Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Մարտիրոսյան. «Հայկական վերածննդի երաշխիքը առաջադեմ, կրթված ու նախաձեռնող սերունդն է»

Հունիս 23,2022 16:40

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին և պատասխանել համաժողովի ձևաչափով ընտրված հարցերին:

«ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին ներկա են եղել նաև Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցներ, դպրոցների տնօրեններ, ծնողներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և կարևորել «Դասավանդի՛ր, Հայաստանի» գործունեությունը՝ կրթական համակարգի խնդիրների վերհանման ու հնարավոր լուծումների նախանշման տեսանկյունից:
Անդրադառնալով կրթական համակարգում փոփոխություններ կատարելու, միաժամանակ ավանդույթները պահպանելու վերաբերյալ հարցին՝ Արթուր Մարտիրոսյանն ասել է. «Մենք ունենք մշակույթի վերարտադրության, պատմական կրթական ավանդույթներ և այդ առումով առանձնանում ենք աշխարհի երկրների հանրույթում: Մյուս կողմից՝ ժամանակակից կրթական համակարգը, որը Խորհրդային Միության ժամանակ է զարգացել, մասամբ ուղղորդված էր, մասամբ՝ մեր ստեղծածը, և այսօր կարիք ունի բարեփոխվելու: Հայաստանի անկախ հանրապետությունը կրթական համակարգի կարևոր խնդիրն է ձևավորել այն քաղաքացուն, որը պատրաստ է տեր կանգնել պետականությանը, զարգացնել և ուժեղացնելու այն»:
Ըստ փոխնախարարի՝ գերատեսչության թիվ մեկ խնդիրներից մեկը լավ տվյալներ ունենալն է, որը բերում է համակարգի կառավարելիության, հաշվետվողականության բարձրացմանը, և իհարկե, տեղեկացված որոշումների ընդունմանը: Մարտիրոսյանը շեշտել է՝ մենք գտնվում ենք ակտիվ բարեփոխումների փուլում, որտեղ կարևոր է ունենալ համադրելի տվյալներ:

Համակարգային փոփոխությունների, կրթական ոլորտում կատարած աշխատանքների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է. «Կրթական համակարգին պետական բյուջեի հատկացումների տեսանկյունից երբևէ այսքան մեծ ուշադրություն չի դարձվել: Ապրում ենք պատմական մի շրջանում, երբ փոխվում են հանրակրթական չափորոշիչները, առարկայական ցանկը, տնօրեններին ավելի մեծ ճկունություն է տրվում՝ հասնելու սահմանված վերջնարդյունքներին, ինչը պահանջում է բանիմացություն, նորարար մոտեցում, թիմային աշխատանք»: Փոխնախարարը հավելել է, որ նախարարությունը բոլոր գործընթացները ուշադրության կենտրոնում է պահում և խիստ թափանցիկ է համակարգային ցանկացած խնդրի քննարկման համար:

Այս առումով Արթուր Մարտիրոսյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի՝ որպես զարգացման գործընկերոջ դերը ոչ միայն ֆինանսական, այլև փորձագիտական աջակցության առումով:

Համաժողովի շրջանակում քննարկվել են հասարակական կազմակերպությունների դերին ու առաքելությանը, դրանց արդյունավետության բարձրացմանը, նպատակային գործունեությանը վերաբերող հարցեր: «Ժողովրդավարական երկրներում որոշումները կայացվում են երկխոսությունների միջոցով՝ նաև ներգրավելով քաղաքացիական հասարակությանը: Հետևաբար բոլոր ոչ պետական կառույցների դերը որոշումների կայացման գործընթացում տարբեր հանրությունների ձայնի լսելիության ապահովումն է»,- ասել է Ա. Մարտիրոսյանը՝ փաստելով, որ հատկապես համավարակի օրերին բազմաթիվ ՀԿ-ներ արձագանքել են նախարարության կոչին՝ աջակցելու աշակերտների կրթության շարունակականության ապահովմանը :

Ըստ փոխնախարարի` ՀԿ-ների առաքելության հաջորդը կարևոր դերը նորարարություն բերելն է՝ ստեղծելու հայկական կրթական արտադրանք, կառավարման մոդելի դրական փորձառություն, որը քննարկումների, արդյունքների վերլուծմամբ կարելի է ներմուծել ընդհանուր կրթական համակարգ:

Վերջին հարցը վերաբերում էր գալիք հայկական վերածննդին՝ երբ և ինչպես է դա լինելու ըստ բանախոսների:

«Մենք դարեր շարունակ փորձությունների միջով ենք անցել և դեռ շարունակում ենք դիմակայել մարտահրավերներին, որոնք մեզնից պահանջում են առավելագույն համախմբում, միասնական ճիգի գործադրում, ինչը կարող է լինել արդյունավետ միայն այն սերնդի հետ, որը պատրաստ է մտնել այդ մարտահրավերների դաշտ և լուծել խնդիրները: Զարգացած պետություն ունենալու համար պետք է ունենալ առաջադեմ, կրթված, պատրաստված, նախաձեռնող, հմտություններ, արժեքներ ունեցող սերունդ: Միայն այս պարագայում կտեսնենք հայկական վերածնունդը»,- խոսքն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ֆորումը եզրափակվել է մեր օրերի կրթության ջատագովների՝ ոլորտի ներկայացուցիչների՝ իրենց հաջողության պատմությունների, անցած ճանապարհի, փորձառության մասին պատմություններով:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930