«2016 թվականի պատերազմի հանգամանքները քննվեցին, այն փակ էր, հանրությունը չտեղեկացավ քննության արդյունքների մասին։ Սա խնդիր է, որովհետեւ քննիչ հանձնաժողովները ընտրում են այնպիսի թեմա, որն ունի հանրային հնչեղություն, ունի հանրային պահանջ, հանրությունը հստակ պահանջ է տեսնում՝ քննելու փաստերը, թե ինչո՞ւ են տեղի ունեցել, ինչպե՞ս են տեղի ունեցել, եւ որոնք են եղել այն հանգամանքները, որոնք ազդել են իրավիճակի նման հանգուցալուծման վրա»,-այս մասին այսօր ՀՔԱՎ-ի կազմակերպած՝ «Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ կանաչ թուղթ» աշխատության քննարկման ժամանակ ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։
Նա ասաց, որ հասկանալի է, թե ուժային կառույցներն ինչու են ասել, որ զեկույցն ու առաջարկները փակ լինեն. «Կարող ենք ենթադրել, թե ինչով է սա պայմանավորված․ այնտեղ կարող է լինի տեղեկատվություն, որը ուղիղ մեզ կարող է տանել արտաքին քաղաքականության դաշտ, նաեւ մեր էքզիստենցիալ վտանգը հաշվի առնելով ոչ բարեկամական տրամադրված պետություններից, կարող ենք տեղեկատվության ավելի շատ փակելու անհրաժեշտություն ունենալ։
Միեւնույն ժամանակ առաջարկվում է այս աշխատությունը դիտարկել այդ զեկույցի առնվազն հանրության համար հասանելի հատվածի հրապարակում։ Պատկան մարմինները կարող են ֆիլտրել ձեւակերպումները, բայց ընդհանուր խնդիրները հնարավոր է բաց տիրույթում ներկայացնել հանրությանը»։
Արմինե Մարգարյանի կարծիքով՝ խնդիր կա նաեւ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հետ կապված, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու․«Հետեւաբար, այս հանձնաժողովը բավարար արդյունավետ չի կարող կատարել իր գործառույթը, որովհետեւ վերահսկիչ հանձնաժողովներն իրենց գործառույթն առավել արդյունավետ իրականացնում են, երբ խորհրդարանական ընդդիմություն է այդտեղ լինում»։
Կարդացեք նաև
Մարգարյանն ասաց, որ աշխատությունն առաջարկում է ինստիտուցիոնալ ձեւաչափով աշխատել, օրինակ՝ Աժ կայքը ամսական կամ եռամսյակային կտրվածքով ցույց տա բոլոր հարցումները, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա հետեւելու, թե օրինակ՝ պատգամավորները որ խնդիրների վրա են իրենց ուշադրությունը հրավիրել, ինչո՞ւ են հրավիրել, ինչպիսի՞ն է եղել գործադիրի արձագանքը եւ այլն։
Քննարկման մեկ այլ մասնակից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց՝ մենք պարտվել ենք, որովհետեւ խորհրդային կառավարման մոդել ենք ունեցել․ «Մենք 30 տարի խորհրդային կառավարման մոդելից բացի այլ բան չենք ստեղծել, բովանդակային տեսակետից այն չի եղել հաշվետու, պատասխանատու, մասնակցային։ Այս միտումը շարունակվում է։ Խորհրդային մոդելին է բնորոշ պոպուլիզմը, մի բան ունենալ, մեկ այլ բան ցույց տալը, այլընտրանքներ չտեսնելը։ Եւ ամենացավալի ձեւով դա հենց անվտանգայինն է, այն, ինչ հիմա խորհրդայինը պարտվում է Ուկրաինայում, այն, ինչ խորհրդայինը պարտվեց 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ադրբեջանը հստակ գնում է ՆԱՏՕ-ի, եւ գնաց՝ լինելով բոլորովին այլ պետություն։ Բայց մենք մնացինք խորհրդային, եւ մնում ենք խորհրդային, այլընտրանքներ չտեսնելը խորհրդային մոդելին է բնորոշ: Իսկ ժողովրդավարական կառավարումը եւ մշակույթը չի կարող չտեսնել այլընտրանքներ, որովհետեւ այդտեղ մտքի ու կարծիքի սահմաններ չկան: Մենք կարողացե՞լ ենք հասկանալ, թե որն է խնդրի բուն արմատը. սա հիմնական հարցն է»:
Նշենք, որ «Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ կանաչ թուղթ» աշխատության քննարկմանը հրավիրված են պետական մարմինների ներկայացուցիչներ, պատգամավորներ, անվտանգության եւ ռազմական փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շարունակելով, Սաքունցն ասաց, որ այսօր այնպիսի իրավիճակ է, որ ժամանակի գործոնը որոշիչ նշանակություն ունի․« Ալիեւն ասում՝չփորձեք բանակ ունենալ, ու պատասխան չկա: Քաղհասարակությունն իր պատասխանը տալիս է, մենք ունենք պատասխանը՝ ինչպիսին ենք տեսնում»։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի անդրադարձ են արել Զինված ուժերի բարեփոխումներին՝հասանելի տեղեկությունների հիման վրա․«Նայեք, թե ինչքան ու ինչ մակարդակով այցելություններ են եղել եւ որ երկրներից։ ՌԴ ԳՇ ներկայացուցիչները դուրս չէին գալիս մեր ՊՆ-ից մինչեւ ուկրաինական պատերազմը»։
Արթուր Սաքունցի կարծիքվ՝ հայեցակարգի փոփոխության խնդիր կա, չի կարող փոփոխություն չլինի, քանի որ խորհրդային կառավարման մոդելը պարտվել է։ Նա նաեւ նկատեց՝ զինված ուժերում կադրային փոփոխությունները բարեփոխումներ չեն, պետք է հստակ տեսլական ներկայացնել՝ ինչպիսի զինված ուժեր ենք ուզում ունենալ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ