Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են»․ Իվետա Տոնոյան

Հունիս 23,2022 17:34

«Ակտիվ կամ պասիվ լինելու գնահատականները կարող են սուբյեկտիվ լինել։ 15 տարի երկրի քաղաքական կյանքում լուրջ դեր ունեցող ուժն առաջին անգամ արտախորհրդարանական ուժի կարգավիճակում է հայտնվել, եւ իրավիճակի վերլուծության, անելիքների նախանշման կարիք կա՝ վերաիմաստավորման եւ առաջ շարժվելու համար»,-«Հայկական օրակարգ․ 2021թ․-ի խորհրդարանական ընտրություններից 1 տարի անց» խորագրով քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով հարցին, թե այս մեկ տարում ինչո՞ւ է ԲՀԿ-ն պասիվ ներքաղաքական դաշտում՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ այս մեկ տարում ԲՀԿ-ն աշխատել է արտախորհրդարանական ուժի կարգավիճակում, առաջնային օրակարգում է պահել խնդիրների արձանագրումը, վտանգների բարձրաձայնումը․ «Այդ գործընթացն այս ընթացքում չի կասեցվել, բայց զուգահեռ նոր ասելիքով հանդես գալու քննարկումներ են եղել։ Եթե ուզում ենք ընտրությունների հետեւանքները վերլուծել, ապա հիշենք, թե ինչ պայմաններում եղան դրանք, ինչ հոգեվիճակում էր հանրությունը։ Այդ ժամանակ ընտրությունների անցկացումը թվում էր քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միակ խելամիտ միջոց։ Նման հույս կար, սակայն փորձը ցույց տվեց, որ ընտրությունները չլուծեցին ճգնաժամը։ Համավարակի եւ պատերազմի հետեւանքների պայմաններում եղան ընտրությունները, երբ հանրության մեջ կար ատելության գերդոզավորում։ Ուստի ընտրությունները չէին կարող անցնել նախընտրական ծրագրերի պայքարով։ Նախընտրական քարոզարշավն առավելապես նման էր դեմագոգիայի եւ պոպուլիզմի արշավի»։

Իվետա Տոնոյանը փաստեց՝ ընտրություններն ամրագրեցին, որ հանրության ճնշող մեծամասնությունն անտարբեր է երկրին սպառնացող վտանգների հանդեպ․ «Այսօրվա խորհրդարանը չի արտացոլում հանրային տրամադրությունները։ Գործող իշխանությունների թերացման բուն պատճառներից մեկը, ի թիվս այլ սխալների, այն է, որ անհաղորդ է իր թիմին չպատկանող մարդկանց ազդակների հանդեպ, որոնք գուժում են երկրի սպառնալիքների մասին։ Գագիկ Ծառուկյանը դեռ 2020 հունիսին էր ահազանգում սպառնալիքների մասին՝ Արցախի անվտանգություն, տնտեսական սպառնալիքների մասին։ Մեկ տարի անց որքան էլ փոքր է հույսը, որ հերթական արտահերթ խորհրդարանական ընտրությունները փոփոխություն կբերեն քաղաքական ճգնաժամի լուծման հարցում, այնուամենայնիվ, արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են։ Դա միանշանակ չի լուծի ճգնաժամը, գուցե նորից կարիք լինի նոր ընտրությունների, մինչեւ ձեւավորվի այնպիսի կառավարություն, որը կարող է ապահովագրել երկիրը սպառնալիքներից»։

Իվետա Տոնոյանը տեղեկացրեց՝ ԲՀԿ-ի շփումները հանրության շերտերի հետ անկախ ամեն ինչից ամենօրյա բնույթ ունեն․ «Ազդակները դրական չեն, ցավոք։ Մեկ տարում դրական դինամիկայի մասին չենք կարող խոսել։ Եթե մեկ տարի առաջ մարդիկ հույսեր էին տածում իշխանության հանդեպ, ապա հիմա դա չկա։ Այսօր թիվ մեկ մտահոգությունն այն է, որ մարդիկ միայնակ են մնացել իրենց խնդիրների հետ, չեն զգում պետության հոգածությունը՝ սկսած գյուղացիներից։ Ամենօրյա ռեժիմով ահազանգեր ենք ստանում սոցիալական անհաղթահարելի խնդիրների, բերքի իրացման, սահմանային անվտանգության հարցերի մասին։ Մարդկանց գնահատմամբ՝ չորս տարում իշխանությունը չազատվեց «նոր լինելու» սինդրոմից եւ երկիրն աչքաչափով կառավարելու մոտեցումից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930