«Մեկ տարի առաջ հասարակությունից 680 000 մարդ քվեարկեց այն ուժի օգտին, որը մեզ բերեց պատերազմ։ Ավելի մեծ հատված մնաց տանը։ Չկարողացանք կամ չուզեցինք հասկանալ աղետի ծավալները։ Քվեարկածներից էլ ավելի մեծ զանգված վախեցավ անկեղծ լինել ինքն իր հետ եւ հասկանալ, թե ինչ կատարվեց։ Հանրային գիտակցության մեջ է պետք հեղափոխություն անել, բացատրել կատարվածը։ Սա պատմական աղետ է, որից պետք է փորձել դուրս գալ»,-«Հայկական օրակարգ․ 2021թ․-ի խորհրդարանական ընտրություններից 1 տարի անց» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։
Նրա գնահատմամբ՝ ընտրությունների արդյունքում ստացանք մեկ հոգու օրենսդիր եւ գործադիր թիկնազոր․ «Այս ԱԺ-ն մեկ հոգու թիկնազոր է՝ օրենսդիր եւ գործադիր, ու այլ գործառույթ չունի։ Մինչեւ այդ դատաիրավական թիկնազոր էր ձեւավորվել, եւ վերջին օրերին դա ձայնագրության տեսքով փաստվեց։ Իշխանության թեւերը սպասարկում են մեկ հոգու անձնական շահը։ Դրա համար էլ այսօր ՀՀ-ում ոչ մի գործ չի արվում, ոչ մի բարեփոխում ու առաջընթաց չկա։ Ընտրություններից հետո ունենք ծայրահեղ արտաքին ռիսկեր, որոնք հանրությունը չի ընկալում։ Ներքին ռիսկերը, տնտեսական հարցերը եւս ոչ մեկին չեն հետաքրքրում»։
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ այսօր հասարակությունը բզկտված է եւ ունակ չէ լուրջ հաջողությունների․ «Նման բարիկադավորված հասարակություններով պետությունները չեն կարող խնդիրներ լուծել։ Սա դատավճիռ չէ, եւ սրա մասին պետք է բաց խոսել։ Ի՞նչը չի հաջողվում մեզ։ Մենք չենք կարողանում գտնել հանրությանը ճիշտ կոմունիկացնելու մեխանիզմները։ Այդ 680 000-ն արդեն չկա, դա ակնհայտ է։ Դա փաստում են սոցիոլոգիական հարցումները, անմիջական շփումները։ Տանը մնացած 800 000-ի անտարբերությունն արդեն տեղից շարժվում է, սկսել է փոխվել, շատերն են անհանգիստ եւ հասկանում են ռիսկերը»։
Թե ինչ պետք է արվի այս իրավիճակում, Վահե Հովհաննիսյանի խոսքով, պետք է մեղմել կուտակված ներհասարակական չարությունը․ «Լուծման բանալին միջընտրազանգվածային երկխոսության մեջ է։ Այս մարդիկ բարիկադներով եւ սեւ ժապավեններով եկան իշխանության 2018թ․-ին, եւ դրա հակաթույնն այդ բարիկադների եւ սեւ ժապավենների բացառումն է։ Որքան էլ դժվար է, բայց պետք է կարողանանք իրար տեսակետները լսել, հարգել ու գտնել համատեղ լուծում։ Փոքր պետություն ենք՝ լուրջ ռիսկերի առաջ։ Երկրորդ, այսօր ակնհայտ է, որ նման կառավարմամբ ՀՀ-ն գնալու է նոր աղետի։ Կամ սպասում ենք, կամ կառավարումը մեր ձեռքը վերցնում։ Դրա համար պետք է նոր ասելիք։ Հնով ու նույն ձեւակերպումներով չի ստացվում։ Նոր տեսակետներ, նոր լուծումներ ու քաղաքական հոսանքներ են պետք։ Լուսնից իջածներին նկատի չունեմ, տարբեր սերունդների գիտելիքներ ու փորձ կան։ Մենք պարտավոր էինք փակել պարտության էջը, բայց չարեցինք, եւ դա հնարավոր է միայն նոր իշխանության պարագայում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ