«Ազգ»-ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը
– Օրերս հրապարակվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ նախագահի (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց զրույցը: Իրավական համակարգի ներկայացուցիչները, քաղաքագետներն այժմ քննարկում են այդ զրույցը գաղտնի ձայնագրել-չձայնագրելու հարցը, դրա բարոյական կողմը, Ջհանգիրյանի հայհոյախառն բառապաշարը: Խնդիրը սակայն ավելի խորքային է, սկսած նրանից՝ թե ո՞վ, ի՞նչ հրահանգ պետք է տար: Կողմերը ընդունել են, որ ձայնագրությունն իրական է, հետեւաբար՝ դուք ի՞նչ եզրահանգումներ եք անում: Քաղաքական իշխանությունը, փաստորեն, քրեական գործերը պատրաստի մահակ է պահում իր համար անցանկալի մարդկանց գլխին:
– Հայտնի է, որ դատախազությունը քննություն է իրականացնում ձայնագրության վերաբերյալ, ուստի իրավական գնահատական չեմ շտապի տալ, հատկապես, որ գնահատականներ հնչեցնողների պակաս չունենք: Մի բան կարող եմ ասել, որ եթե Արթուր Վանեցյանի համանման ձայնագրությունների հրապարակումից հետո, որտեղ վերջինս որպես ԱԱԾ տնօրեն՝ բացահայտ ցուցումներ էր տալիս դատավորին, իրավական հետեւանք չեղավ, ապա այս դեպքում հետեւանք ակնկալելն առնվազն միամտություն կլինի:
– «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ դուք, «Դիմադրություն» շարժման, ըստ երեւույթին, գործունեության դադարից հետո քննադատում, ինչ-որ տեղ, անգամ հեգնում եք ընդդիմության ներկայացուցիչներին: 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին ամենատարբեր բնորոշումներ ու գնահատականներ նաեւ ԼՀԿ-ականներդ եք տվել, հիմա ինչքանո՞վ է բարոյական սարկազմով խոսել շարժման անդամների մասին՝ ակամա ջուր լցնելով ՔՊ-ի ջրաղացին: Իհարկե, կարող եք ասել, որ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները քաղաքական դաշտի համար լակմուսի թուղթ էին, բայց չմոռանանք, որ ձեր քննադատություններն էլ ոչ պակաս սուր էին ու կոշտ:
Կարդացեք նաև
– Այո, մեր գնահատականները սուր էին: Այո, մենք պահանջում էինք խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այո, այդ ընտրությունները եղան եւ իշխանությունները հաղթեցին, ընդդիմությունը՝ պարտվեց: Արդյո՞ք իշխանություններին մենք քննադատում էինք այն նպատակով, որ նախկին իշխանությունները վերադառնան, բնականաբար՝ ոչ: Արդյո՞ք նախկին իշխանություններն ավելի քիչ վնաս են հասցրել մեր պետությանը, քան ներկաները, բնականաբար՝ ոչ: Արդյո՞ք մենք երբեւէ դաշնակցել ենք նախկին իշխանությունների հետ, իհարկե՝ ոչ: Արդյո՞ք այսքանից հետո տեղին է հարցնել ընդդիմություն դարձած նախկին կոռուպցիոներներին քննադատելու բարոյական ասպեկտի մասին, կարծում եմ՝ ոչ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: