Երեկ երեկոյան Երևանի արևելյան և հարավային հատվածներում դիտվել է ուժգին ամպրոպ, տեղատարափ անձրև և կարկուտ, որն ուղեկցվել է ուժգին քամիներով։
Ամպրոպային ամպն առաջացել է Արարատ լեռան լանջերին՝ այնուհետև զարգանալով ներթափանցել Երևան։
Օդերևութաբանական ռադարի և արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց են տալիս, որ այդ ամպրոպային ամպը եղել է գերհզոր գոյացություն, գագաթի բարձրությունը հասել է 16 կմ-ի, ուղղաձիգ հզորությունը՝ 13 կմ-ի, ամպի գագաթում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև ❄️-60 աստիճան։
🌪 Ամպում առկա է եղել պտտահողմ, որը մայրաքաղաքի տարբեր հատվածներում տապալել է ծառեր, պոկել տանիքներ։ Երևանի մի շարք հատվածներում 20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև։
Կարդացեք նաև
Նման ուժգնության ամպրոպները տարվա այս ժամանակահատվածում Երևանի համար հազվադեպ օդերևութաբանական երևույթ են և կրկնվում են միջինը 10 տարին մեկ անգամ։
Առաջիկա 5 օրերին ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում պահպանվելու է, հատկապես երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ։
❗️ Մինչև ամսվա վերջին օրերը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում, քանի որ մեր երկիրը գտնվում է Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ