«Ի սկզբանե պարզ էր, որ նախ չկա այդ քաղաքական կամքն՝ իրականացնելու վեթինգ, ամենավատը չկար նաև գիտակցում դրա անհրաժեշտության վերաբերյալ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Դատաիրավական համակարգի բարեփոխումներ, որոնք այդպես էլ տեղի չեն ունենում. ինչո՞ւ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:
Ըստ նրա՝ չկային նաև բավարար կարողություններ, ռեսուրսներ այդ ամենի անհրաժեշտությունը ճիշտ մատուցելու, գնահատելու համար: Հասմիկ Հարությունյանի համոզմամբ՝ եթե գնայինք այդ ճանապարհով, խոսքը պիտի լիներ դատաիրավական, քննչական մարմինների, դատախազության մասին. սկսվեր մի կետից և ներառեր ողջ հանրային ծառայությունների ոլորտը:
Անդրադառնալով այն փաստին, որ օրեր առաջ Ռուբեն Վարդազարյանն աղմկահարույց ձայնագրություն հրապարակեց ԲԴԽ նախագահի գործող պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման զրույցից՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը պահանջել է հրաժարական տալ, պահանջը փոխանցվել է Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի ժամանակ, եւ իրեն սպառնացել են՝ «ընտանիք ունես, երեխաներ», Հասմիկ Հարությունյանն ասաց. «Հայտնի ձայնագրությունը, այլ գործընթացներ ստեղծել են մի իրավիճակ, որ, ցավոք, այլևս մեծ հաշվով չենք էլ զարմանում, քանի որ յուրաքանչուր հաջորդ զարգացում իր սանդղակով ավելի բարձր է լինելու: Այնպիսի կետի են հասցրել, որ ՀՀ-ում այլևս չենք էլ զարմանում, դրական ակնկալիքներ էլ չկան պաշտոնատար անձանցից: Այն ամենը, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, 2018-ից հետո տրված խոստումների, դրանց չիրականացման և տապալումների՝ ի դեմս նաև վեթինգի պատճառով է, որը դեռ շարունակություն է ունենալու»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ-ում այդպես էլ չի ստացվում բարեփոխել դատաիրավական ոլորտը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Չի էլ ստացվելու, որովհետև բոլոր ժամանակներում, եթե իշխանությունը փորձում է իշխանություն պահել ոչ թե արդյունավետ աշխատանքի, այլ ուղղակի իշխանության մնալով՝ դատաիրավական համակարգի օժանդակությամբ, բնականաբար, այդ համակարգը չի կարող լինել անկախ: Այսինքն՝ այսօր և անկախության տարիներից սկսված ՀՀ-ում իշխանության ամրապնդման կարևորագույն գրավականներից մեկը եղել է հենց իրավական համակարգը, որի միջոցով եղել են քաղաքական նշանակումներ, այսօր էլ այդ գործընթացը շարունակվում է: Սա նշանակում է, որ հույս դնել տարբեր ժամանակներում առանձին դրվագների վրա, բարձրաձայնել դրանց մասին, դրանից որևէ երևույթ չի փոխվում: Այնքան են խեղվել արդարության և արդարադատության պատկերացումները, որ առավելապես կենտրոնանում ենք ոչ թե ձևի, այլ բովանդակության վրա: Հանրահայտ ձայնագրության հետ կապված քննարկվում է այն հարցը, թե ով է ձայնագրել: Բնականաբար, ձայնագրում են նրանք, որոնք ունեն տեխնիկական հնարավորություններ: Ես որևէ կերպ անակնկալի չեմ եկել: Պարտադիր չէ, որ ձայնագրություն լսենք, որ պատկերացնենք՝ ինչ է: Ձայնագրության մասնակիցն ուղղակի բարձրաձայնում է, որ երկրի իրավիճակն այսպիսին է և խորհուրդ եմ տալիս այս գործողությունները կատարել: Պարսավելի արարքը շատ ավելի վերաբերում է արդարադատության միջամտությանը, քան տղամարդավարի պահվածքին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոն»-ի