Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիզիկական եւ սեռական բռնության ենթարկված կանայք փորձում են ինքնասպան լինել. հետազոտություն

Հունիս 24,2022 14:30

Հայաստանում որեւէ տեսակի բռնության ենթարկված կանայք չունեն որեւէ եկամուտ, նրանք ֆինանսապես կախված են զուգընկերոջից կամ ընտանիքի անդամներից, ինչն էլ իր հերթին բարձրացնում է բռնության ենթարկվելու հավանականությունը։ Այս եզրակացությանն են հանգել «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտության» հեղինակները։ Այն վերջերս է հրապարակվել։

Հետազոտությունն իրականացվել է վիճակագրական կոմիտեի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի եւ «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի»-ի համագործակության շրջանակներում: Հետազոտությունն իրականացվել է ամբողջ Հայաստանի տարածքում, հարցվել է 15-59 տարեկան 2 872 կին, որոնցից երբեւէ զուգընկեր ունեցած կանանց թիվը 2 560 է։

Ֆիզիկական բռնություն

Ըստ հետազոտության արդյունքների, զուգընկերոջ կողմից երբեւէ չեն ենթարկվել ֆիզիկական կամ սեռական բռնության հարցված 2 119 կանայք, իսկ երբեւէ ֆիզիկական կամ սեռական բռնության են ենթարկվել 441-ը։ Հետազոտության հեղինակները նշում են՝ այս 441-ի դեպքում նույն մարդը կարող էր ենթարկվել բռնության մեկից ավելի տեսակների՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական։ 378 կին երբեւէ ենթարկվել է ֆիզիկական բռնության, որի դեպքում, ըստ հեղինակների, նույն կինը կարող էր ենթարկվել ե՛ւ չափավոր, ե՛ւ դաժան ֆիզիկական բռնության։ Չափավոր ֆիզիկական բռնության ենթարկված կանանց թիվը 335 է, դաժան ֆիզիկական բռնության ենթարկվածներինը՝ 142, կանայք, որոնք երբեւէ ենթարկվել են սեռական բռնության, 168-ն են, կանայք, որոնք երբեւէ ենթարկվել են հոգեբանական բռնության, 814-ն են։ Հարցված կանանցից 920-ն իրենց կյանքի ընթացքում ենթարկվել են ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ սեռական, ե՛ւ հոգեբանական բռնության։

Հետազոտության հեղինակները նկատում են՝ մեր մշակութային փակ միջավայրով եւ դրանում գործող նորմերով պայմանավորված՝ բռնությունների մասին բարձրաձայնելը դառնում է սահմանափակ։ Դրանց պատճառները բազմաթիվ են, այդ թվում՝ երեւույթի մասին բարձրաձայնելու ամոթը, կանանց կողմից տվյալ իրավիճակի՝ որպես «նորմալ երեւույթ» համարելը, վախը, որ բռնությունը կարող է ավելի սաստկանալ եւ այլն։ Ընդ որում, որոշ դեպքերում կանայք այդ երեւույթը չեն դիտակում եւ չեն ընկալվում որպես բռնություն, նրանք չեն կարողանում տարբերակել բռնության դրսեւորումները՝ դրանք համարելով առօրեական, սովորական երեւույթ։

Ըստ հետազոտության, երբեւէ զուգընկեր ունեցած հարցված կանանց շրջանում որպես ֆիզիկական բռնություն ամենից հաճախ եղել է ապտակը կամ որեւէ առարկա նետելը, որը կարող էր վնասել կնոջը: Բռնության այս տեսակին երբեւէ ենթարկվել է 15-59 տարեկան կանանց 13.5%-ը։ Ըստ հետազոտության, թվարկված ֆիզիկական բռնության ձեւերն առավել տարածված են գյուղական բնակավայրերում։
2 560 կանանց 13.5% -ը նշել է, որ զուգընկերը կամ ամուսինը երբեւէ ապտակել է, որեւէ առարկա է նետել, որը կարող էր վնասել, 6.3%-ի դեպքում զուգընկերը հրել է, հարվածել կամ քաշել է մազերը, 6.3%-ի դեպքում՝ հարվածել է բռունցքով կամ որեւէ այլ առարկայով, որը կարող էր վնասել։ Հարցվածների 3%-ի դեպքում զուգընկերը ոտքով հարվածել է, քարշ է տվել կամ ծեծել, դիտավորյալ խեղդել կամ վառել է՝ 0.9%, սպառնացել է կամ իրականում օգտագործել է հրացան, դանակ կամ որեւէ այլ զենք՝ 1.4%։

Հեղինակները նկատում են՝ գյուղաբնակ կանայք ավելի շատ են ենթարկվում չափավոր եւ դաժան ֆիզիկական բռնության, քան քաղաքաբնակները։ Դաժան ֆիզիկական բռնության ամենից շատ ենթարկվել են 25-44 տարեկան կանայք, իսկ չափավոր ֆիզիկական բռնության՝ 15-24 եւ 45-59 տարիքային խմբի կանայք։

Սեռական բռնություն

Երբեւէ զուգընկեր ունեցած 2 560 կանանց 3.4%-ին զուգընկերը ստիպել է սեռական հարաբերություն ունենալ այն ժամանակ, երբ կինը չի ցանկացել, օրինակ՝ սպառնալով կամ ուժով պահելով, 5.2%-ի դեպքում՝ սեռական հարաբերություն ունենալ այն ժամանակ, երբ կինը չի ցանկացել, սակայն համաձայնել է՝ վախենալով, թե ինչ կարող է անել զուգընկերը, եթե հրաժարվեր։ 0.9% դեպքում զուգընկերը ստիպել է սեռական բնույթի որեւէ բան անել, որը կնոջ կարծիքով ստորացուցիչ կամ նվաստացուցիչ է։ Ըստ հարցման արդյունքների, Հայաստանում սեռական բռնության ենթարկված կանանց 62.5%-ը ենթարկվել է նաեւ ֆիզիկական բռնության, իսկ ֆիզիկական բռնության ենթարկվածների 27.8%-ը՝ նաեւ սեռական բռնության։ Ընդ որում, երբեւէ զուգընկեր ունեցած կանանց շրջանում ֆիզիկական եւ սեռական բռնության տարածվածության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանայք քաղաքային բնակավայրերում ավելի շատ են ենթարկվում սեռական եւ ֆիզիկական բռնության, քան՝ գյուղական բնակավայրերում։ Սա, հեղինակների կարծիքով, գուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ գյուղաբնակ կանայք տղամարդու նման վարքն ավելի քիչ են ընկալում որպես բռնություն, կամ առավել կաշկանդված են բռնության մասին բարձրաձայնել։ Որքան ցածր է կնոջ կրթական մակարդակը, ինչպես նշում են հեղինակները, այնքան բարձր է սեռական եւ ֆիզիկական բռնության ենթարկվելու հնարավորությունը։ Ֆիզիկական կամ սեռական բռնության տարածվածությունն ամենից բարձրն է 35-44 տարիքային խմբում՝ 17.5%։ Ֆիզիկական բռնությունը գերակշռում է 15-24 տարեկանների շրջանում, իսկ սեռականը՝ 35-44 տարեկանների շրջանում։ Հետազոտության մասնակից 15-59 տարեկան կանանց 6.6%-ը երբեւէ կյանքի ընթացքում զուգընկերոջ կողմից ենթարկվել է սեռական բռնության:

Ինքնասպանության փորձ

Բռնություններից յուրաքանչյուրն ունենում է հետեւանք՝ ինքնագնահատականի անկում, սեփական կյանքին վերջ տալու ցանկություն եւ դրա իրականացում։ Այս մասին նշում են հետազոտության հեղինակները։

Երբեւէ զուգընկեր ունեցած հարցված կանանց 7.2%-ը լրջորեն մտածել է կյանքին վերջ տալու մասին, իսկ 1.5%-ը փորձել է ինքնասպան լինել։ Իսկ ֆիզիկական եւ սեռական բռնության ենթարկված 441 կանանց 8.4%-ը երբեւէ լրջորեն մտածել է ինքնասպան լինելու մասին, 1.9%-ը՝ երբեւէ փորձել է ինքնասպան լինել։

Զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 88%-ը չի դիմել օգնության որեւէ պատասխանատու կառույցի։ Բռնության ենթարկված կանանց մեծ մասի ընկալումների համաձայն, պետք է դիմել որեւէ կառույցի օգնությանն այն ժամանակ, երբ բռնությունը հասնում է իր գագաթնակետին, օրինակ՝ ուղեկցվում է վնասվածքներով։ Ցավոք. այս կանայք կարծում են՝ եթե բռնության ենթարկված կինն օգնության համար դիմի որեւէ կառույցի, ապա դրանով կվարկաբեկի իր ընտանիքին եւ հաճախ, բռնության մասին չբարձրաձայնելու հիմքում ընկած է նաեւ ամոթն ու վախը, որ կնոջը չեն հավատա կամ կմեղադրեն։ Հեղինակների կարծիքով՝ նման եւ այլ կարծրատիպային ընկալումներն ու կեղծ արժեքները հիմք են հանդիսանում կանանց՝ զուգընկերոջ կողմից շարունակաբար բռնությունների ենթարկվելու եւ այդ հիմնախնդրին լուծում չտալու հարցերում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930