Հարցազրույց դաշնակահար, երգեհոնահար Վահագն Մարգարյանի հետ
– Հարգելի Վահագն, ձեզ հարցազրույցի հրավիրելու առիթը վերջերս Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում կայացած համերգն էր, որտեղ դուք Երեւանի օպերային թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ հնչեցրիք Պուլենկի կոնցերտը՝ երգեհոնի, լարային նվագախմբի եւ տիմպանիի համար։ Լեփ-լեցուն դահլիճի հանդիսականի արձագանքից միանշանակ կարելի է ասել, որ ստեղծագործության ձեր մեկնաբանությունը գոհացրեց։ Գուցե միանշանակ կարելի է ասել, որ մեր հանդիսատեսը վերջին 30 տարիներին հազվադեպ է հնարավորություն ունենում ներկա գտնվել երգեհոնային համերգի։
– Նշեցիք արդեն, որ ամիսը մեկ անգամ հնարավորություն է ընձեռվում երգեհոնահարներին հանդես գալ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում։ Հավանաբար գիտեք, որ մեկ համերգի ընթացքում ներգրավված են լինում միանգամից մի քանի երաժիշտներ։ Այսօր երգեհոնահարները մեծ թիվ չեն կազմում, մոտ տասն ենք՝ Աննա Բակունց, Թերեզա Ոսկանյան, Արմեն Աղաջանյան, Հարություն Թագվորյան… Իրականում քիչ են դահլիճները, որտեղ երգեհոն կա տեղադրված… Իսկ իմ համոզմամբ՝ երգեհոնի դասարան պետք է լինեն երաժշտական դպրոցներում, բայց միայն Չարենցավանի դպրոցում (տնօրեն՝ Քնարիկ Մայիլյան) է առկա երգեհոն, որտեղ էլ ես դասավանդում եմ 2012 թվականից։
Հայաստանում երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանը Լենինգրադում ուսումն ավարտելուց հետո 1966-ին վերադարձավ ու սկսեց դասավանդել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իսկ 1970-ին հիմնեց երգեհոնի դասարան։ 1990-ականներից, որքան ես եմ տեղյակ, կոնսերվատորիայում երգեհոն դասավանդվում է ֆակուլտատիվ հիմունքներով։ Անկեղծ ասած՝ ցանկացողներն էլ այնքան շատ չեն։
– Դուք, բնականաբար, ձեր ուղին սկսել եք որպես դաշնակահար, հետո դա զուգահեռել երգեհոնի հետ։
– Իմ բախտը բերել է, որ երաժշտական դպրոց եմ հաճախել Չարենցավանում եւ մեր դպրոցում դասավանդում էր Վահագն Ստամբոլցյանի առաջին ուսանողներից Արթուր Ադամյանը, որի մոտ ես դաշնամուրային բաժնի 5-րդ դասարանից սկսած՝ զուգահեռ ուսումնասիրեցի երգեհոնի այբուբենը։ Իսկ հետո արդեն կոնսերվատորիա ընդունվեցի նախ որպես դաշնակահար՝ պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարան եւ առաջին օրվանից հաճախեցի երգեհոնի դասերի՝ Արթուր Ադամյանի մոտ։
Կարդացեք նաև
Այսօր երգեհոնը հավուր պատշաճի ներկայացված չէ լայն հանդիսատեսին։ Պատճառներից առաջինը գործիքի քիչ քանակն է, թեեւ դրանք տեղադրված են ոչ միայն Երեւանի կամերային երաժշտության տանը, այլեւ Հայաստանի կոմպոզիտորների միության տան դահլիճում, վերջապես անցյալ տարի երգեհոն տեղադրվեց նաեւ Կապանի արվեստի քոլեջում, բայց պետք է մտածել, որ, կրկնում եմ՝ երգեհոնի դասարան բացել երաժշտական դպրոցներում, ուսումը սկսել դպրոցական տարիքից։ Հիմա արտադրվում են փոքր չափերի երգեհոններ, որոնք բավարար են առաջին քայլերն անելու համար։
– Մենք շուրջ 20 տարի առաջ հարց էինք բարձրացրել, որ մեր եկեղեցիներում էլ կայանան երգեհոնային երաժշտության համերգներ։
– Նախ կուզեի, որ մեր ունեցած երգեհոնները վերանորոգվեն, որից հետո, վստահ եմ, համերգների թիվն ավելի կշատանա, հետեւաբար եւ հետաքրքրությունը կմեծանա։ Իսկ Հայաստանի նման փոքր երկրում, երբ երգեհոնահարներն այնքան շատ լինեն, որ ինչպես ասում են՝ գործիքները քչություն անեն, այդժամ կարելի է մտածել այլ հարթակների մասին։ Հիշում եմ, երբ 13 տարեկան էի ու որպես Սպիվակովի հիմնադրամի շահառու մեկնելու էի Ֆրանսիա համերգների, պրոֆեսորս՝ Արթուր Ադամյանը, ինձ ասաց, որ միայն Փարիզում կան երգեհոններով «զինված» հարյուրավոր եկեղեցիներ եւ այնպիսի երգեհոնահարներ, որոնք մշտապես բեմ են բարձրանում տվյալ եկեղեցում։ Հետո ես Փարիզում ականատեսը եղա, որ, օրինակ՝ Աստվածամոր տաճարում մեկի փոխարեն երեք երգեհոն էր տեղադրված, եւ, ասենք, աշխարհահռչակ երգեհոնահար Ժան Գիյույին լսելու համար հանդիսատեսը չի փնտրում, թե մեծանուն երաժիշտը որ դահլիճում է ելույթ ունենալու, միանգամից գալիս է Սուրբ Էստաշ եկեղեցի։
– Չե՞ք մտածել երբեւէ, որ գուցե հանդիսատեսին շահագրգռելու համար անհրաժեշտ է վերանայել երգեհոնային երաժշտության երկացանկը։ Տասնամյակներ շարունակ, եթե ասում ենք երգեհոնային երաժշտություն, այն առաջին հերթին նույնացնում ենք Բախի անվան հետ։
– Եվ համաձայն եմ դիտարկմանը, եւ՝ ոչ։ Կոնկրետ ինձ համար Բախը առանձնահատուկ տեղ ունի իմ նվագացանկում, բայց ես մեծ տեղ եմ հատկացնում, օրինակ, հայկական հոգեւոր երաժշտությանը, կոնկրետ՝ ստամբոլցյանական շարականների մշակումներին։ Աշակերտներիս հետ առաջին պարապմունքները սկսում եմ հենց դրանցով։
– Դուք որպես դաշնակահար եւ երգեհոնահար հանդես եք եկել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում եւ այլ երկրներում։ Իհարկե, նման հարց ուղղելը ճիշտ չէ, բայց դուք, այնուամենայնիվ, առաջնահերթությունը տալիս եք դաշնամուրայի՞ն արվեստին, թե՞ երգեհոնային։
– Չէ, նորմալ հարց է։ Հավաստիացնում եմ՝ իմ դեպքում երկուսն էլ առաջնահերթ են: Օրինակ, 2019թ. համերգներից մեկում հանդես եկա եւ որպես դաշնակահար, եւ որպես երգեհոնահար։
– Մեր ճանաչված երգեհոնահարները վաղուց ապրում ու ստեղծագործում են «դրսում», օրինակ՝ ձեր պրոֆեսոր Արթուր Ադամյանը՝ ԱՄՆ-ում, Նարինե Սիմոնյանը՝ Ֆրանսիայում, կարելի է այդ ցանկը շարունակել։ Ասում են՝ Կալինինգրադում միջազգային մրցույթի մասնակցությունից հետո մեկի փոխարեն երկու առաջարկ եք ստացել՝ դրսում ապրելու ու ստեղծագործելու…
– Չարենցավանում ապրելու, աշխատելու, ստեղծագործելու, բեմ դուրս գալու բոլոր հնարավորությունները կան։ Դրսում ապրելու ու ստեղծագործելու մասին, հավատացնում եմ, երբեւէ չեմ մտածել։
– Գանք մեր զրույցի սկզբին. եկեք համաձայնեք, որ մեզ մոտ Վահագն Ստամբոլցյանի հիմնած երգեհոնային դպրոցը գնալով կարծես «խեղճանում» է։
– Չէ, նման բան մի ասեք։ Անհուսալի, մինորային տրամադրություն պետք չէ։ Հիմա էլ ես վերադառնամ Չարենցավանի իմ՝ Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային «մասով» գործունեությանը ու փաստերով խոսեմ։ Դպրոցը 2019-ից մասնակցում է ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերին, ինչի արդյունքում հետեւողական աշխատանք է տարվում տարբեր ձեւաչափերով միջոցառումների կազմակերպման ու անցկացման ուղղությամբ։ Այդ հարցում միանշանակ առանցքային դեր ունի դպրոցի երգեհոնային դահլիճը։ Ամպագոռգոռ թող չհնչի, բայց կարող եմ հայտարարել, որ մեր դպրոցը կարող է օրինակ հանդիսանալ հայաստանյան մյուս դպրոցների ու քոլեջների համար։ Մենք՝ երգեհոնահարներս, ընդ որում՝ բոլորս, Վահագն Ստամբոլցյանի դպրոցի շարունակողներն ենք եւ պետք է աշխատանքներ տանենք մեր համայնքներում, որպեսզի հնարավորինս շուտ բացվեն երգեհոնի դասարաններ։
– Եկեք մեկ անգամ էլ անդրադառնանք երգեհոնային երաժշտության երկացանկին։ Իսկ ինչո՞ւ դուդուկի օրինակով երգեհոնը չընդգրկենք շոու-բիզնեսում նույնպես։ Այսօր համաշխարհային աստղ Մադոննայի երկացանկում կան երգեր, որտեղ օգտագործված է երգեհոն, ավելին՝ կան երգեր, որտեղ Բախի երգեհոնային երաժշտության հետ միքս է արված։
– Ինձ համար ընդունելի չէ այդ վերաբերմունքը։ Հանդիսատեսին է հարկավոր բարձրացնել բարձր արվեստի մակարդակին։ Այլ կերպ ասած՝ ցանկացած ոլորտում պետք չէ նշաձող իջեցնել, անհրաժեշտ է եղածը պահպանել ու մտածել այն բարձրացնելու մասին։ Հիշեցի ռուս ականավոր դաշնակահար Հենրի Նեյհաուզի խոսքերը՝ անհնարինին ձգտելով միայն կարող ես հասնել ամենայն հնարավորի։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
23.06.2022