«Առանց հասարակական ճգնաժամը լուծելու` քաղաքական ճգնաժամը լուծելու փորձերը ձախողվելու են։ Երեք տարի առաջ ունեինք երեք մարտահրավեր՝ լինելիություն, ինքնության պահպանում, պարտության մեջքը շտկելու մարտահրավեր։ Երեքն էլ չլուծվեցին արտահերթ ընտրություններով։ Ավելին՝ խորացավ մեկ այլ երեւույթ, որը ներկայի հիմնական խնդիրն է։ Չեմ ուզում վիրավորական արտահայտություններ ասել, բայց երբ ազգը վերածվում է ամբոխի, ապա իր հետ կարող է տեղի ունենալ ցանկացած բան»,-«Հայկական օրակարգ․ 2021թ․-ի խորհրդարանական ընտրություններից 1 տարի անց» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։
Սպարտակ Սեյրանյանի բնորոշմամբ․ «Նա, ով ուզում է ցանկացած բան անել, թիվ մեկ խնդիր է դնում ազգին վերածել ամբոխի։ Թող որեւէ մեկը չվիրավորվի։ Շատ զարգացած պետություններ ունեցել են դրվագներ, երբ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ազգը ժամանակավոր վերածվել է ամբոխի։ Վերջին մեկ տարում տեղի ունեցավ ամենավատը։ Իշխանությունն ամեն օր խորացնում է հասարակական ճգնաժամը, հանրության պառակտվածությունը, ատելության դոզան։ Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ հանրությունը գտնվում է քաղաքացիական սառը պատերազմի պայմաններում։ Ամեն փոքրիկ նշույլ միանգամից քաղաքական բախումների է վերածվում։ Անհանդուրժողականության դրսեւորման էտալոնը գործող իշխանությունն է»։
Ըստ Սպարտակ Սեյրանյանի՝ այս մեկ տարում ոչ միայն չի եղել գաղափարների մուտքագրում, այլեւ ամեն ողջամիտ առաջարկ ընդունվել է սվիններով․ «Ստացվում է, որ երկիրն ու մարդիկ դեռ մնացել են 2021թ․-ում, «պաուզա» են վերցրել։ Վաղ թե ուշ լինելու է իշխանափոխություն՝ արտահերթ ընտրություններով կամ ժամանակավոր կառավարությամբ։ Իշխանությունն անպայման կփոխվի, բայց հասարակական առկա տրամադրությունները․․․հասարակությունը կոտրված, թշնամացած է․ ոչ երնեկ այն իշխանությանը, որը գալու է։ Ով էլ գա՝ ամենացանկալի եւ լավ ծրագրերով, միեւնույնն է, կարիք է լինելու հասարակական աջակցության։ Եթե այսօր մարդիկ երեխաների ապագան այլեւս երկրի հետ չեն կապում, դժվար է մարդկանց մոբիլիզացնել որեւէ կառուցողական գաղափարի շուրջ։ Այս ընթացքում մեկ այլ սարսափելի բան է եղել եւ խորանում է։ Մի բան է, երբ դաշնակից ես փնտրում՝ զարգանալու համար, մեկ այլ բան է, երբ դաշնակից ես փնտրում՝ գոյությունդ պաշտպանելու համար։ Հասարակական տրամադրությունը հասել է նրան, որ մարդիկ ուզում են լինել մի պետության հետ, որպեսզի չկոտորվեն»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ