ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում ասաց. «Քանի որ խոսել եմ բժիշկների հետ, կուզեի խոսել Նիգավանի վենդետայի մասին: Երբեւէ չեմ փորձել արդարացնել «Հարսնաքարը» կամ որեւէ այլ բռնություն: Հանեք իմ ելույթները «Հարսնաքարի» եւ իմ լրագրող եղած ժամանակ «Պապլավոկի» դեպքերի իմ մեկնաբանումները: Երբեւէ չարդարացնելով եւ դատապարտելով բռնությունը, հիմա հարց ունեմ իրավապաշտպաններին: Բա հիմա ինչի՞ եք լուռ:
Ես ներողություն եմ խնդրում տարիներ առաջ իմ արած մի հայտարարության համար, երբ ասացի, որ Հայաստանում երկու ինստիտուտ է կայացած. քաղաքացիական հասարակություն եւ մամուլ: Հիմա ներողություն եմ խնդրում առաջին հատվածի համար: Փաստորեն, քաղաքացիական հասարակությունը «կայացած» էր նախորդ իշխանության դեմ գործելու, սեփական երկրի վրա «դանոսներ» գրելու համար: Քաղաքացիական հասարակությունը «կայացած» էր Բրիտանիայի, ԵՄ եւ Միացյալ Նահանգների դեսպանատան փողերով սեփական երկիրը պղծելու, սեփական երկիրը Ադրբեջանի համար սեփական օրակարգի մսաղացի մեջ աղալու համար: Չէ, դուք քաղաքացիական հասարակություն չեք եղել»։ Հավելեց՝ «Այլապես, ձեզանից մեկ ձայն կլսվեր բառացիորեն գնդակահարության մասին, որ Նիգավանի սպանդը եղել է բացառապես քաղաքական նպատակներով, եւ երբ Նիկոլի դասարանցի ոստիկանապետը շտապում էր առանց քննության հայտարարություն տարածել եւ ի սկզբանե բացառել քաղաքական վարկածը:
Նորից եմ կրկնում. սպանդը եղել է բացառապես քաղաքական: Վեճը ծագել է դեռեւս մեկ օր առաջ, որը շարունակվել է Ապարանից դուրս Նիգավան տարածքում: Եվ «Վինչեստերով» ուղղակի գնդակահարել են մարդկանց, որոնք հայհոյել են Նիկոլին: Գնդակահարել են դաժանությամբ: Ես խոսել եմ բժիշկների հետ: Մահացածի գլխից հանել են մի քանի փամփուշտ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ