Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայացվող փաթեթը, առանձին անձի կամ անձանց օրակարգի առաջ մղում է». Վարդինե Գրիգորյանը՝ ԸՕ-ի փոփոխությունների մասին

Հունիս 23,2022 18:35

«2019 թ․ սկսած ԱԺ նախկին պատգամավոր Համազասպ Դանիելյանի հետ աշխատել ենք Կուսակցությունների մասին օրենքի, Ընտրական օրենսգրքի և հարակից այլ օրենքների փոփոխությունների վրա։ Ստացել ենք ահռելի աջակցություն միջազգային փորձագետներից, մասնագիտական կառույցներից, որոնք մշակած նախագծերն աննախադեպ դրական են գնահատել։ 2021թ․ գարնանը, ԱԺ արտահերթ ընտրությունների հայտարարմամբ այդ գործընթացը խաթարվեց, փոփոխությունները տրոհվեցին, իսկ վերջին պահին նաև վերանայվեցին կետեր, որոնք մինչ այդ դրական արձագանք էին ստացել»,- այսօր խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ իր ելույթում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը՝ խոսելով ԸՕ-ում փոփոխությունների գործընթացի մասին:

Հիշեցնենք, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման վերաբերյալ հարցով այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր հրավիրել:

Վերանայված կետերից մեկն, ըստ բանախոսի, քվեարկության պարզեցված կարգն է, որով բոլոր համամասնական ընտրություններն անցկացվելու էին բազմակի քվեաթերթիկներով. «Վերջին պահին նախատեսվեց, որ դա կիրառվելու է միայն 70000 -ից շատ ընտրող ունեցող համայնքներում։ Այս նախագծով վերադարձվում է մեր առաջարկած պարզ տարբերակը։ Սա թերևս միակ փոփոխությունն է, որ բխում էր մեր առաջարկություններից։ Մնացած առումներով ներկայացվող փաթեթը, առանձին անձի կամ անձանց օրակարգի առաջ մղում է, որը ներկայացվում է որպես բացահայտված խնդիրների վրա հիմնված առաջնահերթություն։ Նախագծերի փաթեթի հետ ներկայացված հիմնավորումը աղավաղված ու մանիպուլյատիվ է ներկայացնում փոփոխությունների էությունը և հույս դնում նրա վրա, որ «սա քաղաքական որոշում է» կախարդական բառերը կստիպեն խմբակցությանը կողմ քվեարկել փաթեթին՝ առանց փորձելու ծանոթանալ դրա մեջ դրված ականներին։ Առկա իրավիճակի մասին խոսելիս, հեղինակը նշում է, որ խնդիրները գույքագրվել են իրավակիրառողների, դիտորդական առաքելությունների և կուսակցությունների կողմից։ Նույնիսկ 2 ձևական քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ վերոնշյալ կառույցների արձանագրած խնդիրները ոչ մի կապ չունեին փաթեթի հեղինակների «գույքագրած» խնդիրների հետ, իսկ այն դեպքում, երբ ունեին՝ լուծումները տրամագծորեն հակառակ էին»։

Նախագծում նշվում է, որ խնդիր է նախընտրական հիմնադրամների ձևավորումը մասնավոր բանկերում և, որ այդ գործողությունը պիտի իրականացվի Կենտրոնական բանկում։ Այս առաջարկը, բանախոսի գնահատմամբ, համաձայնեցված չէ Կենտրոնական բանկի հետ. «Դիտորդության ընթացքում մենք որևէ բողոք չենք լսել կուսակցություններից։ Կենտրոնական բանկը նախընտրական հիմնադրամների սպասարկումն իրականացնում է թղթային փաստաթղթերի հիման վրա։ Սա նշանակում է, որ ցանկացած հեռավոր համայնքում նախընտրական ծախս կատարող կուսակցությունը պիտի լիազոր ներկայացուցիչ ունենա Երևան քաղաքում, ով ցանկացած պահի կարող է վճարման հանձնարարական ներկայացնել ԿԲ։ Պարոն Հովակիմյանը սա ճիշտ է համարում, որովհետև անձամբ իրեն սա հարմար է։ Մինչդեռ այս փոփոխությունն ընդամենը նշանակում է, որ կուսակցությունները օրենքի պահանջը կատարելու համար կբացեն հաշիվը, իսկ իրական ծախսերը կիրականացնեն առանց այդ «գլխացավանքի»։ Քաղաքակիրթ բանկային գործարքների փոխարեն առաջարկվում է ծանրաբեռնել Կենտրոնական բանկը ձևական մի գործառույթով, որն իրականում որևէ կերպ չի նպաստելու ֆինանսական թափանցիկությանը։ Իբր գործընթացը հեշտացնելու համար, առաջարկվում է, որ տվյալ ընտրությունների ընթացքում բոլոր համայնքների համար կուսակցությունը կարողանա ձևավորել մեկ ընդհանուր հիմնադրամ։ Այստեղ խնդիրն այն չէ, որ կարող են խախտվել շեմերը, այլ այն, որ նույն օրը կարող են լինել հերթական և արտահերթ ընտրություններ՝ տարբեր ժամկետներով, միևնույն կուսակցությունը կարող է մի տեղ առաջադրվել մենակ, մեկ այլ տեղ դաշինքով, մեկ այլ տեղ այլ դաշինքով և այդ պարզեցումն իր համար ոչինչ էլ չի պարզեցնի։ Ավելի տրամաբանական լուծում կլիներ ուղղակի նախընտրական հիմնադրամների փոխարեն կիրառել կուսակցությունների հաշվեհամարները։ Այսինքն կուսակցություններն իրենց նախընտրական քարոզչության ընթացքում շարունակեին ստանալ նվիրատվություն և կատարել անկանխիկ գործարքներ իրենց հաշիվներից՝ հնարավորինս պարզ ու կանխատեսելի դարձնելով ֆինանսական գործողություններն ու վերահսկողությունը։ Սա կապահովեր, որ խախտումների համար պատասխանատվություն կրեր կուսակցությունը, այլ ոչ թե մի ամորֆ դաշինք, որը գոյություն չունի տվյալ ընտրական փուլից և ԿԸՀ փաստաթղթերից դուրս, իսկ ընտրական փուլում էլ չի հանդիսանում իրավաբանական անձ կամ իրավաբանական անձանց միավորում»։

Փաթեթում նշվում է, որ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանիների առաջին նիստերում ի հայտ են եկել խնդիրներ և առաջարկվել է դրանք կարգավորել։ Ըստ հիմնավորման՝ նշվում է, որ այդ խնդիրները լուծվում են առաջին նիստի փոխարեն նստաշրջան իրականացնելով։ Հիմնավորումը, ըստ Վարդինե Գրիգորյանի, չի անդրադառնում նրան, որ առաջին նստաշրջանը վարելու մենաշնորհը տրվում է մեծամասնություն ստացած ուժին, որ համայնքի ղեկավարի քվեարկությունը դարձվում է փակ, որ ներդրվում են ավագանու ինքնալուծարման մեխանիզմներ. «Առաջին երկու կետերի վերաբերյալ լուծումը թերևս ոգեշնչվել է Թալինի ավագանու առաջին նիստից։ Ավագանու ինքնալուծարման գործիքը կարող էր դրական գնահատվել, բայց այս ողջ բացասականի համատեքստում բարդ է դա չանձնավորել»։

«Նախագծով հանկարծ հրատապ է դառնում ստացիոնար բուժում ստացողների ընտրական իրավունքի ապահովման անհնարինությունը։ Պարտավորությունը, որը կիրառվելու է Ազգային Ժողովի հաջորդ ընտրությունների ժամանակ, ուղղակի առանց քննարկման, երևի ԿԸՀ հուշումով, առաջարկվում է հանել՝ հղում կատարելով նախկին բացասական տենդենցների և երևակայական վտանգների։ Քաղաքացիների ընտրական իրավունքի պատշաճ իրականացումն ապահովելու փոխարեն՝ հեղինակները նախընտրում են զրկել նրանց ընտրելու հնարավորությունից։ Ընտրական իրավունքի նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կեղծիքներ ու խախտումներ լինում են նաև տեղամասային կենտրոններում։ Այս տրամաբանությամբ կարելի էր ուղղակի արգելել ընտրությունները, քանի որ դրանց անցկացումը միշտ ռիսկեր է պարունակում։ Հիմնավորումներում անտեսվում է նաև այն, որ նախագիծը կտրուկ հետքայլ է կատարում մատչելիության ապահովման փխրուն ձեռքբերումներից և կրկին տեղամասային կենտրոնների մատչելիության ապահովումը ներկայացնում է որպես անհարկի բեռ, որից պետք է ազատվել»,- ասաց Վարդինե Գրիգորյանը՝ հավելելով, որ խնդրահարույց չէ, որ ԿԸՀ անդամներին ներկայացվող պահանջները համահունչ են դարձվում Սահմանադրությանը, խնդրահարույց չէ, որ ավելացվում են աշխատավարձի դրույքաչափերը. «Դա թերևս մեր գլխացավանքը չի լինելու, այլ կառավարող ուժի։ Մեզ համար էական է, որ ԿԸՀ պաշտոններ և հատկապես նախագահի պաշտոնը չզբաղեցնեն մարդիկ, որոնք կուսակցական են, ունեն հստակ քաղաքական նախապատվություն, հարմարեցնում են օրենքներն իրենց սեփական կարիքներին, ձևական են դարձնում քաղաքացիական հասարակության ու հանրության մասնակցությունը, անտեսում են ընտրական բարեփոխումների մասնակցայնության հրամայականը»։

Նախագծի ամենախնդրահարույց կետերից մեկը,Վարդինե Գրիգորյանը համարում է նախընտրական հիմնադրամների նկատմամբ վերահսկողության վերապահումը կրկին ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը. «Միջազգային կառույցները, փորձագետները, դիտորդները տարիներ շարունակ կրկնում են, որ վերահսկողությունը պիտի իրականացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից անկախ մարմնի կողմից։ Նախորդ իշխանությունները բավարարվեցին դա Օրենսգրքում ձևական ամրագրելով, չնայած բոլորի համար հստակ էր, որ ՎՎԾ-ն անկարող ու կախյալ կառույց է, որը ժամկետներից բացի ոչինչ վերահսկել չի կարող։ Անընդունելի են հեղինակների կողմից ներկայացվող փաստարկները, թե վերահսկողությունը վերադառնում է ԿԸՀ-ի ենթակայության տակ, քանի որ այն սահմանադրական և անկախ մարմին է։ Միջազգային հանձնարարականի իմաստն այն էր, որ ֆինանսական վերահսկողությունը անկախ լինի հենց ԿԸՀ-ից։ Առավել անընդունելի է, երբ բերվում է փաստարկ, թե միայն ԿԸՀ-ն է Սահմանադրությամբ օժտված ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողությամբ։ Ընտրությունների օրինականության վերահսկողությունը տարբեր բաղադրիչներով իրականացնում են տարբեր մարմիններ։ Առնվազն մանիպուլյատիվ է, որ հիմնավորմամբ նշվում է, թե առաջարկվում է «առնվազն այս փուլում» հրաժարվել ֆինանսական վերահսկողությունը ԿԸՀ-ին փոխանցելուց։ «Առնվազն այս փուլում» հրաժարվելու դեպքում կարող էր առաջարկվել հետաձգել փոխանցումը ևս մեկ տարով և նախապատրաստել ԿԸՀ-ին։ Սա կլիներ դժվար, բայց միակ տանելի լուծումը։ Ավելի ճիշտ լուծում կլիներ նախընտրական հիմնադրամների փոխարեն կուսակցության հաշիվների կիրառումը և ֆինանսական վերահսկողության մեկտեղումը, ինչպես նշեցի առաջին կետում»։

Փաթեթով առաջարկվող մնացած փոփոխությունները ներկայացվում են որպես տեխնիկական։ Օրինակ` տեխնիկական է համարվում ԿԸՀ կայքի միջոցով ներդրվող նախաքվեարկության գործիքը, որը ներքին ժողովրդավարության միջոց կարող է լինել։ Այն դեռևս չի կիրառվել և ըստ այդմ, բանախոսի կարծիքով, դրա հետ խնդիրը չէր կարող բացահայտված լինել. «Տեխնիկական են երևի նաև թափանցիկության մնացած գործիքները՝ դիտորդների ու ԶԼՄ-ների գրանցման արդյունավետ համակարգերը, սկանավորված քաղվածքների հրապարակումը, մատչելիության ապահովման երաշխիքները, բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի ներկայացվածության քվոտայի նվազեցումը և այլ՝ բացարձակապես ոչ տեխնիկական հարցեր։ Հեղինակները վերջում նշում են, որ հաշվի են առել քաղհասարակության կարծիքներն ու դիտարկումները։ Եթե դրանք հաշվի առնվեին, հեղինակներն այդքան հապճեպ չէին շրջանառի այս փաթեթը, այլ կառանձնացնեին իրապես հրատապ հարցերը, կվերագնահատեին նախատեսված լուծումների արժանիքներն ու թերությունները»։

Հրատապ նախագիծը, ըստ բանախոսի, պիտի անդրադառնար միայն մի քանի հարցի

1.ԿԸՀ անդամներին ներկայացվող պահանջներ,

2.ՏԻՄ համամասնական ընտրությունների ժամանակ բազմակի քվեաթերթիկների կիրառում,

3.ՏԻՄ համամասնական ընտրություններում կանանց քվոտայի իրական երաշխավորում

4.Համայնքապատկան գույքի օգտագործման հավասարության ապահովում և համայնքային բյուջեի չարաշահման բացառում

5.Ոստիկանության պարտականությունների ընդլայնում օրենքի խախտմամբ փակցված պաստառների վերացման առումով, քանի որ ՏԻՄ ընտրություններում հատկապես ակնհայտ դարձավ, որ այդ խախտման կատարողն ու շահառուն հենց համայնքային իշխանություններն են, որոնք իբր պիտի ապահովեին այդ խախտման վերացումը։

 

Բայց նույնիսկ վերոնշյալ հարցերը նա այնքան հրատապ չի համարում, որ քննարկվեն այս ռեժիմով։ Առաջարկվող փաթեթի հեղինակները Վարդինե Գրիգորյանի կարծիքով, պիտի ուղղակի հրաժարվեն նման գործելաոճով փոփոխություններ պարտադրելուց։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930