Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշեցում

Հունիս 24,2022 08:10

Հետևում եմ Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան սկանդալային զրույցի ձայնագրության մեկնաբանություններին։ Այս անգամ կանդրադառնամ իշխանական և իշխանամերձ գործիչների խոսքերին։

Սկսենք բռնապետիկի կնիք աշխատող, նախագահ կոչեցյալից։ Նրան հանիրավի քննադատում են, որ ձայնագրության մասին նա ասում է, թե այդ մասին խոսելն իր լիազորությունների մեջ չի մտնում։ Ի՞նչ․․․ զարմացա՞ք․․․, թե լուրջ եք ընդունում, որ նա պետության գլուխն է և հետևում է  Սահմանադրության պահպանմանը։

Պատկերացնու՞մ եք, որ նա իսկապես փորձեր հետևել Սահմանադրության պահպանմանը։

Մի՞թե դուք չեք խղճում նրան։ Հաջորդ իսկ օրը նրան մեղադրանք կառաջադրվեր և նա կարճ ժամանակում կհայտնվեր ճաղերի ետևում։ Չե՞ք հավատում, հարցրեք Արթուր Դավթյանին և Գագիկ Ջհանգիրյանին։

Հաջորդը արդարադատության փոխնախարարն էր, որն ասաց, թե նախարարությունը չի միջամտում դատարանների գործերին։ Ա՛յ քեզ պետական մտածողություն։ Բա քո վերադասը չէ՞ր, որ խոսում էր դատավորների կոռուպցիոներ լինելու մասին, բա դուք չե՞ք, որ կարգապահական վարույթներ եք հարուցում։ Նրան նույնպես չի կարելի մեղադրել։ Նայեք միայն նրա դեմքին՝ շատ ավելի խեղճուկրակ, քան բռնապետիկի նկարի առջև չոքած աղոթող նրա վերադասինը։

Այս ամենը մի կողմ։ Ամենազավեշտալին այն է, որ շատերը հիմնականում խոսում են, որ այդ խոսակցությունը եղել է ոչ պաշտոնական, «հացի սեղանի» շուրջ, ուստի և դրան չի կարելի քաղաքական գնահատական տալ։ Չէ՞ որ հայի համար «հացի սեղանը» սուրբ է։

Հիշեցում բոլորին․

Պետական, քաղաքական, հանրային գործիչների մասնավոր կյանքն, ի տարբերություն այլ քաղաքացիների՝ չի կարող լինել անձեռնմխելի։ Նրանց և ընտանեկան և ընկերական և արձակուրդային կյանքը կարող է լուսաբանվել, այո՛ հենց քաղաքական տեսակետից։ Այդ նրանք են որոշել քծնելով, հաճոյանալով, հակառակորդներին հայհոյելով, ընկերներին, նույնիսկ ընտանիքի անդամներին դավաճանելով, դառնալ քաղաքական, պետական գործիչներ՝ վարչապետ, նախարար, տեղակալ, պատգամավոր, դատավոր, դատախազ և այլն։Եվ նրանք, հանուն անձնական առաջխաղացման, կամովին իրենց զրկել են մասնավոր կյանքի անձեռնմխելիությունից։

Այնպես որ Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան զրույցը, հայհոյախառն բառապաշարն  ու «հացի սեղանը», այո՛, քաղաքական են։ Ցանկացած պետության մեջ նման սկանդալը կբերեր ողջ իշխանության հրաժարականին։ Բայց, քանի որ մեր և պետությունը և հասարակությունը ոչ թե քաղաքական են, այլ կլանային և առաջնորդվում են կլանային շահերով, այս սկանդալային զրույցը որևէ հետևանք չի ունենա։

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Շատ տեղին ու օբյեկտիվ դիտարկում։ Սա մի խայտառակ ձայնագրություն էր, բայց ավելի խայտառակ է դրա նկատմամբ վերաբերմունքը իշխանության կողմից

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930