Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր կազմակերպել էր «Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ կանաչ թուղթ» աշխատության շուրջ քննարկումը։ Այս աշխատությանը մասնակցել է նաեւ տարածաշրջանային եւ անվտանգային հարցերով փորձագետ Էդուարդ Աբրահամյանը։ Նա հույս հայտնեց, որ աշխատությունը կծառայի պետությանը եւ բարեփոխումներին, եւ այն, ըստ էության, հրավեր է կառավարությանը՝ երկխոսելու բարեփոխումների վերաբերյալ։
Աբրահամյանն ասաց, որ այս վերլուծության համար վերցրել են փոքր պետությունների հաջողված փորձը, այն պետությունների, որոնք կարողացել են ձեւավորել բավականին ժամանակակից, ազդեցիկ եւ բավականին կուռ պետություն։ «Ստացել ենք հետաքրքիր արդյունքներ։ Հաշվի են առնվել երեք փոփոխականներ՝ երեք մակարդակներում՝ համակարգային միաբեւեռ համագործակցային դեմոկրատական աշխարհակարգից անցումը բազմաբեւեռ կոնֆրոնտացիոն կամ պոլիցենտրիկ հակամարտային աշխարհակարգին, մյուսը՝ տարածաշրջանային գործընթացների եւ տարածաշրջանային կարգի նոր նորմներն են եւ կանոնները, որոնք իրենց տեսակով գնալով ավելի են, ինչպես արեւմտյան ակադեմիական շրջանակներում են նշում՝ ոչ արեւմտյան բնույթ են կրում, որտեղ ուժի չկիրառումն այլեւս բացառված երեւույթ չէ։ Նույն ԱՊՀ տարածքում քանի անգամ տեսնում ենք ուժի կիրառումը, պատերազմը որպես քաղաքական նպատակների հասնելու գործիք։ Եւ երրորդը՝ ՀՀ անմիջական անվտանգային միջավայրի փոփոխությունն է, նաեւ Հայաստանի վարքագծային փոփոխությունն է եւ հարեւանների նկատմամբ պատերազմից հետո ձեւավորված վտանգավոր ասիմետրիան»,-ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, որ վերլուծության նպատակը մտածելակերպային պարադիգմայի խորքային փոփոխությունն է, որովհետեւ եթե մենք գնում ենք լուրջ փոփոխությունների, ապա մենք պետք է փոխենք ոչ միայն մեր վարքագիծն ու մոտեցումները, այլ նաեւ նոր կոնցեպտուալ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի, ինչպես փորձագետն ասաց, հնարավոր լինի մարտահրավերները հաղթահարել եւ վերականգնել ՀՀ-ն որպես տարածաշրջանի խաղացող։
«Արդյոք հնարավո՞ր է համեմատել ենթադրենք այն փոքր պետությունները, որոնց օրինակից մենք օգտվել ենք՝ Սինգապուր, Ֆինլանդիա, Էստոնիա։ Խնդիրը յունիֆորմիստական համեմատության հարցը չէ։ Այո, մենք էլ ենք փոքր պետություն, նրանք էլ։ Բայց խնդիրն այն է, թե այդ երկրներն ինչպես են ուժ գտել իրնեց մեջ, ինչպես են կոնսոլիդացվել, ինչպես են կարողացել ձեւավորել իրենց ուրույն մոդելները, որպեսզի հաղթահարեն համակարգային սպառնալիքները։ Այստեղ շատ կարեւոր է ունենալ այդ փոքր պետությունների հաջողված փորձը, որոնք կարողացել են ոչ միայն զսպել են սպառնալիքները, այլ նաեւ կարողացել են այնպիսի կառուցվածք են տալ իրենց զինված ուժերին, այնպիսի կառուցվածք տալ իրենց անվտանգային համակարգին, օրինակ ՝միջազգային հարաբերություններում ու իրենց միջավայրում պրոյեկտել ե՛ւ ազդեցություն, ե՛ւ ուժ։ Այսինքն, զինված ուժերն ու անվտանգային համակարգը դարձնել միջազգային հարաբերություններում գործիք՝ բարձրացնելու իրենց արժեկշիռը»,-ասաց Աբրահամյանը։
Կարդացեք նաև
Քննարկման մասնակիցներից «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ ասաց, որ այն, ինչ գրված է վերլուծության մեջ, իրականություն դարձնելու համար պետության մեջ պետք է միջավայր ստեղծել եւ այդ միջավայրը պետք է ունենա բազային գործոն, կոնսեսուս, որ այլեւս այդ հարցը չքննարկվի։
«Մենք պետք է գիտակցենք՝ այն, ինչի մասին խոսում ենք, այն վիճակից, որում ենք եւ որին ուզում ենք գնալ, դա անցումն է ռուսական մատրիցայից դեպի ՆԱՏՕ-ի ստանդարտներ։ Ուրիշ ստանդարտներ չկան։ Ժողովրդավարական պետություն ենք, ուրեմն մեր ամբողջ ուժային բլոկը պետք է լինի ՆԱՏՕ-ի ստանդարտներով։ Որքան էլ ինչ-ինչ պայմանականություններ են խախտվում, տաբուներ, թե՝ ինչ-ինչ չգրված կանոններ կան, բայց այնուամենայնիվ, միայն այդպես է հնարավոր, որ լինի»,-ասաց Մեհրաբյանը։
Նա նկատեց, որ քննարկման ժամանակ ինչ խոսվում է, աշխատության մեջ ինչ առաջարկվում է, չպետք է, այսպես ասած՝ ակվարիումի մեջ մնա․«Սա պետք է սպասարկվի մեր արտաքին քաղաքականության կողմից, մեր անվտանգային քաղաքականության կողմից, տնտեսական, կրթական քաղաքականության կողմից։ Հարցը լուծվում է համալիր մոտեցումների պարագայում։ Մի կարեւոր բան էլ՝այս բարեփոխման մեր դաշնակիցներն ովքե՞ր են։ Ասելով, որ արտաքին քաղաքականության սպասարկում է պետք, դրանից պետք է բխի ռազմատեխնիկական համագործակցությունը, որը մեզ կբերի նրան, ինչի մասին խոսում ենք։ Եթե մենք շաբաթը մեկ Վոլոդին բերենք, Մատվիենկո տանենք, մյուս շաբաթ Պատրուշեւ բերենք, նստենք, խոսք- խաբար, անիմաստ՝մենք բավարարված ենք, որ դուք բավարարված եք․․․ է, խեղճ պետությունը ժամանակ չի ունենա սրանով զբաղվի։ Մենք ժամանակ չունենք , այս ամենը պետք է արագ դարձնել իրականություն»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ