Ռուսաստանի կառավարությունը հունիսի 20-ին որոշում է կայացրել բացել Վերին Լարս անցակետի մաքսային ձեւակերպման երկրորդ գոտին: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա հայտնեց, որ անցակետի թողունակությունը 30 տոկոսով բարձրացվելու է եւ ներկայիս 400-450-ի փոխարեն՝ օրական 600-700 մեքենա կանցնի։
«Իմանալով անցակետում արագ փչացող ապրանքների խնդրի մասին՝ Հայաստանի իշխանությունները վրացի գործընկերներին խնդրել էին ծաղիկները եւ ձուկը ներառել արագ փչացող ապրանքների կարգում, որպեսզի փոխադրողները կարողանան արտահերթ մոտենալ «Վերին Լարս» անցակետին։ Սակայն առայժմ տեղեկություն չկա այն մասին, որ այդ փոփոխությունը կատարվել է, այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով, բազմաթիվ տնտեսվարողներ կրել են վնասներ. «Մենք նրանց հետ աշխատում ենք։ Եթե տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտները կարողանան շահույթով դուրս գալ, ապա մենք ներկա վնասները կգնահատենք որպես բիզնես-ռիսկ, իսկ եթե տեսնենք, որ խնդիրն ավելի խորն է, ապա կմշակենք օժանդակության ծրագրեր։ Այս պահին աշխատում ենք շտկենք այդ իրավիճակը: Այդ ռիսկերը գոյություն ունեն արդեն 30 տարի։ Մենք ամեն բան անում ենք, որպեսզի վերացնենք դրանք եւ բարձրացնենք լոգիստիկ կապերի մակարդակն արտաքին աշխարհի հետ»։
Վահան Քերոբյանը նաեւ հայտնեց, որ եվրոպական շատ ընկերություններ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ, պատժամիջոցներ կկիրառի նաեւ նիդեռլանդական APM Terminals Poti-ն՝ որպես խոշոր նավագնացային ընկերություն։ Դրանով էլ պայմանավորված են Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան բեռնանավային փոխադրումների մեկնարկի ուշացումները. «Հիմա մենք բանակցություններ ենք վարում, որպեսզի մեր բեռնանավերի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեն։ Նման իրավունք չկա։ Ամեն ինչ պատրաստ է, մնում է ստանալ վերջին թույլտվությունը»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Աշոտ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։ «Կառավարությունն ինձ կհուշի՞.. Ծաղիկներս ում նվիրեմ, թոռոմել են առանց Լարս»,– լուսանկարները մակագրել է նա։