Լրահոս
Օրվա լրահոսը

Անելիք չունեմ մի խորհրդարանում, որտեղ ծափահարում են «պետք է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը» ասողին. «Հրապարակ»

Հունիս 24,2022 10:37

Հարցազրույց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ

– Դուք ապրիլի 17-ին սկսելով նստացույց Ազատության հրապարակում՝ հայտարարեցիք, որ տուն չեք գնա, մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհեռանա։ Միեւնույն ժամանակ հայտարարել էիք, որ եթե նա չհեռանա, մանդատը վայր կդնեք։ Որոշ ժամանակ անց Դուք գնացիք տուն, իսկ հիմա էլ մանդատն եք դնում։ Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ Դուք համարում եք՝ Փաշինյանն այլեւս չի հեռանալու։

– Ես ի սկզբանե ասել եմ, որ եկել եմ Ազատության հրապարակ եւ իրականացնելու եմ անժամկետ իրազեկման ակցիա, որի վերջում պետք է հասնենք այն նպատակին, որ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարող ուժը հեռանան, ձեւավորվի նորմալ, մեր ազգային շահերը ներկայացնող կառավարություն ու կարողանա լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ։ Իրազեկման ակցիան սկսվեց շատ փոքր թվաքանակի մարդկանցով, որը հետագայում վերածվեց ավելի մեծ պայքարի, փողոց դուրս եկան տասնյակ հազարավոր մարդիկ։ Երբ ես Ազատության հրապարակում էի, արդեն այնտեղ կային նստացույց իրականացնող «Սեւ հովազ» ջոկատի տղաները, դրանից հետո Ազատության հրապարակ եկան երկու ուսանողներ՝ սկսելով հացադուլ, հետո եկան ազատամարտիկներ եւ հացադուլ սկսեցին, եկան մեր նահատակված հերոսների ծնողները, եկավ 5165 շարժումը եւ այլն, եւ այլն։ Դրանից հետո սկիզբ դրվեց Դիմադրության շարժման քայլերթերին, եւ ինչ-որ մի օր՝ մայիսի 1-ին, այդ բոլոր ապակենտրոն եւ ցանցային պայքարի դուրս եկած ուժերը միավորվեցին Ֆրանսիայի հրապարակում։ Միավորվեցին, եւ սկսվեցին ամենօրյա բողոքի ակցիաները, շուրջօրյա նստացույցը, վրանային ավանը, երթերը, ակցիաները․․․ Ես չեմ համարում, որ մենք ձախողել ենք եւ պետք է գնանք տուն ու որեւէ բան չանենք։ Ես շարունակելու եմ պայքարել՝ հասնելու եմ իմ նպատակին, բայց ուզում եմ ֆիքսել՝ իմ նպատակը ոչ թե բացառապես Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ իմ նպատակն է՝ ունենալ անվտանգ Հայաստան ու անվտանգ քաղաքացի։

– Դուք հայտարարել էիք, որ եթե չհասնեք նրա հեռացմանը, մանդատը վայր եք դնելու։ Դա որպես ելակետ էիք նշել։

– Ես ասել եմ՝ ես խորհրդարան չեմ վերադառնալու այլեւս, որովհետեւ ես անելիք չունեմ մի խորհրդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, որն ասում է, որ պետք է իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը։ Ես անելիք չունեմ մի խորհրդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, որն ասում է՝ հազարավոր զոհեր 44-օրյա պատերազմի ընթացքում կարող էին չլինել, բայց եղան, որովհետեւ ինքն էդպես էր որոշել։ Ես պայման էի նշել, որ եթե այս կարճ ժամանակահատվածում առաջին փուլում կարողանանք արագ հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, այո՝ ես կգնամ խորհրդարան։

– Ձեզ քննադատում էին՝ ասելով, թե Վանեցյանը ցանկանում է տարանջատվել, ասում է՝ սա ապաքաղաքական պայքար է, մյուս կողմից գնացել կանգնել է Ռոբերտ Քոչարյանի կողքը, որին ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ փորձում էր «բռնել»։

– Այդ թեմայի մասին շատ-շատ ենք խոսել, չեմ ուզում կրկնել, պատրաստ եմ էլի կանգնել թե՛ նախագահ Քոչարյանի, թե՛ նախագահ Սերժ Սարգսյանի, թե՛ մնացածի կողքին՝ մեր երկրի հարցերը դժվարին այս փուլում լուծելու համար։

– Քանի որ Ձեր եւ «Հայաստան» խմբակցության նպատակները նույնն են, Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ-որ փուլում, երբ նրանք դարձյալ ակտիվանան, Դուք էլի միավորվեք։

– Դուք թե՛ ինձ, թե՛ մեր համախոհներին եւ մեր կուսակիցներին անպայման առաջիկայում կտեսնեք Դիմադրության շարժման կազմակերպած միջոցառումներին՝ հանրահավաքներին, երթերին։ Այսինքն՝ որեւէ կերպ չեմ ասում, որ չեմ գնալու էնտեղ, չեմ մասնակցելու, չեմ աջակցելու, բայց ես չեմ լինելու կազմակերպիչների մեջ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930