Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգեզուրի միջանցքը՝ ճակատագրական գործոն. Երվանդ Ազատյան. «Ազգ»

Հունիս 24,2022 11:04

2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը վերջ չդրեց ղարաբաղյան երկրորդ պատերազմին, որը նաեւ 44-օրյա պատերազմ անունով է հայտնի։ Պատերազմը շարունակվում է Ադրբեջանի համար։ Նախագահ Իլհամ Ալիեւի հռետորաբանությունն այնքան սադրիչ բնույթ ունի, որ պատերազմը կարող է վերսկսել ամեն րոպե։

Հայաստանն ու Թուրքիան սկսել են բանակցել վերականգնելու համար դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջեւ առանց նախապայմանների։ Մինչ Հայաստանը բարեխղճորեն եւ սկզբունքային կերպով է շարունակում այդ գործընթացը, թուրքական կողմն իր քայլերը համաձայնեցնում է Ադրբեջանի հետ, որը հինգ կետից բաղկացած իր խաղաղության պայմանագիրն է ներկայացնում՝ պահանջելով ճանաչել փոխադարձաբար երկու երկրների տարածքային ամբողջականությունը, հրաժարվել Ղարաբաղի կարգավիճակի հարցից եւ բացել Զանգեզուրի միջանցքը, ինչը նշանակում է վտանգել Հայաստանի ինքնիշխանությունը։

Նախորդ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվից Հայաստան ժամանեց՝ մասնակցելու այնտեղ անցկացվող ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների տարեկան հավաքին։ Հանդիպման շրջանակներում Լավրովը մամլո ասուլիս տվեց` հստակեցնելու համար Ռուսաստանի դիրքորոշումը միջանցքի հարցի վերաբերյալ։ Նա նշեց, որ ճանապարհներն ու հաղորդակցական ուղիները ապաշրջափակվելու են եւ երկու երկրների միջեւ երթեւեկությունը տեղի է ունենալու առանց խաթարելու այն երկրի ինքնիշխանությունը, որոնց միջով անցնելու են այդ ուղիները։ «Այս հարցում երկիմաստություն չի կարող լինել», շեշտեց նա հավելելով, սակայն, «երթեւեկությունը ընթանալու է պարզեցված ձեւով» խնդրահարույց նախադասությունը։ Մնում է հստակեցնել, թե այդ «պարզեցված ձեւը», որին ակնարկում էր, ի՞նչ է նշանակում։ Այնուամենայնիվ Հայաստանին վստահեցրել են, որ Նախիջեւանի անկլավը Ադրբեջանի մայր երկրին միացնող երկաթուղու եւ պողոտայի կառուցումը չի խաթարելու Հայաստանի ինքնիշխանությունը։ Նման վստահեցումը հետեւանք է Լավրովի Անկարա եւ Բաքու կատարած այցելությունների, որոնցում, հավանաբար, կողմերը որոշակի համաձայնության եկել են։

Չնայած թվում է, թե Լավրովը համոզել է Ալիեւին Զանգեզուրի միջանցքի կարգավիճակի առնչությամբ, Բաքվի եւ Մոսկվայի միջեւ թունոտ կշտամբանքները շարունակվում են: Ադրբեջանը արգելափակել է «Ռիա նովոստի» եւ «Սպուտնիկ» ռուսական կայքերը, որովհետեւ նրանք հեռարձակել են Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հարցազրույցը, իսկ Ռուսաստանը փոխադարձաբար արգելափակել է Ադրբեջանի «Թրենդ» պաշտոնական լրատվական կայքը:

Մինչ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի տարածքային աբողջականությանը, երկրի դաշնակիցներն ու բարեկամները բացարձակ լռություն են պահպանում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը այդ հարցը բարձրացրին ՀԱՊԿ արտգործնախարարարների Երեւանում վերջերս կայացած հանդիպման ժամանակ, պահանջելով մեկ տարի առաջ այդ կառույցին ներկայացված բողոքի պատասխանը: Ադրբեջանն այդ ժամանակ 45 կմ Հայաստանի տարածք էր ներխուժել, իսկ ՀԱՊԿ ղեկավարությունը ոչ մի ձեւով չէր արձագանքել: Զարմանալի չէր, որովհետեւ բոլոր անդամ երկրներն այդ պաշտպանական կառույցի (որի անդամն է Հայաստանը, իսկ Ադրբեջանը` ոչ) շնորհավորել էին Ադրբեջանին պատերազմում հաղթանակ տանելու կապակցությամբ: Որոշ երկրներ էլ, ինչպես օրինակ` Բելառուսը, նույնիսկ մահաբեր զենք էին մատակարարել Ադրբեջանին` ծիծաղի առարկա դարձնելով այդ կառույցը:

Բայց ամեն ինչ չէ, որ կորած է. ի մի բերելով վերջին զարգացումների լրահոսը, կարելի է տող առ տող գրել մի լավատեսական սցենար: Միջանցքի վերաբերյալ Լավրովի հավաստիացնող արտահայտությունը կարելի է համարել մի դրական քայլ: Երկրորդը` ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործունեության մասին լուրերի անճշտությունը: Այդ խումբը վերջին եւ լավագույն հույսն է արցախահայերի համար, որովհետեւ ներկայացնում է միակ հարթակը, որ դեռ պնդում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել եւ անհրաժեշտ է այն կարգավորել խաղաղորեն: Սա անուղղակի կշտամբանք է ուղղված Ադրբեջանին, որ պնդում է, թե հարցը ռազմական ուժով արդեն կարգավորված է:

Հասկանալի է, թե ինչու Ադրբեջանի ղեկավարներին «հունից հանում է» Մինսկի խմբի մասին որեւէ ակնարկություն: Չէ՞ որ այդ ձեւաչափը կարող է ի չիք դարձնել այն ամենը, ինչ նրանք պնդում են: Զուգահեռ մի ձեւաչափ էլ ստեղծեցին Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը` 3+3 անվանումով, որի մի կողմում պետք է հանդես գային Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, իսկ մյուս կողմում` Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը: Այդ ձեւաչափը սկզբում հնարավորություն ուներ պաշտպանելու Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումները եւ իր խորքում առաջարկվել էր որպես հակակշիռ Կովկասում Արեւմուտքի ներթափանցմանը, որը ԵԱՀԿ ձեւաչափով էր ներկայանում: Բարեբախտաբար 3+3 ձեւաչափը տապալվեց հենց սկզբից:

Հաջորդ դրական զարգացումը Մ. Նահանգների պետքարտուղարի տեղակալ Կարեն Դոն Ֆրիդի այցն էր տարածաշրջան: Նա անցյալ շաբաթ հանդիպումներ ունեցավ նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հետ: RFE/RL երեւանյան լրատվական կայանին տված իր հարցազրույցում հարգարժան տիկինը նշեց, որ Մ. Նահանգները ցանկանում է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ` հեշտացնելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Չափազանց փխրուն ժամանակներ ենք ապրում եւ քաղաքական զարգացումները կարող են նպաստավոր ելքեր առաջադրել Հայաստանին, եթե անշուշտ ղեկավարությունը կարողանա ճիշտ գնահատել իրադրությունը: Թշնամին Հայաստանին ուղղված սպառնալիքներից մեկն է միայն, մյուսը` կառավարության անձեռնհասությունն է ու ներքին ընդդիմությունը: Վերջինս փողոց է դուրս եկել` պահանջելով Փաշինյանի հրաժարականը, իսկ կառավարությունը վհուկների որսով է զբաղված, մինչ երկրի սահմանների մոտ կատաղի թշնամիներն են աչալուրջ հսկում: Եթե կառավարությունն ու ընդդիմությունը կարողանան միավորել իրենց գործողությունները, ուրեմն կարելի է ասել, որ ամեն ինչ կորած չէ: Եթե Զանգեզուրի միջանցքի հարցը ի նպաստ Հայաստանի կարգավորվի, պատերազմը կկանխվի եւ Հայաստանի գոյատեւումը երաշխավորված կլինի: Իսկ եթե այն ի նպաստ Ադրբեջանի կարգավորվի, ապա Հայաստանի գոյատեւման պայքարը երկար կարող է չտեւել:

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց Հակոբ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930