Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հունիսի 23-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Քրիստին Շվարց-Ֆուքսը:
ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ քաղաքական հարթակում նկատվում է երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկա. տեղի են ունեցել ակտիվ փոխայցելություններ, հանդիպումներ նախագահների, վարչապետների, արտգործնախարարների մակարդակով: Նա հավելել է, որ անհրաժեշտ է համագործակցություն հաստատել Հայաստանի խորհրդարանի եւ Ավստրիայի խորհրդարանի վերին պալատի միջեւ, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունը զգալի դեր է խաղում հայ-ավստրիական երկկողմ օրակարգի գործում ինչպես դաշնային, այնպես էլ ապակենտրոնացված մակարդակով:
Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հետագա ամրապնդմանը: Այս իմաստով ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը շրջադարձային պահ է, որը նոր հեռանկարներ կբացի Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համար:
Զրույցի ընթացքում ելակետային են եղել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման, Ավստրիայի՝ Հայաստանում Ավստրիայի Հանրապետության դեսպանություն բացելու, Երեւանում ավստրիական վիզային ծառայությունների բացման վերաբերյալ հարցերը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքով առաջացած բազում խնդիրներին՝ Ալեն Սիմոնյանը եւս մեկ անգամ ողջունել է Ավստրիայի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը, տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:
Կողմերն անդրադարձել են նաեւ Ավստրիայի բազմադարյա հայ համայնքի կարեւորությանը, որը հուսալի կամուրջ է երկու երկրների միջեւ: Քրիստին Շվարց-Ֆուքսը հպարտորեն ընդգծել է հայերի մեծ ներդրումն իրենց երկրի մշակութային, տնտեսական եւ քաղաքական կյանքում:
Հանդիպման ավարտին ԱՀ Դաշնային խորհրդի նախագահը կարեւորել է ՀՀ ԱԺ նախագահի այցը՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման համար: «Մենք շահագրգռված ենք, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար բարենպաստ իրավիճակ լինի: Այս իմաստով կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր»,- նշել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Քրիստին Շվարց-Ֆուքսը:
ՀՀ Ազգային ժողով