«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառմանը, որով նա Հայաստանի ու Արցախի ղեկավարներին ահազանգում եւ կոչ է անում՝ չհամարձակվել քննարկել Բերձոր քաղաքով անցնող ներկա միջանցքի փոփոխության որեւէ տարբերակ, որը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախը Հայաստանին կապող միակ երաշխավորված տարբերակն է, ասաց. «Կոչս ուղղում եմ ընդդիմությանը: Գործընկերներ, եթե ուզում եք, որ ձեր քայլերն իսկապես ՕԳԳ ունենան, ես առաջարկում եմ, օրինակ, վաղը նախատեսված հանրահավաքը ամբողջությամբ տեղափոխել Բերձոր: Ես՝ ձեզ հետ միասին: Մեր քաղաքական եւ բարոյական առաջնագիծը այսօր պետք է լինի Բերձորում: Այսօր առավոտյան ֆրանսիացի իմ գործընկերները, կարծեմ, դուք էլ եք տեսել այն կադրերը, ինձ ուղարկել են այն ասֆալտապատ ճանապարհի նկարները: Վաղը չէ մյուս օրը Ալիեւը ավարտում է Բերձորը շրջանցող ճանապարհի ասֆալտապատումը: Եվ եթե ձեզ թվում է, թե այդ ճանապարհը սարքում է ձեր համար, մեր համար, որ մենք Բերձորը եւ Աղավնոն շրջանցելով գնանք Ստեփանակերտ, խորապես սխալվում եք: Այդ ճանապարհը ասֆալտապատվում, պատրաստվում է Սյունիքը զավթելու համար:
Ես հիմա դիմում եմ խորհրդարանական ընդդիմությանը: Երեւանի փողոցներում քայլելու բան չկա: Մենք բոլորս միասին, ես գնալու եմ՝ անկախ նրանից, դուք կգաք, թե չեք գա, ես գնալու եմ: Որովհետեւ հիմա մեր առաջնագիծը պիտի լինի Բերձորը: Շատ ճիշտ է, որ ըստ տեղեկությունների, «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմը» հիմա Արցախում են: Եվ ոչ թե, երբ Բերձորը հանձնվի ավարտվի, հրատապ միտինգ հրավիրեք այդ կապակցությամբ: Ոչ:
Երբ կոչ եք անում, որ պատգամավորները պետք է կենդանի պատ կազմեն, հիմա մենք բոլորս միասին պետք է կենդանի պատ կազմենք Բերձորում, որովհետեւ օրերի ընթացքում Բերձորում եւ Աղավնոյում բարձրանալու է Ադրբեջանի դրոշը: Ավելին, ինձ շատ տխուր տեղեկություն են փոխանցել, որ Բերձորում սկսել են ապամոնտաժել էլեկտրական լարերը: Այսինքն, ըստ էության, քաղաքը պատրաստում են էվակուացիայի, քաղաքը պատրաստում են հանձնելու: Եվ էլի մի քանի մարդիկ իրենց տները կայրեն: Ես չեմ ուզում տեսնել այդ տեսարանը, թե ինչպես Բերձորում եւ Աղավնոյում մարդիկ, որպեսզի իրենց տունը չհասնի թուրքին, կվառեն իրենց տունը եւ քոչվորի նման գաղթի ճանապարհը կբռնեն:
Կրկնում եմ: Երեւանում դադարեցրեք այդ քայլերթները: Ես ցանկացած մարտավարություն կարող եմ հասկանալ: Բայց կրկնում եմ: Մեր առաջնագիծը հիմա Բերձորում է: Եվ Նիկոլի, տարբեր քաղաքական ուժերի հղումները, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հուշագրով դա այլեւս հանձնված է եւ մենք ոչինչ անել չենք կարող, հավաքվեք Հանրապետության հրապարակում, Հայաստանում եւ Արցախում բոլոր պետական հաստատությունների վրայից իջեցրեք պետական դրոշները եւ ով ուզում է՝ ծնկաչոք հանձնվեք: Բայց ոչ: Հանձնվելով չի լինելու:
Կարդացեք նաև
Այս խոսքն ուղղված է նաեւ ընդդիմությանը: Բավական է սպասենք, թե ինչ կասեն: Ժամանակին սպասում էինք, թե Տրապիզոնից ինչ կասեն, հետո՝ Բրյուսելից: Հիմա էլ սպասում ենք, թե «Ճ» կլասի չայ եւ փողի աշխատասենյակից ինչ կասեն, որպեսզի ընդդիմությունն անցնի առավել առարկայական գործողությունների: Եվ նորից՝ մի վրդովվեք քննադատությունից: Ես ձեզ ինքնանպատակ չեմ քննադատում: Երբ ձեր սխալը չեն քննադատում, դուք սխալն անում եք սխալի հետեւից: Ես չեմ ուզում, որ այդպես լինի, որովհետեւ Նիկոլը եւ նիկոլականությունը հանձնել է Արցախը եւ հիմա հանձնելու է Հայաստանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ