ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի՝ «Ապագա գործերի նախարարություն» նախաձեռնության շրջանակում հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն այս անգամ զրուցել է MGM Studios-ի նախկին նախագահ և գործադիր տնօրեն, MGM Resorts-ի նախկին նախագահ Ալեքս Եմենիջյանի հետ։ Լինելով Ցեղասպանությունից հետո Արգենտինայում հաստատված հայերի ժառանգ՝ Եմենիջյանը կրթություն է ստացել ԱՄՆ-ում և այնտեղ էլ կայացել է որպես հաջողակ գործարար: Նա եղել է նաև ամերիկահայ հայտնի բարերար և գործարար Քըրք Քըրքորյանի գործընկերն ու մտերիմ ընկերը:
Ալեքս Եմենիջյանի ու Ռուբեն Վարդանյանի զրույց-քննարկումը ծավալվել է մասնավորապես հայկական աշխարհում և Սփյուռքում հայկական ինքնությունը պահպանելու և այն հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորության, Սփյուռքի ներուժը հօգուտ Հայաստանի զարգացման օգտագործելու, Հայաստան-Սփյուռք արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն հաստատելու ձևերի, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության և մի շարք այլ հարցերի շուրջ:
«Հուսով եմ, որ կկարողանանք հաջորդ սերնդին փոխանցել այն, թե ինչ զգացմունք է հայ լինելը: Որովհետև հայ լինելը զգացմունք է: Գտնվելով այստեղ՝ ես չեմ փոխել իմ արժեքներից, իմ սովորույթներից և ոչ մեկը: Եվ հպարտ եմ, որ այսպիսին եմ»,- նշել է Ալեքս Եմենիջյանը։
Նրանք խոսել են նաև հայրենասիրության ու դրա իրական բովանդակության մասին: «Պիտի ձգտենք հզոր տնտեսություն, Հայաստանի երիտասարդների համար երկիրը չլքելու հնարավորություններ ստեղծել, ավելի լավ հարաբերություններ ունենալ Սփյուռքի հետ։ Ահա թե ինչպիսին պետք է, իմ կարծիքով, լինի հայրենասիրությունը»,- ասել է Ալեքս Եմենիջյանը:
Կարդացեք նաև
Զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծել են գալիք սերունդների համար որակյալ կրթություն ապահովելու կարևորությունը, վստահելի և հարգված առաջնորդության մշակույթի ձևավորումը, իրենց ոլորտներում կայացած Սփյուռքի հայտնի մասնագետների փորձը Հայաստանի երիտասարդներին հասանելի դարձնելու հնարավորության ստեղծումը։
«Կրթությունը միայն գիտելիքը չէ, դա նաև այն է, թե ով է սովորեցնում, ով է այն մարդը, որը փոխանցում է։ Հաջողության փոխակերպման կարևոր տարրերից մեկը լավագույն մարդկանց բերելն է որպես ուսուցիչներ ու խորհրդատուներ. այնպիսի մարդկանց, որոնք իսկապես կօգնեն երիտասարդներին, հասկանալու, թե որն է ճիշտը, որը՝ սխալը, և ինչպես լինել հաջողակ: Երիտասարդ սերունդը գալիս է նոր հնարավորություններով, բայց մենք պետք է ապահովենք անցյալից դեպի ապագա այդ շարունակականությունը»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:
«Ապագա գործերի նախարարությունը» զրույցների շարք է, որը նախաձեռնել է ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամը՝ «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսության հետ համագործակցությամբ։ Ուղիղ զրույց ձևաչափով անցկացվող քննարկումներին մասնակցում են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի նշանավոր գործիչներ։ Զրույցների ընթացքում արծարծվում են գիտությանը, կրթությանը, առողջապահությանը, բիզնեսին և քաղաքականությանը վերաբերող հրատապ հարցեր՝ ուշադրությունը կենտրոնացնելով Հայաստանի և Սփյուռքի համար կարևորություն ունեցող թեմաների վրա։
Հարցազրույցներին կարելի է հետևել ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի և «ՍիվիլՆեթի» հարթակներում։
Ալեքս Եմենիջյանի ու Ռուբեն Վարդանյանի զրույցը հնարավոր է դիտել այստեղ.