Նորզելանդական կարագի գինը 4692 դրամից իջել է 4400 դրամի, «Անկոր» տեսակի կարագի գինը եւս նվազել է` 5038-ից իջել է 4691 դրամի: Այսօր այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Նա լրագրողների հարցերին պատասխանեց կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՝ անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած որոշ ապրանքների գնանկումներին: Ասաց, որ գնանկումը սկսել է տեղի ունենալ մարտ ամսից եւ այն պնդումները, որ դոլարի փոխարժեքի նվազման հետեւանքով գները չեն նվազել, իրականությանը չեն համապատասխանում:
Ըստ ՄՊՀ ղեկավարի՝ հանձնաժողովը չի զբաղվում գների կարգավորմամբ, ներկայացնում է այն ապրանքները, որտեղ կան կենտրոնացվածություն եւ գերիշխող դիրքեր ունեցող սուբյեկտներ. «Ես չեմ բացառում, որ կլինեն ոլորտներ եւ տնտեսավարողներ, որոնք չարաշահումներ կանեն: Այդ դեպքերում գործընթաց ենք գեներացնում։ Մեր համակարգը միացրած է ՊԵԿ-ի ՀԴՄ-ների համակարգին, ձեր կողմից գնում կատարելուց հետո, այդ գինը մեր համակարգը ավտոմատ ստանում է, այստեղ մարդկային գործոն չկա»,-ասաց նա:
Գեղամ Գեւորգյանը նաեւ նշեց, որ կարագի շուկայում, օրինակ, գերիշխող դիրք է զբաղեցնում «Ալեքս հոլդինգը»:
Բենզինի եւ դիզելային վառելիքի գներից խոսելով՝ Գեղամ Գեւորգյանը նշեց, որ Իրանը վերջին շրջանում դիզվառելիք եւ բենզին չի վաճառում արտաքին շուկաներում, իսկ դիզվառելիքի եւ բենզինի մեծ մասը Հայաստան է ներկրվում Ռուսաստանի Դաշնությունից։ Ասաց, որ դիզվառելիքի գների վրա ազդում է ոչ միայն դոլարի փոխարժեքը: «Դիզվառելիքի բորսայական արժեքն ամբողջ աշխարհում էապես բարձրացել է»,-ասաց պարոն Գեւորգյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ