«Եթե պատգամավորի լիազորությունները դադարեցվում են, ապա մանդատը փոխանցվում է տվյալ ցուցակի հաջորդ թեկնածուին։ Եթե հերթական հաջորդ թեկնածուն ներկայացնում է սահմանված կարգով ինքնաբացարկ, ապա մանդատը փոխանցվում է այն թեկնածուին, որը հաջորդն է և ինքնաբացարկ չի ներկայացրել։ Հետևաբար, խմբակցությունը, որն արդեն ունի անվանում ԱԺ-ում, հանդես է գալիս այդ անվանմամբ, այդ անվանումը շարունակում է։ Իսկ ցուցակը, որը նրանք ներկայացրել են նախապես, այդ ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին տրամադրվում է մանդատն ըստ Ընտրական օրենսգրքի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն՝ անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելուց հետո տեղի ունեցող գործընթացին:
Ընտրական օրենսգիրքն, ըստ Տիգրան Մուկուչյանի, նախատեսում է հետեւյալ կանոնակարգումը՝ եթե ընտրական ցուցակում այլևս չկա թեկնածու, որին կարող է փոխանցվել այդ մանդատը, ապա այդ դեպքում մանդատը մնում է թափուր. «Խմբակցությունը բնական է, ինքը ԱԺ կանոնակարգ օրենքով ունի իր իրավունքները, ազատ է իրականացնելու իր իրավունքները։ Ստանալով լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն, ԿԸՀ-ն մեկշաբաթյա ժամկետում, եթե լինում են ինքնաբացարկի դիմումներ, քննում է, եթե չի լինում, ապա մանդատը միանգամից փոխանցվում է հերթական հաջորդ թեկնածուին»:
Հարցին՝ եթե ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները վայր դնեն մանդատները, խորհրդարանում քաղաքական ճգնաժամ չի՞ առաջանա, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Եթե ընտրական ցուցակի բոլոր հաջորդ թեկնածուները, ենթադրենք, դնում են իրենց մանդատները, ապա արդյունքում այդ մանդատը թողնվում է թափուր՝ չի փոխանցվում որևէ այլ անձի։ Եթե խորհրդարանում կա մեկ խմբակցություն, որը ունի 50 տոկոսից ավելի պատգամավորներ, ապա խորհրդարանը շարունակելու է աշխատել այդ մեկ խմբակցությունով։ Ընտրություններից հետո մանդատների բաշխում տեղի է ունենում մեկ անգամ, հետագայում որևէ մարմին իրավասություն չունի որևէ հիմքով պայմանավորված մանդատների վերաբաշխում իրականացնելու կամ նոր մանդատներ տրամադրելու»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ