Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱԺ-ն փոխարինել 88 ռոբոտներով

Հունիս 24,2022 10:00

Ի՞նչ է մարդուն տալիս պատգամավորական մանդատը: Գործարարի դեպքում՝ հարցի պատասխանը պարզ է. իր մանդատով նա, այսպես թե այնպես, մոտ է կանգնում իշխանությանը եւ ապահովագրում է իր բիզնեսը: Գուցե նաեւ կան մարդիկ, որոնց փառասիրությունը շոյվում է «ՑեԿա»-ի շենք գնալով եւ նիստերի դահլիճի աթոռներին բազմելով: Մնացածի դրդապատճառներն այնքան էլ պարզ չեն (չեմ բացառում, որ նրանցից ոմանց էլ գրավում է, ըստ էության, ոչինչ չանելով, բավականին բարձր աշխատավարձ ստանալը):

Եթե խնդիրն ընդդիմախոսներին «բարոյապես ջախջախելն է», ապա դա կարելի է անել նաեւ առանց խորհրդարանական ամբիոնի՝ նստիր համակարգչիդ վեբ-խցիկի առաջ եւ ջախջախիր, որքան սիրտդ կուզի: Եթե օգտագործես թունդ, ցանկալի է ոչ նորմատիվ բառապաշար, ապա լսարանդ ավելի մեծ կլինի, քան ցանկացած պատգամավորինը:

Օրենսդիր աշխատա՞նք: Բայց վերեւներում՝ կառավարությունում, ամեն ինչ որոշված է: «Ճիշտ կոճակը» սեղմելու համար կարելի է չպատկանել homo sapiens տեսակին, ընդհանրապես կենդանի էակ չլինել: Բարձր տեխնոլոգիաների մեր դարում խնդիր չկա 88 ռոբոտներ նստեցնել դահլիճի աթոռներին եւ կառավարության բերած օրենքների դեպքում դրանց ծրագրավորել «այո»-ի, իսկ ընդդիմության առաջարկած նախագծերի պարագայում՝ «ոչ»-ի:

1995 թվականից ի վեր՝ Ազգային ժողովի դերը մեր քաղաքական կյանքում գրեթե զրոյական է: Ընդդիմադիր պատգամավորներն այս տարիների ընթացքում կրքոտ ելույթներ էին ունենում, քննադատում էին իշխանության օրենսդրական նախաձեռնությունները, բայց հետո միացվում էր քվեարկության մեխանիզմը եւ իշխանահաճո որոշումն ընդունվում էր:

Հետեւաբար, եթե մարդը ցանկություն ունի ինչ-որ բան փոխելու այս կյանքում, ինչ-որ ձեւով ազդել իրավիճակի վրա, նա պետք է այլ տեղ փնտրի իր գաղափարների իրագործման համար: Խորհրդարանում նա չի կարողանա իրականացնել իր այդ իդեալիստական ձգտումները: Նման ձգտումներ ունեցող մարդը պարզապես կձանձրանա խորհրդարանի երբեմն արտաքուստ բուռն, բայց իրականում միապաղաղ մթնոլորտում:

Արթուր Վանեցյանի քայլն՝ այդ առումով, ողջունելի է: Եվ որքան էլ իշխանության քարոզիչները հայտարարեն, թե նա հանձնվել է, հասկացել է, որ իրենց դեմ խաղ չկա, այդ քայլը կարող է իրականում հիմք դառնալ դրական գործընթացի համար: Նման գործընթաց, իմ կարծիքով, տեղի կունենար, եթե երկու խմբակցությունների բոլոր պատգամավորները միաժամանակ վայր դնեին իրենց մանդատները: Իսկ իրենց ցուցակների հաջորդ թեկնածուները շարունակաբար նույնպես հրաժարվեին մանդատներից: Չեմ կարծում, որ դա անմիջապես կհանգեցներ ԱԺ-ի լուծարմանը: Բայց կլիներ իրական խաղաղ դիմադրության դրսեւորում: Միեւնույն ժամանակ կդադարեին խոսակցությունները, թե՝ «աշխատավարձ եք ստանում, պադավատներից եք օգտվում, բայց գործ չեք անում»:

Ինչ-որ բան ինձ հուշում է, որ դա տեղի չի ունենա: Հավանաբար, պատգամավորական մանդատի մեջ կա յուրահատուկ մի քաղցրություն, որը մենք՝ շարքային քաղաքացիներս, չենք հասկանում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ես միշտ էլ ասել եմ,որ մեր պարագայում պատգամավոր պետք է դառնա ամեն կուսակցությունից ընդամենը մեկ մարդ,որի ձայնը հավասար կլինի իր կուսակցության կողմից ստացած մանդատների չափին։

  2. Լավատես says:

    Մենք բոլորս էլ տեսնում ենք, որ Արեւն է պտտվում մեր շուրջը եւ տիեզերքի մարդակենտրոն տեսության կուսակցությունները կհաղթեն ընտրություններում, որտեղ կմասնակցեն ոչ միայն մասնագետ աստղագետներն ու դպրոցի ուսուցիչներն ու նրանց աշակերտները, որոնք ակնհայտ բաները չգիտես ինչու չեն ուզում տեսնել, երբ պնդում են, թե մենք ենք իբր Երկրի հետ պտտվում Արեւի շուրջը, այլեւ ոչմասնագետ դպրոց դեռ չգնացած մանկապարտեզի երեխաներն ու մի կոճակ զարկող ու հազարի ճակատագիր ջարդող պատգամավորները: Ամեն կուսակցություն իր մեջ պետք է ունենա քաղաքականության՝ անվտանգության, տնտեսության եւ հոգեւոր ու գիտական հարցերում մասնագետներից կազմված ուղեղային կենտրոն՝ այդ կուսակցության գաղափարախոսության աղբյուրը: Այս ուղեղային կենտրոնների մասնագիտական ելույթներն ու դեբատները պատգամավորական ամբիոնից կներկայացներ այդ կուսակցությունների մեծությունն ու սնանկությունը, որովհետեւ լսողները ոչ թե քաղաքական մանկապարտեզի երեխաներն են՝ սովորական ընտրող ժողովուրդը, այլ իրենց նման մասնագետները, որոնց չես խաբի ակնհայտ բաներով՝ որ Արեւն է պտտվում մեր շուրջը: Փորձը ցույց է տվել, որ անկախ աշակերտի մակարդակից, լավ ուսուցիչը իր բոլոր անխտիր աշակերտների շնորհքի մինչեւ վերջին կաթիլը լույս աշխարհ է բերում, իսկ վատ ուսուցիչը նույնիսկ իր լավ աշակերտների շնորհքը աշխատում է չտեսնելու տալ, քանի որ դրանից օգուտ չունի, նույնն էլ բանակի հրամանատարն ու պատգամավորը: Կեցցե՛ն մեր լավ ուսուցիչներն ու լավ հրամանատարներն ու լավ պատգամավորները:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930