Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ քննիչը հաղթել է քննչական կոմիտեին

Հունիս 24,2022 14:00

Դատարանի ուշադրությունը հրավիրվել էր այն հանգամանքի վրա, որ քննիչը նախկինում երբեւէ կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել: 2021 թվականի ապրիլին քննիչին շնորհվել է «երկրորդ դասի խորհրդական» դասային աստիճան, իսկ 2021 թվականի հուլիսին պաշտոնը բարձրացվել է, եւ նա նշանակվել էր Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչի պաշտոնում: Իսկ սեպտեմբերին կարգապահական վարույթն է հարուցվել:

Վարչական դատարանը հունիսի 1-ին բավարարել է Վարդանուշ Իրիցյանի հայցը, վերացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 1093-Ա հրամանը եւ պարտավորեցրել քննչական կոմիտեին Վ. Իրիցյանին վերականգնել քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչի պաշտոնում եւ վճարել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Քննիչը եւ նրա ներկայացուցիչը դատաքննության ժամանակ հայտնել են, որ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնակատարի միջնորդության հիման վրա քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Իրիցյանի կողմից ՔԿ նախագահի 2018 թվականի թիվ 114-Լ հրամանով հաստատված հավելվածի պահանջների խախտման փաստերի կապակցությամբ կատարվել է նախնական ուսումնասիրություն: Քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ 2021 թ. սեպտեմբերի 15-ին դիմել է քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին՝ օրենքի առերեւույթ խախտումներ թույլ տալու վերաբերյալ: Ըստ հայցվորի ներկայացուցչի, սակայն անցել են կարգապահական վարույթ հարուցելու համար սահմանված ժամկետները:

Հայցվորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է 2021թ. նույեմբերի 4-ին: Կարգապահական հանձնաժողովը բավարարել էր կոմիտեի նախագահի միջնորդությունը՝ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ, որոշմամբ հաստատելով քննիչի արարքներում կարգապահական խախտման փաստերի առկայությունը: 2021 թ. նոյեմբերի 29-ին քննչական կոմիտեի նախագահը միջնորդությամբ դիմել է կարգապահական հանձնաժողովին Վ. Իրիցյանի նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը քննարկելու համար: Կարգապահական հանձնաժողովը 2021 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ «հնարավոր է համարել» Վ. Իրիցյանի նկատմամբ տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կարգապահական տույժի կիրառումը:

Հիմք ընդունելով Կարգապահական հանձնաժողովի որոշումը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի թիվ 1093-Ա հրամանով Վ. Իրիցյանն ազատվել է զբաղեցված պաշտոնից: Ըստ հայցվորի՝ «Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու համար անհրաժեշտ է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական խախտումների հայտնաբերում, որոնց կապակցությամբ համապատասխանաբար իրականացվում է նախնական ուսումնասիրություն, այնուհետեւ հարուցվում է կարգապահական վարույթ: Այսինքն՝ ծառայողական քննության առաջին փուլ հանդիսացող նախնական ուսումնասիրություն նախաձեռնելու համար հիմք է հանդիսանում համապատասխան կարգապահական խախտման հայտնաբերումը, հետեւաբար, այն անհնար է իրականացնել առանց ենթադրյալ խախտման հայտնաբերման (միակ բացառությունը կարող է լինել նախնական ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված նոր խախտումները)»:

Հայցվոր կողմը նկատել էր, որ հանձնաժողովի որոշման հավելվածով նախատեսված կարգավորումը Իրիցյանի նկատմամբ ծառայողական քննություն նախաձեռնելու պահին դեռեւս հրապարակված չի եղել (ՀՀ քննչական կոմիտեի կայքում այն հրապարակվել է միայն 2021թ. հոկտեմբերի 26-ին): Որոշման հավելվածում կատարված փոփոխության արդյունքում ընդունվել է վատթարացնող նորմ, որը գործող Սահմանադրության 73-րդ հոդվածի ուժով Վ. Իրիցյանի նկատմամբ ենթակա չէր կիրառման: Ըստ քննիչի ներկայացուցչի (կնքվել է «Կոնցեռն-Դիալոգ» փակ բաժնետիրական ընկերության միջեւ կնքված փաստաբանական վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր), քննիչի նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց կիրառվել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվության միջոցներից ամենախիստը: Իսկ ենթադրյալ խախտումների առկայությունը հերքվել է Իրիցյանի կողմից ներկայացված գրավոր եւ բանավոր բացատրագրերով:

Հանձնաժողովի կողմից հաշվի չի առնվել քննիչի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, այն, որ տվյալ ժամանակահատվածում նրա վարույթում քննվել են բազմադրվագ քննություն պահանջող քրեական գործեր, որի մասին դատարանում առկա էր այդ ամենը հիմնավորող տեղեկանք:

Վարույթի հիմք էր հանդիսացել հարցաքննությունների արձանագրություններում առկա ժամային անճշտությունների հարցը, ինչը, ըստ հայցվոր կողմի, տեխնիկական վրիպակի արդյունք էր եւ որեւէ կերպ չէր կարող որակվել, որպես կոպիտ խախտում ու հիմք հանդիսանալ ազատման համար: Հայցադիմումի համաձայն՝ «պաշտոնից ազատում» պատասխանատվության միջոցի կիրառումն անհամաչափ է եւ խիստ խտրական: Դատարանի իրավական գնահատականի համաձայն, գործում առկա չէր որեւէ տեղեկություն, համաձայն որի, Իրիցյանի գործողությունների արդյունքում խախտված լիներ տվյալ պահին որեւէ անձի իրավունք. «որեւէ գործի քննություն չի ձախողվել, ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի չեն ճանաչվել», չկար որեւէ տվյալ, որ գործի ձգձգման արդյունքում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Հայցի համաձայն, կիրառված պատասխանատվության միջոցը խտրական է եւ համաչափ չէ վերագրվող խախտումներին, բացի այդ՝ Իրիցյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ առ այն, որ առնվազն 2021 թվականի սեպտեմբերի 16-ի դրությամբ հայցվորի կողմից կարգապահական ենթադրյալ խախտում կատարած լինելու փաստն արդեն իսկ հայտնաբերված է եղել, մինչդեռ կարգապահական վարույթ հարուցվել է 2021 թ. նոյեմբերի 4-ին՝ օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետի խախտմամբ: Կողմը պահանջել էր նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել, նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցման վճարումը՝ միջին աշխատավարձի չափով վճարել, մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ.– 2021թ. դեկտեմբերին լույս է տեսել «ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի որոշումների» ժողովածուն: Այն ընդգրկում է դեռ 2020 թվականը: 2021-ի մասին դեռ խոսք չկա:

«Առավոտ» օրաթերթ
23.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930