադրում աշխատանքի»:
Կարդացեք նաև
«Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները, միշտ հաճելի է անձնական շփումները համատեղել մեր ընդհանուր աշխատանքային խնդիրների մասին քննարկումների հետ»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են մի շարք ձևաչափերով, այդ թվում՝ միջտարածաշրջանային, երիտասարդական և մարդասիրական բնույթի ֆորումներ:
Իր հերթին Բայրամովն ասել է, որ այս բանակցությունները լավ հնարավորություն են քննարկելու «ռուս-ադրբեջանական գործակցության լայն օրակարգը, ամենատարբեր հարցերում գործակցությունը»:
Նրա խոսքով՝ ակտիվ միջոցառումներ են իրականացվում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում, տարվա երկրորդ կեսի համար օրակարգը նույնպես ընդարձակ է:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ