Լրահոս
Օրվա լրահոսը

Ամարասն ապրում է աղոթքների մեջ

Հունիս 24,2022 13:00

Ամարասի վանական համալիրում բուռն շինարարական աշխատանքների շրջան է։ Սակայն դա չի խանգարում հավատացյալների հոսքին։ Ամարասում կատարվում են բոլոր եկեղեցական ծեսերն ու արարողությունները։

Չնայած թշնամու մարտական դիրքերը շատ մոտ են վանական համալիրին, մարդկանց հավատն ու անկոտրում կամքը չի փոխվում։ Արցախում ենք` Ամարասում, ուրեմն կանք, հավատքով ու սիրով կանք։

Տեր Սեպուհ քահանա Հակոբյանը սույն թվականի հունվարի 12-ից է Վեհափառ հայրապետի օրհնությամբ ծառայության անցել Արցախի թեմում եւ թեմակալ առաջնորդի տնօրինությամբ նշանակվել Ամարասի վանական համալիրի վանահայր: «Առավոտի» հետ զրույցում վանահայրն ասաց, որ մեծ ուրախությամբ է կոչվել ծառայության, քանի որ իր համար մեծ պատիվ է լինել դարերի շնչով անցած Ամարասի վանահայրը:
«Ամարասի վանքը կենդանի շունչ է, դա հասկացա իմ ծառայության ընթացքում: Նա ապրում է մեր պես, մեր պես ցավում, բայց պայծառանում է այն ժամանակ, երբ իր գիրկն են գալիս հավատավոր հայորդիներ: Երեւի դա պայմանավորված է նրանով, որ վանական համալիրը մի փոքր կտրված է բնակավայրերից»,-նշում է տեր Սեպուհ քահանա Հակոբյանը, ավելացնելով, որ Ամարասում օրը սկսում են ժամերգությամբ, հայցում են Տիրոջ օրհնությունը, գոհություն հայտնում մեր օրվա համար եւ խնդրում սուրբ Գրիգորիսի բարեխոսությունը։
Վանահոր խոսքով` ուխտավորներ ունենում են տարբեր վայրերից, բայց հիմնականում շաբաթ եւ կիրակի օրերին է Ամարասը մարդաշատ։ Սակայն հույս է հայտնում, որ մյուս օրերն աստիճանաբար կնմանվեն այդ երկու օրերին:

«Աստծո լույսի կրողներն ենք ամենքս. երբ վերստին մկրտվելով դառնում ենք Քրիստոնյա, այդ լույսն է, որ ամեն առավոտ ամենքիս տալիս է կյանք արարելու եւ Տիրոջը փառաբանելու համար, եւ ինչպես Ներսես Շնորհալին է ասում` Առաւօտ լուսոյ, Արեգակն արդար, Առ իս լոյս ծագեա»,-ասում է տեր Սեպուհ քահանան։ Նրան այս պահին միայն անհանգստացնում է, թե ինչպես ավելին անել, ինչպես պայծառացնել արցախցու լույսն ու հույսը, ով դարեր ի վեր արարել է իր հայրենի հողում։

«Իմ հովվական ծառայությունը բերելով վանքապատկան համայնքներում, փորձում եմ բոլորի մեջ սերմանել Հարությալ Տիրոջ փրկչական ավետիսը,-նշում է նա, ապա խոսում արժեքներից,- արժեքը յուրաքանչյուրիս կյանքի փոխհարաբերության արդյունքն է։ Արժեքը մարդու վերաբերմունք արտահայտող ցուցանիշն է, որի կարեւորագույն մասն են կազմում Հավատքը եւ Սերը։ Հավատքը ծնում է հույս եւ մղում մարդուն ապրելու, ստեղծելու, արարելու։ Եվ ինչպես Հակոբոս Առաքյալն է ասում, «Հավատքը առանց գործերի մեռած է, եւ գործերն առանց հավատքի՝ ունայն (Հակոբոս 2.17)»։

Մեր զրույցի վերջում տեր Սեպուհ քահանա Հակոբյանը Ամարասի վանական համալիրից իր օրհնությունն է բերել ամենքին. «Թող Տերը օրհնի ամենքիդ եւ Արցախ աշխարհին, հաստատուն պահի ձեր հավատքի եւ արժեքների մեջ, այժմ եւ միշտ եւ Յաւիտեանս Յաւիտենից, Ամէն»։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930