ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Վահրամ Դումանյանը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին ներկայացրել է կրթության բոլոր աստիճաններում կրթական բարեփոխումների համակարգը:
«Ես վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը և քննարկումները կլինեն հետաքրքիր ու արդյունավետ: Մենք շատ ենք կարևորում Համաշխարհային բանկի դերը՝ ի դեմս Հայաստանի գրասենյակի, Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում»,- նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով Կարոլին Գեգինատին ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար:
Կարդացեք նաև
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն իր հերթին նշել է, որ մարդկային կապիտալի զարգացումն իրենց հիմնական առաջնահերթությունն է, այս առումով մեծ դեր է տրվում որակյալ ու մրցունակ կրթությանը:
Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ բուհական համակարգի գործունեության գործիքների թվայնացման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀԲ աջակցությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերը: Անդրադարձ է եղել աշխատանքային մի շարք խնդիրների:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ