Այսօր հրավիրված Վանաձոր համայնքի ավագանու նիստը կրկին չկայացավ` քվորում չլինելու պատճառով։ Նիստին ներկա էին միայն ՔՊ-ի, ՀԱՍԿ-ի եւ «Ապրելու երկիր» խմբակցությունների անդամները։ Հիշեցնենք, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիք» խմբակցության անդամները բոյկոտում են ավագանու նիստերը: Ավագանու 33 անդամներից նիստին ներկա էին 3 խմբակցությունների 16 անդամներ, հետեւաբար նիստը չկայացավ։
«Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Արտավազդ Ալավերդյանն ասում է, որ նիստին ներկա գտնվելն իրենց պարտականությունն է, քանի որ իրենք ընտրված ավագանի են եւ նիստին ներկայանալն իրենց պարտքն է. «Նիստին եկել ենք մեծ պատասխանատվությամբ եւ ոչ մի խմբակցությունից ոչ մի ակնկալիք չունենալով։ Դա մեր պարտականությունն է, մենք ընտրված ավագանի ենք, եւ եթե ինչ որ շանս կա, որ մանավանդ այս պայմաններում ավագանին օրինական ձեւով գործի, մենք պարտավոր ենք եւ հետեւաբար եկել ենք մեր գործն անելու» :
Կարդացեք նաև
Ալավերդյանի խոսքով, թեեւ այս պահին Վանաձորն ունի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, բայց միեւնույնն է քաղաքը շարունակում է գտնվել քաղաքական ճգնաժամի մեջ. «Կարծում եմ, որպեսզի հարցն ամբողջությամբ հանգուցալուծվի, լինելու են նոր ընտրություններ։ Ես հասկանում եմ, որ ժողովրդին դա դուր չի գա, ժողովուրդը հոգնել է, բայց որպեսզի լինի ժողովրդավար ինստիտուտների կայացումը մեր քաղաքում, եւ խոչընդոտներ չլինեն կամ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով, կարծում եմ նոր ընտրությունները օր շուտ անցկացնելն է եւ ձեւավորել քաղաքային իշխանություններ անկախ նրանից մենք կլինենք ներգրավված թե ոչ։ Դա արդեն ժողովուրդը կընտրի»։
Ալավերդյանը նշեց նաեւ, որպեսզի ժողովուրդն իրենց դիրքորոշումը չնույնականացնի այն ուժերի հետ, որոնք ներկա են եղել նիստին. «Օրակարգում ընդգրկված հարցերը սուբվենցիոն ծրագրերի եւ քաղաքի բյուջեի հետ էին կապված։ Մենք սուբվենցիոն ծրագրերին դեմ չենք, եւ ժողովուրդը պետք է իմանա, որ դեմ չենք եւ չենք խոչընդոտելու այդ գումարների ներգրավմանը մեր քաղաքի այսօրվա եւ ապագայի համար։ Իսկ ինչը վերաբերվում է բյուջեին, մեզ համար դա միանշանակ չէ, դա քննարկելի է, որովհետեւ մեր կարծիքով ոնց որ անցած տարվա բյուջեն կրկնօրինակված լինի ու միայն թվերն են տարբեր։ Եվ կան նաեւ ռիսկեր, որոնք մենք տեսնում ենք։ Մի խոսքով մենք չենք կարող քաղաքական պատասխանատվություն կրել այդ բյուջեի մասով», եզրափակեց Ալավերդյանը։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ