Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվեց ֆակուլտետների ու ամբիոնների կառուցվածքային փոփոխությունների հարցը, ինչպես նաև նոր հաստիքացուցակը։
Նիստը տևեց բավական երկար՝ մոտ 3 ժամ․ կարելի է ասել՝ անցավ լարված, հնչեցին բողոքներ, մտահոգություններ, յուրաքանչյուրին տրվեց ձայնի իրավունք։
Աշխատակիցներից մի քանիսը նաև գրավոր բողոքներ էին հղել հոգաբարձուների խորհրդին՝ դժգոհելով իրենց աշխատանքից ազատելու մտադրության մասին։
Կարդացեք նաև
Ներկաներից ոմանք էլ պնդեցին, որ կառուցվածքային փոփոխությունները կատարվել են «գաղտագողի», չեն քննարկվել ամբիոներում, ֆակուլտետային խորհրդի նիստերում, և որ իրենք չեն կարողացել առաջարկներ ներկայացնել։ Եղան աշխատակիցներ, որոնք կարծիքներ հայտնեցին, թե փոփոխությունների քողի տակ ազատվում են անցանկալի կադրերից։
Նախևառաջ ելույթ ունեցավ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, որը հիմնավորեց կառուցվածքային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։ Ըստ նրա, սպասելի էր, որ լինելու էին բողոքներ,դժգոհություններ, ցանկացած փոփոխությանը դեմ արտահայտվողներ միշտ լինում են։
«Շուրջ 6 հազար ուսանող ունենալու պայմաններում բուհում գործել են 6 ֆակուլտետներ, այսինքն՝ մոտ 1000 ուսանող յուրաքանչյուր ֆակուլտետում։ Այսօր ուսանողների թիվը ՇՊՀ-ում մոտ 2300 են, այսինքն՝ յուրաքանչյուր ֆակուլտետում սովորում է միջինը 600 ուսանող»,- ասաց Երվանդ Սերոբյանը։
Նա խոսեց նաև կառուցվածքային փոփոխությունների իրավական հիմքերից։ Ռեկտորը նշեց, որ ֆակուլտետային չորս խորհուրդները իրենց նիստերում քննարկել ու ներկայացրել են առաջարկներ սահմանված ժամկետներում։
«Նշեմ մի կարևոր հանգամանք․ առաջարկվող փոփոխությունների արդյունքում գործող ոչ մի մասնագիտական, կրթական ծրագրի իրականացումը չի դադարեցվում։ Ոչ մի կրթական ծրագիր չի փակվում, նրանք շարունակում են գործել ճիշտ այնպես, ինչպես մինչև հիմա գործել են», -ասաց ռեկտորը։
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հետաքրքրվեց, թե արդյոք ամբիոններում քննարկվե՞լ են փոփոխությունների գաղափարը և ամբիոններից ստացվե՞լ են առաջարկություններ, ու այս նպատակի համար ստեղծված լրամշակող հանձնաժողովը ի՞նչ հարաբերությունների մեջ է եղել ամբիոնների, մյուս ստորաբաժանումների հետ։
«Գիտխորհրդի նիստը, ինչքան հասկացա, տեղի է ունեցել հեռավար քվեարկությամբ, խորհրդի նիստում առերես քննարկում տեղի չի ունեցել, ինչո՞ւ եք նպատակահարմար համարել առերես քննարկում չանել, այս հարցերի պատասխանները տվեք, խնդրեմ»,- ռեկտորին հարցրեց Լևոն Բարսեղյանը։
Ռեկտորը նշեց, որ դեկաններին հանձնարարվել է առաջարկություններ ներկայացնել ֆակուլտետային խորհուրդներից, և դեկանները իրենք են որոշել՝ քննարկել են ամբիոններում, թե՝ոչ։
«Մեր գիտխորհուրդը եղել է հեռավար, մեր գիտխորհրդի կանոնակարգը, մեր կանոնադրությունը ևս մեզ հնարավորություն է տալիս գիտական խորհրդում քննարկել հարցերը ինչպես հեռավար, այնպես էլ առկա։ Նախ՝ մարդիկ ունեցել են 5 օր ժամանակ ծանոթանալու, մտորելու, քննարկելու, այդ ընթացքում ես ունեցել եմ հանդիպում օրինակ՝ արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Ինձ մոտ եղել են մի քանի աշխատակիցներ, հնարավորություն է տրվել բոլորին իրենց կարծիքն արտահայտելու, ներկայացնելու, ստացվել են նաև գրավոր կարծիքներ»,- ասաց ռեկտոր Երվանդ Սերոբյանը։
Ըստ կառուցվածքային փոփոխության, բուհում գործող չորս ֆակուլտետների փոխարեն լինելու ենք երեք ֆակուլտետներ։
Հարցը, ըստ էության, դրվել է քվեարկության, բայց ոչ քննարկման։
Երվանդ Սերոբյանի պարզաբանմամբ, ովքեր ցանկություն են ունեցել արտահայտել իրենց կարծիքը, հայտնել են։ Ըստ նրա, չի դրել առերես քվեարկության, որպեսզի չսրի հարաբերությունները, չտանի կրքերի բորբոքման։
Ձայն տրվեց դիմումներ ներկայացրած անձանց․ երեք րոպե հատկացվեց յուրաքանչյուրի ելույթի համար։ Ելույթներ ունեցան բուհի դասախոսներ Հովհաննես Խորիկյանը, Գագիկ Համբարյանը, արվեստի ամբիոնի վարիչի ժ/պ Օֆելյա Կուրազյանը, խոսք տրվեց նաև հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան Թամարա Մելիքյանին։
Նրանք, մասնավորապես նշեցին, որ ընթացակարգային խախտումներով է գիտխորհուրդն ընդունել կառուցվածքային փոփոխությունները, դրանք ներկայացվել են հապճեպ՝ երկու շաբաթվա ընթացքում՝ առանց լուրջ վերլուծությունների, առանց աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելու, առանց ամբիոններում քննարկելու։ Նրանք մեջբերեցին գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրենի գրությունը, ըստ որի՝ նախագիծն առավել լայն շրջանակում չի քննարկվել և չի արտահայտում համընդհանուր կարծիքը, նաև վերլուծություն չի եղել։
Եղան աշխատակիցներ, որոնք պնդեցին, որ բուհի ղեկավար անձնակազմը կամայական տարբերակված մոտեցում է ցուցաբերել իրենց նկատմամբ, այժմ էլ աշխատանքից ազատում են, իսկ պատճառն այն է, որ իրենք շփում ունեն Հովհաննես Խորիկյանի հետ։
«Օպտիմալացման քողի տակ ազատվում են իրենց համար անցանկալի կադրերից։ Օպտիմալացում կատարելիս՝ հաշվի են առնում աշխատողի օգտակար գործողության գործակիցը, բայց այս պարագայում կրճատվում են այն անձիք, որոնք աշխատունակ են, ունեն հեռանկարներ»,-ասաց պատմության և փիլիսոփայության ամբիոնի գործավար Ջեմմա Երանոսյանը։
Նույնը պնդեց նաև հայոց լեզվի և գրականության ամբիոնի լաբորանտ Տաթև Ազիզբեկյանը։ Ըստ նրա, իր նկատմամբ ևս կա տարբերակված մոտեցում։
«Հունիսի 15, երբ համալսարանի կայքում տեղադրվեց գերգաղտնի փաստաթուղթը՝ հաստիքացուցակը, հայտնի դարձավ, որ իմ հաստիքը ևս ենթակա է կրճատման, անկեղծ ասած՝ անսպասելի չէր,անակնկալ չէր, որովհետև համալսարանի ղեկավարության կողմից տարբերակված վերաբերմունք իմ հանդեպ վաղուց էր հայտնի», -ասաց լաբորանտ Տաթև Ազիզբեկյանը։
Նա նշեց, որ ամբիոնի լուծարման հիմքով է իր հաստիքն առաջարկվում կրճատել, սակայն ո՛չ ամբիոնում, ո՛չ ֆակուլտետային խորհրդում չի քննարկվել ամբիոնը լուծարելու հարցը։
Հոգաբարձուների խորհրդին իր բողոքը ներկայացրեց նաև արվեստի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Օֆելյա Կուրազյանը։ Նա դժգոհեց, որ ըստ կառուցվածքային փոփոխությունների, նախատեսվում է միավորել արվեստի և ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնները։ Նա դժգոհեց, որ ամբիոնում որևէ քննարկում տեղի չի ունեցել, ինքը՝ որպես ամբիոնի վարիչ, տեղեկացել է հունիսի 6-ին, երբ ուղարկվել է գիտխորհրդում հաստատված նախագիծը։
Վերջինսն հետաքրքրվեց, թե ինչ ընդհանրություններ են տեսել նախագիծն առաջարկողները արվեստի և սպորտի միջև, երբ դրանք արմատապես տարբեր մասնագիտություններ են։
Ռեկտորը ներկայացրեց իր հակադարձումները։
Հոգաբարձուների խորհրդի անդամները հակասական կարծիքներ հնչեցրեցին կառուցվածքային փոփոխությունների մասին, նրանցից ոմանք արձանագրեցին, որ բուհում մթնոլորտը դեռ լարված է։ Ոմանք կարծիք հայտնեցին, որ եթե անգամ ամբիոններում քննարկվեր նախագիծը, միևնույն է ՝ ոչինչ չէր փոխվելու, հասարակական կարծիքներ են լինելու։
Լևոն Բարսեղյանն առաջարկեց մի քանի օր ժամանակ տալ՝ կառուցվածքային փոփոխությունները ամբիոններում քննարկման դելու, առաջարկներ ներկայացնելու համար։
«Ես նեղվում եմ, որ դժգոհություններ կան, որ մասնակցային չի եղել այս քննարկումը։ Կարծիքներ, մտքերի փոխանակություններ, 3-4, թե 5 ամբիոններից հայտնեցին, որ իրենց ամբիոնում քննարկումներ չեն եղել, մարդիկ տեղյակ չեն եղել, իմացել են միայն այն բանից հետո, երբ նիստի օրակարգն ու հարցերը դրվել են համալսարանի կայքում՝ 5 օր առաջ։ Այս դժգոհությունն է ինձ ավելի մտահոգում»,- ասաց Լևոն Բարսեղյանը։
Սակայն հոգաբարձուների խորհուրդը 15 կողմ, մեկ ձեռնպահ ձայներով ձեռնպահ քվեարկեց (Լևոն Բարսեղյանը)որոշեց հաստատել գիտխորհրդի հունիսի 10-ի Շիրակի պետական համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների վերակազմավորման որոշումը։ Հոգաբարձուների խորհուրդը որոշեց նաև հանձնարարել Երվանդ Սերոբյանին նորից քննարկման դնել ֆակուլտետների անվանումները, ըստ առաջարկությունների՝ ենթարկել փոփոխությունների։ Նոր հաստիքացուցակը ևս միաձայն հաստատվեց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ